Դժբախտաբար, այսօր ամբողջ հայ ժողովրդի համար ստեղծվել է մի մղձավանջային իրականություն, որի մասին գրեթե մեկ տարի առաջ անկարող էինք անգամ մտքի ծայրով անցկացնել կամ կանխատեսել իրադարձությունների նման աստիճանի ցավալի ու միանգամայն ողբերգական զարգացումը։
Հաստատվեց Մոնթեի և շատ այլ անվանի պետական ու ռազմական գործիչների և ընդհանրապես պետության ճակատագրով իսկապես մտահոգված, հայրենասեր հայ անհատների կանխատեսումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ուժով ու բռնությամբ լուծելով՝ Ադրբեջանը կանգ չի առնի և իր արյունոտ հայացքը կսևեռի արդեն Զանգեզուրի վրա, իր հայաջինջ ու ցեղասպան քաղաքականությունը կզարգացնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով նրան մեկընդմիշտ չեզոքացնել՝ որպես տարածաշրջանային գործոն, հայկական հողերի զավթումով արտամղել Հայաստանին միջազգային քաղաքականությունից և հաջորդիվ վերջնականապես ջնջել այն աշխարհի քարտեզից։
Ինչպես ցույց տվեց ժամանակն ու իրադարձությունների կտրուկ զարգացումը, դա իրատեսական վտանգ էր, դամոկլյան սուր՝ կախված հայ ժողովրդի գլխին։ Հայաստանին էլ ավելի բզկտելն ու կազմալուծելը թշնամու քաղաքականության բաղադրիչ մասերից էր և Արցախի հարցի փակումով այն մղվելու էր Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի առաջնային պլան։
30 տարվա ընթացքում Արցախյան գոյապայքարում մեր խիզախ հայրերի ու պապերի տարած փայլուն հաղթանակը, ցավոք, չամրագրվեց թղթի վրա և հետագա տարիներին երկու պետությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի հարաբերակցությունը զգալիորեն փոխվեց՝ հօգուտ Ադրբեջանի։ Ակնհայտ դարձավ, որ թշնամու կողմից հիմնականում նավթադոլարների ու «եղբայր» պետությունների աջակցության հաշվին կուտակված զենք ու զինամթերքն անմիջապես գործողության մեջ դնելու համար էր, և ոչ՝ սպառնալիքի լեզվով խոսելու համար, թեև առկա էր նաև այս գործոնը։
Կարդացեք նաև
2020թ. սեպտեմբերի 27-ին կապույտ երկնքում կայծակ երերաց. սկսվեց նոր լայնամասշտաբ պատերազմ, որը ցավալիորեն ավարտվեց Հայաստանի ու Արցախի պարտությամբ։ Ծանր մարտական գործողությունների ընթացքում մեր հազարավոր հայրենակիցներ ընկան հերոսի մահով, տասնյակ հազարավորները ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ, հարյուրավորները գերեվարվեցին ու խոշտանգվեցին։ Մեր հերոս եղբայրների հետ ընկավ նաև Հայրենիքը, որը մեզ պարտադրված ակտով պարփակվեց նախկին ԼՂԻՄ տարածքից փոքր հողակտորի վրա։
Ինչևէ, այսօր ավելի շատ ցանկանում եմ խոսել ներկայի ու ապագայի մասին։ Ստեղծված ծանր իրավիճակից կարող ենք դուրս գալ, եթե յուրաքանչյուրս մեզ համարենք հայրենիքի մի տարրը, մի մասնիկը։
Պետք է հասկանալ, որ ոչինչ այլևս առաջվանը չէ և նույն կենցաղային առօրյայով անտարբեր ապրելն առնվազն հանցավոր անգործություն է։
Մեր զոհված քաջորդիների առջև պարտք ունենք. ապրել այնպես, որ մեզ հետ, մեր սրտում ապրի ու հարատևի նաև Հայրենիքը։ Իսկ դրա համար պետք է փոխվի նախ մեր մտածելակերպն ու աշխարհընկալումը։
Ազգային գաղափարախոսության նոր հայեցակարգի մշակումն ու համակարգումը դիտարկում եմ որպես անխուսափելի գործընթաց և պատրաստ եմ դառնալ այդ բախտորոշ ու միաժամանակ բարդ գործի առաջամարտիկը։ Ինձ ճանաչողները հավատում են այդ ծրագրի իրականանալուն, իսկ ես իսկապես ունեմ իմ մտերիմների ու ընկերների և ընդհանրապես՝ հանրության լայն շրջանակի աջակցության կարիքը։
Սերունդները պետք է դաստիարակվեն մեր պատմիչների, լավագույն մտավորականների աշխատությունների, մեր ազգային էպոսի՝ Սասնա ծռերի, հայի ինքնագիտակցության մեջ վառ մնացած բանահյուսության ծալքերում թաքնված ապրեցնող, բայց դեռևս չզտված գաղափարներով։
Մենք պետք է փորձենք փոխել հայի մենթալիտետը, ստիպել նրան վերադառնալ իր ազգային ակունքներին, հավատարիմ մնալ «Հանուն Հայրենիքի» կարգախոսին, ձերբազատվել նյութապաշտությունից և գիտակցել, որ հայն այլևս ունի իր ուղեգիծը, որով ընթանալն ապրեցնելու ու բարձրացնելու է մեր ազգն ու պետությունը։ Այդ պատվաբեր ուղեգծից հրաժարվելը կամ շեղվելը որևէ արդարացում չպետք է ունենա։ Շեղվե՞լ ես, ուրեմն առնվազն պետք է պարսավանքի ենթարկվես՝ քո հայրենանվեր հայրենակիցների կողմից։
Ահա այդպիսի ընտանիք-հասարակությունն է իմ իդեալը, որն իր ներսում չի հանդուրժի դավաճանական և օտարամոլ բարքերն ու մատնացույց կանի այդ բարքերը կրողին։ Բռունցք դարձած այդ ընտանիքն աշխարհաքաղաքացի չէ, այլ՝ Հայաստանի քաղաքացի, որը չի հանդուրժի հայ ժողովրդի գոյության ու ճակատագրի նկատմամբ արտահայտված անտարբերությունը։ Հայի համար դա չպետք է դառնա բնավորության գիծ, չպետք է դառնա նյութապաշտ ապրելակերպի բաղադրիչ մաս, չպետք է դառնա իր շահը սպասարկող պարտվողական հարմարվողականության արդյունք։
Ընդհանրապես պետության գոյապահպանության վրա շատ մեծ ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական գործոնները, բայց, այնուամենայնիվ, հաղթանակում է ազգը, որը տենչում է հաղթանակի, ազգը, որը գիտի որտեղից է եկել և ուր է գնում, ազգը, որը չի հանդուրժում ո՛չ ներսի թշնամու պառակտիչ ու դավաճանական գործունեությունը, և ո՛չ էլ արտաքին թշնամու ոտնձգությունները։ Մենք պարտվել ենք, բայց չենք ծնկել, մենք դեռ կանք և ինչքան էլ մեր արդարացի իրավունքը փորձեն խեղդել արյան մեջ, կմիաբանվենք, ամուր բռունցք կդառնանք ու նորից կհաղթենք…
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակն է։ Ես գլուխ եմ խոնարհում հանուն հայոց պետականության հերոսաբար զոհված մեր քաջորդիների առջև, որոնց անձնազոհությունը դառնալու է գալիք հաղթանակի անկյունաքարը։
Հայկ Ասատրյանն ասում էր. «Իրերի տրամաբանությունը մեզ առաջնորդում է դեպի անկում։ Բայց կա նաև ոգու տրամաբանությունը, որը ճմլում է իրերի սիրտը, որը փոխում է պատմության ընթացքը»։
Անձամբ իմ պարտքն ու առաքելությունն եմ համարում՝ մեր ժողովրդի մեջ ներարկել անպարտելի ոգու տրամաբանությունը, որն իսկապես փոխելու է պատմության ընթացքը՝ մեզ համար դրական զարգացումներով։ Ազգային գաղափարախոսությունն օրակարգի հարց է, և ես բոլոր համախոհներիս հետ լծվելու եմ դրա վերհանման, համակարգման ծանր աշխատանքին։
Առայժմ կարող եմ միայն ասել, որ դու բացառիկ ես քո աննկունությամբ, հա՛յ։ Ինչքան էլ քեզ ցեղասպանել են, քշել քո հայրենիքից, տուն ու տեղից, դու կանգնել ես ու ապրել, պայքարել ես ու հաղթել…
Հավերժ փառք մեր ընկած հայորդիներին…
Հավերժ փառք գալիք հզոր ու գաղափարակիր Հայոց աշխարհին…
Կեցցե՛ անպարտելի Հայը, Հայաստանն ու Արցախը…
Կարեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Արցախի Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի միջնակարգ դպրոցի նախկին շրջանավարտ, ԱրՊՀ Իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող