Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների մեկնարկը տրված է․ սկսվեցին առաջադրումները

Սեպտեմբեր 02,2021 20:00

Այսօրվանից Գյումրիում տրվեց հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մեկնարկը․ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում սկսվեցին կուսակցությունների կամ դաշինքների ավագանու անդամների թեկնածուների առաջադրումները։

Փաստաթղթերի ներկայացման համար տրված է տաս օր, որից հետո հանձնաժողովը հնգօրյա ժամկետում կուսումնասիրի նրանց ներկայացրած փաթեթը, կհաստատի կամ էլ կմերժի։ Սեպտեմբերի 17-ն ավագանու անդամների ցուցակների գրանցման համար սահմանված վերջնաժամկետն է։

Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ օրվա ընթացքում որևէ առաջադրում չի եղել։ Ըստ հանձնաժողովի նախագահի, սովորաբար առաջադրումները լինում են վերջին օրերին։

Վերջինս, սակայն հորդորում է ավելի շուտ ներկայացնել փաթեթը, որպեսզի հնարավորություն ունենան թերությունների դեպքում կանչել թեկնածուն ու շտկել տալ։

«Ինչքան շուտ ներկայացնեն փաթեթներն, այնքան մեր ժամանակն ավելի երկար կլինի թերությունները շտկելու։ Ասենք, եթե այսօր ներկայացնեն փաթեթը, մենք էլ չենք սպասի ամիս 12-ին, կարող է թերություն լինի, փոփոխվի, մարդուն կկանչենք, կասենք՝ այս մի փաստաթուղթը չես բերել , բայց եթե ամսի 12-ին ժամը 18․00-ին ներկայացնեն փաթեթը, մենք էլ ոչ մի բան չենք կարող անել․ կամ կհաստատենք կամ կմերժենք գրանցումը», -ասում է հանձնաժողովի նախագահը։

Թե ովքեր կլինեն Գյումրու քաղաքապետի աթոռի հավակնորդ՝ գլխավորելով ավագանու ցուցակի առաջին համարը, հատուկենտ քաղաքական ուժեր են հրապարակավ հայտնել իրենց մտադրության մասին։ Հայտնի է, որ ՀՀԿ-ն ունի սեփական թեկնածուն․ ցուցակը կգլխավորի  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը։

Իշխող քաղաքական ուժը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն հայտնի է, որ նրանց քաղաքապետի թեկնածուն Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընտրություններին չի ուզում մասնակցել, նա այս պահին արձակուրդում է, բացակայում է երկրից։

Գյումրիի ճանաչված քաղաքական դեմքերից Վարդևան Գրիգորյանը մեզ արդեն տեղեկացրել է, որ չի մասնակցելու ընտրություններին, մինչ այս պահը հայտնի չէ նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության տեղի պատասխանատու Սարիկ Մինասյանի մասնակցության մասին։

Ազգային կուսակցությունների միավորումից ստեղծված «Գյումրին կռնա» դաշինքը ևս հայտարարել է իր մասնակցության մասին։ Հիշեցնենք, որ նրա անդամներից Արմեն Ներսիսյանին վերջերս քաղաքական հողի վրա կացնահարել էին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930