ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Խովաևը իրականացնում է տարածաշրջանային այց, նա արդեն բանակցություններ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում Երևանի հետ համանման շփումներն են»,- ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ Մոսկվան սատարում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացմանը՝ համաձայն ունեցած մանդատի: Նրա խոսքով՝ եռյակը կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծմանը, ինչից հետո հնարավոր կլինի անցում կատարել քաղաքական թեմաների:
Ըստ Զախարովայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Մոսկվայի ուշադրության կենտրոնում:
«Դրանք նաև կենտրոնական թեմաներ են Բաքվի ու Երևանի քաղաքականության համար, այդ թվում բարձր մակարդակով: Մեր ջանքերը կենտրոնացված են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վրա»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ առաջնահերթություն է մնում Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
https://www.youtube.com/watch?v=uViy8Siiqk8
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ