«Իհարկե, համապատասխան միջնորդությամբ հանդես կգանք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրվի այլ խափանման միջոց, որը կապված չէ ազատության հետ: Սրան հավելելու ենք 9400 ընտրողների պահանջը՝ ուղղված վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի փոփոխվի Առուշ Առուշանյանի խափանման միջոցը»,- Թեքեյան կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Նա տեղեկացրեց՝ քիչ առաջ է տեսակցել Առուշ Առուշանյանին: Այնուհետև փոխանցեց Առուշանյանի ուղերձը՝ Արցախի Հանրապետության անկախության տոնի առիթով: Առուշ Առուշանյանը հայտարարել է. «Առաջիկայում մենք տեսնելու ենք ամբողջական, հզոր Արցախը»:
Արմեն Մելքոնյանը, հիշեցնելով ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե գործող իշխանությունն արդարադատություն իրականացնող մարմիններին չի միջատել ու չի միջամտելու, նա ասաց. «Ողջունելի է, բայց դրան Նիկոլ Փաշինյանը հավելեց այն, որ արդադատություն իրականացնող մարմինները պարտավոր են ուղղակի հաշվի առնելով ժողովրդի կարծիքը որոշում կայացնել: Էս խոսքի ամենամեծ փորձությունը լինելու է առաջիկա դատական նիստին: Այստեղ՝ հենց այս ստվար հատորում է ժողովրդի կամքը: Նույն արդարադատություն իրականացնող մարմինը պարտավոր է ուղղակի սրա հետ հաշվի նստել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ