Հանրությունը քննարկում, զայրանում, քննադատում և մեղադրում է Հայաստանի իշխանությանն այն բանի համար, որ Արցախի անկախության օրը, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի մեկնել և մասնակցել միջոցառումներին։ Լավ, հարգելի քննադատողներ, ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք, թե, օրինակ ՀՀ վարչապետ կոչեցյալն ինչ երեսով պետք է մեկներ Արցախ։ Դեռ մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ Արցախ մեկնելով նա խիստ կզայրացներ Ադրբեջանի նախագահ, իր «բարեկիրթ» գործընկերոջը։
Իսկ ինչպե՞ս էր նա երևալու արցախցուն, Արցախը հանձնելուց, Արցախի խորհրդանիշ, հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին ադրբեջանական անվանելուց հետո։ Նույնը վերաբերում է իշխանական թիմի մյուս մանկուրտներին, որոնք այս ամենին հավանություն են տվել։ Եվ զարմանալի է, որ այնուամենայնիվ , նրանցից մի քանիսը երեսները պնդացրել և առանց ամաչելու մեկնել են Արցախ։
Իհարկե, վերոգրյալը չի վերաբերում ընդդիմադիր պատգամավորներին, բայց այնուամենայնիվ․․․
Այնուամենայնիվ, հարգելի ընդդիմադիրներ, եկեք խոստովանենք, որ ոչ միայն դուք, այլև մենք բոլորս դավաճանեցինք Արցախին։ Այո՛, շատերս զայրացանք, ապիկար իշխանության հրաժարականը պահանջեցինք, բայց ոչ պատերազմի օրերին, ոչ դրանից հետո վճռականություն չցուցաբերեցինք, հեռացնելու իշխանությանը և սատարելու Արցախին։
Կարդացեք նաև
Իսկ Արցախի նախագահն ասում է․ «Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել» ։
Ոչ, պարոն Հարությունյան, ձեր պաշտոնավարման տարիներին կորցրել ենք բոլոր ձեռքբերումներն ու ունեցել միայն կորուստներ։
Ավետիք Իշխանյան