Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վազքուղի, նոր հաղթանակներ. Վահրամ Դումանյանը Ռոբերտ Էմմիյանի հետ քննարկել է աթլետիկայի զարգացման հեռանկարները

Սեպտեմբեր 02,2021 17:57

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ հայտնի շվեյցարական «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

Օրակարգում եղել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցմանը և Հայաստանում մարզաձևի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Մեր երկրում միջազգային չափանիշներին համապատասխան, Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղու կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ վերջերս հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով Ռոբերտ Էմմիյանին, նշել է, որ նա բացառիկ մարզիկի և նվիրյալ քաղաքացու օրինակ է: Նախարարի խոսքով՝ Էմմիյանի՝ Հայաստանում աթլետիկայի զարգացմանն ուղղված նախաձեռնությունն ու տարիների ընթացքում այդ ուղղությամբ կատարած աշխատանքը հարգանքի ու հիացմունքի են արժանի. «Դուք բացառիկ մարզիկ եք, որը մեզ հպարտության բազում պահեր է պարգևել, և շարունակում եք հայրենանվեր գործունեություն ծավալել: Շնորհակալ եմ Ձեզ այն բոլոր ջանքերի համար, որոնք գործադրում եք Հայաստանում աթլետիկայի զարգացման նպատակով: Ուրախ եմ, որ մեր երկրում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու կառուցման աշխատանքները թևակոխել են գործնական փուլ: Նախարարությունը մշտապես պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք արվում են՝ ի շահ Հայաստանում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի մասսայականացման»:

Ռոբերտ Էմմիյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և աջակցության համար, ընդգծել է՝ վազքուղու կառուցմամբ իրականանում է իր վաղեմի երազանքը. «Երբ ես դարձա Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, մարզաձևի միջազգային կառույցը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանում նոր վազքուղու կառուցման հարցում: 10 տարի սպասում էինք աշխատանքների գործնական փուլին, այդ ընթացքում բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ եղան: Շնորհակալ եմ Ձեր գործուն աջակցության և այս ծրագիրը վերջապես կյանքի կոչելու համար: Ի սկզբանե շատ էի ցանկանում, որ հանրապետությունում առաջինը նման վազքուղի մայրաքաղաքում կառուցվեր, բայց և անչափ ուրախ եմ Արտաշատի համար, որի դռները միշտ բաց են եղել աթլետիկայի հանրապետական և միջազգային մրցումների պարագայում: Դժվարն առաջինն է. վստահ եմ, որ Արտաշատին կհաջորդեն Երևանը, Գյումրին, Վանաձորը, և այդպես՝ շարունակ»:

Ներկայացնելով «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշին՝ Ռոբերտ Էմմիյանը նշել է, որ վերջինս, տեղեկանալով ընթացիկ աշխատանքների մասին, անձամբ Հայաստան գալու և աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Պավել Մարեշն այցելելու է Արտաշատ՝ վազքուղու կառուցման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

«Շատ հաճելի է լինել Հայաստանում: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կարվի բարձր մակարդակով և որակով: Արտաշատում կուսումնասիրենք տարածքը, և ըստ այդմ՝ աշխատանքներին ճիշտ ընթացք կտրվի: Պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք, այդ թվում՝ տեխնոլոգիական դադարները: Արդյունքում Հայաստանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղով մարզադաշտ, որտեղ հնարավոր կլինի ընդունել նաև միջազգային մրցաշարեր: Ես՝ որպես այս գործում փորձ ունեցող անձնավորություն, վստահեցնում եմ, որ մեկ վազքուղու կառուցումը կարող է բերել շարունակական զարգացման, առաջինին կհաջորդեն երկրորդը, երրորդը…»,- ասել է Պավել Մարեշը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս վստահություն է հայտնել, որ վազքուղու կառուցումը նպաստելու է Հայաստանում մարզաձևի զարգացմանը և հայ աթլետների՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելուն. «Մեր մարզիկներն այժմ էլ նշանակալի հաջողություններ են գրանցում միջազգային մրցումներում, իսկ վազքուղու կառուցումը, վստահ եմ, իր հետ նոր հաղթանակներ է բերելու»:

Նշենք, որ դեռևս 2010 թվականին Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայում քննարկվել է Հայաստանում սինթետիկ ծածկույթով վազքուղի ունեցող աթլետիկայի մարզադաշտ կառուցելու հնարավորությունը, հանրապետության մարզադաշտերում կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որից հետո ներդրումային ծրագիր իրականացնելու որոշում է կայացվել: Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և Աթլետիկայի միջազգային հիմնադրամը դարձել են տվյալ նախագծի գործընկերները, և ներդրումների պատրաստակամություն հայտնել, ինչը, սակայն, չի բավարարել աշխատանքների իրականացման համար, և խնդրի վերջնական լուծումը տարբեր պատճառներով ձգձգվել է մինչև այս տարի:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930