Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյանը` Կանեւսկոյին տրված շնորհակալագրի մասին. «Ես պարտավոր չեմ բոլոր քրեական անցյալ ունեցողներին իմանալ»

Սեպտեմբեր 02,2021 17:48

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նախարարության անունից շնորհակալագիր է հանձնել «Արտյոմ Կանեւսկոյ» անունով մի քանի քրեական գործով անցնող Արտյոմ Հարությունովին, ինչի վերաբերյալ փոխնախարարը խոստացել էլ հանգամանալից մեկնաբանություն տալ:

«ԿԳՄՍ նախարարությունը Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի տնօրենից ստացել էր 1951թ կառուցված ու երբեւէ չնորոգված, գրեթե փլատակ դարձած իրենց դպրոցի անցյալ նկարները եւ նոր նկարները, եւ խնդրել էր Արտյոմ Հարությունով բարերարին շնորհակալագիր հանձնել: Եթե պնդումներ կան, որ ինքը քրեական ենթամշակույթ կրող է, ես անկեղծորեն այդ մասին չգիտեմ եւ պարտավոր էլ չեմ իմանալ: Եթե մարզիկ լիներ, դեմքով կտեսնեի՝ կճանաչեի:

Ես իսկապես չգիտեմ` ինքը քրեական ենթամշակույթ կրո՞ղ է, թե՞ ոչ, հանցագո՞րծ է, թե՞ հանցագործ չէ, ինձ համար չափանիշն այն է, որ մարդը բարեգործություն է կատարել, գտնվում է ազատության մեջ, չի հետախուզվում, եթե երբեւէ ինչ-որ անցյալ ունեցել է, ես պարտավոր չեմ դա իմանալ: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ հիմքից քանդված դպրոցն այսօր պայծառ դպրոց է դարձել: Ու նախարարն առաջարկում է գնալ, իր անունից հանձնել շնորհակալագիր, ես իհարկե, համաձայնվում եմ, որովհետեւ գտնում եմ, որ դպրոցաշինությունն ամենաաստվածահաճո գործերից մեկն է, եւ նա, ով դպրոց է շինում, նորոգում, երեխաներին սովորելու, կրթվելու հնարավորություն է տալիս, շատ լավ գործ է անում:

Ես գնում եմ, այնտեղ տեսնում եմ նրան: Ասում են` այ, ինքն է Արտյոմ Հարությունովը, ես նախարարի շնորհակալագիրը հանձնում եմ իրեն: Եվ երբ մոտենում եմ, միջոցառումը գրեթե սկսված է լինում, ես որեւէ մեկի հետ չեմ հասցնում որեւէ բան խոսել: Ուղղակի տնօրենն ասում է` հիմա ելույթ կունենան ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ես իմ խոսքն եմ ասում կրթության վերաբերյալ, ասում եմ, որ ամեն ինչի հիմքը կրթությունն է, կրթված քաղաքացին կարող է լավ հայրենիք կերտել, եւ ասում եմ` շնորհակալություն բարերարին, որ այսպիսի կրթօջախ է նորոգել, հիմա երեխաները կարող են այստեղ սովորել: Հանձնում եմ շնորհակալագիրը, եւ, քանի որ ԵՊՀ-ի` իմ հարազատ ժուռնալիստիկայի ֆակուլտետում էլ արարողություն կար, դուրս եմ գալիս ու գնում եմ, սա է ամբողջ պատմությունը»,-ասաց Գիլոյանը:

Ապա հավելեց. «Ես պարտավոր չեմ իմանալ բոլոր նրանց, ովքեր քրեական հեղինակություն են եւ նման անցյալ ունեն: Ես մասնագիտությամբ մարզական լրագրող եմ եղել, եւ բոլոր մարզիկներին լավ գիտեմ: Հիմա էլ համոզված չեմ, որ այդ մարդն այդպիսի մարդ է, որովհետեւ չեմ ճանաչում նրան, ես ընդամենը հանձնել եմ շնորհակալագիրը, ինձ ասել են շնորհակալություն, եւ հաջողություն ենք ասել: Շնորհակալագիրը հանձնել ենք իր արած գործի համար, հենց այնպես օդից մարդուն փողոցում չենք տեսել ու ասել` օ՜, ինչ լավ աչքեր ունես, արի քեզ շնորհակալագիր տանք: Դուք տեսե՞լ եք դպրոցի նկարները մինչեւ նորոգումը: Քարուքանդ եղած էր, երեխաները մեղք էին, որ այդտեղ սովորեին, հիմա այդ մարդը նորոգել է:

Եթե այդ մարդն անգամ քրեական անցյալ է ունեցել, ինչ-որ բանի համար դատվել կամ չի դատվել, եթե անգամ ունեցել է անցյալ, չի կարո՞ղ փոխվել, եթե վատի համար դատում են, լավի համար չխրախուսե՞ն, շնորհակալագիր չտա՞ն: Օրինակ Նելսոն Մանդելան մի քանի տասնամյակ նստել էր, հետո նախագահ դարձավ, ասեին, որ քրեական անցյա՞լ է ունեցել: Ես կարծում եմ, որ սա ընդամենը չուզողության դրսեւորում էր, որ կատարվում է: Եթե մարդը հանցագործություն է կատարում, պիտի պատժվի, աներկբա է նաեւ, որ եթե լավ բան է անում, պիտի խրախուսվի, հիմա մենք լավ գործը խրախուսել ենք, վա՞տ ենք արել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930