«Այս ամենն ունի քաղաքական համատեքստ, և քրեական գործերը քիչ առնչություն ունեն իրականության հետ»,- Թեքեյան կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խմբի անդամ, հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանը:
Հիշեցնենք՝ Առուշ Առուշանյանը, Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, տեղակալը և համայնքապետարանի երկու աշխատակից ձերբակալվել են:
Զաքար Խոջաբաղյանը վրդովվեց. «Եթե մեկը որևէ դաշինքի անդամ է եւ իրավունք ունի, պարտավոր է քարոզչություն անել, մյուսն էլ վարչապետի ժ/պ է և ինքն էլ է քարոզչություն անում, մի դեպքում դա նորմալ է ընկալվում, մյուսում սկսում են շահարկել»:
Զաքար Խոջաբաղյանը Գորիսից է, բժիշկ: Նա ահազանգեց. «Թշնամին երեք կողմից հասել է Գորիս: Փաստն այն է, որ մենք ունենք սահմանագիծ Գորիսում եւ, ստեղծված խնդիրներով պայմանավորված, գործող իշխանությունների՝ քաղաքապետի, փոխքաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը և ձերբակալումը խաթարում է համայնքի կազմակերպչական աշխատանքները: Դա լրացուցիչ ռիսկ է պարունակում»: Ուստի նախաձեռնող խումբն իրականացրել է ստորագրահավաք՝ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով. «Գրանցվել է 9380 ստոագրություն: Այսինքն՝ 2017-ին համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցած ակտիվ քաղաքացիների մոտ 70 տոկոսը պահանջով դիմում է դատախազին, որ Առուշ Առուշանյանը կալանքից ազատվի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Առուշ Առուշանյանի ձերբակալությունը և Սյունիքում ադրբեջանական ոտնձգությունները իրար հետ կապ ունե՞ն, Զաքար Խոջաբաղյանը պատասխանեց. «Դեռ 2020-ի դեկտեմբերին էր՝ Որոտան համայնքի ղեկավարն ասում էր՝ էս թշնամին ամեն ինչ անում է, որ ճանապարհի փոքր հատված վերցնի, քանի որ մեզնից պահանջ ունի միջանցքի, եթե փորձենք մերժել, սկսելու է սրա վրա ճնշում գործադրել: Տեսնում ենք դա: Էս ամենը կարելի է կապել-չկապել Առուշ Առուշանյանի կալանավորման հետ, բայց կան ավելի ընդհանուր խնդիրներ: Սրանք ինչ-որ մեկի նեղ անձնական հավակնություններն են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ