«Շուտով 1 տարին կլրանա, որ անտուն ենք, որքա՞ն կարելի է սրա-նրա տանն ապրել: Անորոշ վիճակ է, ոչինչ չեն ասում, բայց, եթե այսօր էլ դրական պատասխան չտվեցին՝ վրաններով կառավարության առաջ ենք մնալու»,-այսօր այս մասին ասացին կառավարության դիմաց բողոքի ցույց իրականացնող Քաշաթաղի նախկին բնակիչները, որոնք 44-օրյա պատերազմի հետեւանքով իրենց տներից տեղահանվել են:
Նրանք, իրենց կորցրած տների դիմաց պահանջում են փոխհատուցում, որպեսզի բնակարաններ ձեռք բերեն: Ասում են, որ այլեւս չեն ցանկանում վարձով կամ հարազատների տներում բնակվել: Նրանց խոսքով՝ պետության տված գումարը չի բավականացնում, քանի որ տան վարձավճարները զգալի բարձրացել են։
«Մենք՝ քաշաթաղցիներս, հող մշակող ենք, անասուն պահող ենք, արտադրող ենք, այս ասֆալտը մեր տեղը չէ: Պահանջում ենք տուն տան, գնանք, աշխատենք, մեր երկիրը զարգացնենք: Թող խելքը գլխին, խիղճ ունեցող մի ղեկավար, որի խոսքն արժեք ունի, դուրս գա՝ էս ժողովրդին ժամկետներ ասի, եթե՝ չէ, թող մեզ փախստականի կարգավիճակ տան, նստեցնեն ավտոբուսներն, ուղարկեն Ռուսաստան, Եվրոպա: Արայիկ Հարությունյանի խոսքը մեզ համար արժեք չունի, զրո է»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:
Քաշաթաղցիները առաջնահերթ են համարում բնակարանային խնդիրը: Հետո, նրանց խոսքով, կպահանջեն կորցրած այգիների, մեքենաների, անասունների փոխհատուցում՝ իրենց 30 տարիների տքնաջան աշխատանքի արդյունքը:
Կարդացեք նաև
Քաշաթաղի նախկին բնակիչները նշեցին, որ Աբովյանում աղքատության մեջ ապրող 20 ընտանիքների տան տերերը ժամանակ են տվել, որպեսզի բնակարաններն ազատեն. «Ոչ ոք Երեւանում տուն չի ուզում, բոլորս էլ պատրաստ ենք ապրել մարզերում, բայց թող կոնկրետ ժամկետ ասեն, ե՞րբ պատրաստ կլինեն մեր բնակարանները: Մոտ 10 հազար բնակիչ է տեղահանվել Քաշաթաղից, որոնցից մոտ 40 երիտասարդ ընտանիք Արցախի գյուղեր է տեղափոխվել, բայց խնդիրն այն է, որ մեզ Արցախում այնպիսի հատվածներում են տներ առաջարկվում, որոնք թշնամու ուղիղ դիտակետում են, իսկ անվտանգության երաշխիքներ չեն տալիս»,-ասաց ցույցի մեկ այլ մասնակից:
Տեղահանված բնակիչներից մեկն էլ ասաց՝ «Տղաս 9 երեխա ունի, որից 5-ը դպրոցական են, երկուսը՝ ուսանող, երեկ սեպտեմբերի 1-ն էր, իմ թոռնիկները դպրոց չեն հաճախել, քանի որ հնարավորություն չունեինք»։
Քաշաթաղցիները ստորագրահավաք արեցին՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու համար։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ