Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած 5-րդ դասարանցի ավելի շուտ կկողմնորոշվի այս վիճակից ելք գտնելու, քան թե նայում ես «Լրաբեր» ու ներվային վիճակից 3 օր ուշքի չես գալիս». Սոթքի ուսուցչուհի (տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2021 16:15

Սահմանամերձ Սոթք գյուղի դպրոցի ուսուցչուհի, հասարակագիտություն եւ եկեղեցու պատմություն դասավանդող Բելլա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ապշեցուցիչ պատասխան տվեց, երբ հարցրինք՝ ձեր դպրոցը, գյուղը ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է, դա ձեզ չի՞ մտահոգում: Նրա արձագանքն այսպիսին էր. «Բացարձակ մտավախություն մենք չունենք: Կարող է զարմանաք, բայց ընդհանրապես մեզ չի հուզում ադրբեջանցիների ներկայությունը: Բացարձա՛կ չի հուզում: Դա սուտ չի, ես անկեղծ եմ ասում: Մենք ընդհանրապես չենք անհանգստանում»: Հետո պարզվեց՝ տիկին Մարտիրոսյանի գնահատականը այլ բացատրություն ուներ: Նա հավելեց. «Գիտեք, այսպիսի մի խնդիր կա, ասում են՝ նավը, երբ ջրի մեջ է, ինքն ավելի ապահով է, քան երբ ջուրն է նավի մեջ: Հիմա մեր պետությունը նույն կարգավիճակում է: Մենք սուզվում ենք: Մեզ մտահոգող միակ խնդիրը դա է»:

Ուսուցչուհին ժպտալով պատմեց, որ հակառակորդի կրակոցների ժամանակ դուրս են գալիս, նայում. «Սովորական երեւույթ է»: Վերջին օրերին ադրբեջանցիները հրդեհում են Սոթքի բնակիչների արոտավայրերը, ուստի հարցին՝ հրդեհներից մտահոգություն չառաջացա՞վ,  նա պատասխանեց. «Չէ: Ասեմ ավելին՝ իմ տղան հենց կենտրոնում է եղել հրդեհի, նա դիրքերում է մեկ ամսից ավելի: Ծառայում է»:

Բելլա Մարտիրոսյանը ժպտում էր, բայց խոսելիս շրթունքները դողում էին, խոսքի ընթացքում հեգնում էր, բայց արցունքները հազիվ էր զսպում. «Շատ վիրավորական է: Մեր պետությունը, որ ունի հազարամյակների պատմություն, ու եկել է չգիտես ինչ խնդիրների է բախվել, չի կարողանում ոտքի վրա մնալ»:

Մեր հարցին՝ դուք խորտակվող նավից եք խոսում, իսկ իշխանությունները խաղաղության օրակարգով են հանդես գալիս, ասում են, որ նման ազդակներ տեսնում են նաեւ Թուրքիայի կողմից, Սոթքում ինչպե՞ս եք վերաբերվում այդ խաղաղության հայտարարություններին, Բելլա Մարտիրոսյանը պատասխանեց. «Իշխանությունները իրականում տունտունիկի են տալիս, չգիտեն էլ ինչ է իրենց սպասվում: Չգիտեմ սա ինչ խաղ է իրականում, որովհետեւ այս խնդրի արմատները շատ ավելի խորն են, քան մենք կարող ենք պատկերացնել: Ուղղակի մենք դարձել ենք շարժվող թիրախ՝ бегущая мишень: Ամեն դեպքում չի կարելի այսպես, սթափվել է պետք, ամոթ է ուղղակի, ամո՛թ: Սա խայտառակություն է, ու մեր պետությանը ոչ սազական երեւույթ է: Մենք հենց ունենում ենք ազատ ապրելու հնարավորություն, մենք դա տնօրինել չենք կարողանում: Դա ցավալի երեւույթ է, ամոթ է, շատ վիրավորական՝ ես կասեի: Այսքանից հետո այս իրավիճակը աբսուրդ է, ուրիշ ոչ մի բան: Ցանկացած 5-րդ դասարանցի երեխա ավելի շուտ կկողմնորոշվի այս վիճակից դուրս գալու համար, ելք կճարի, քան թե նայում ես Լրաբեր, ու ներվային վիճակից 3 օր ուշքի չես գալիս: Ես չեմ նայում «Լրաբեր», ես իմ նյարդերը խնայում եմ, հարգելիներս»:

Հարցին՝ ուսուցիչների աշխատավարձը հեղափոխությունից հետո ավելացել է, դա ձեզ բավարարո՞ւմ է, Բելլա Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ մի փոփոխություն էլ չի եղել, չենք էլ սպասում, մեզ միայն խաղաղություն է պետք: Մեզ պետք է, որ մեր տղաները տուն գան, ուրիշ ոչ մի բան մեզ պետք չի: Մենք մի կտոր հացով էլ յոլա կգնանք, հաղթահարել ենք 90-ականներ ու էլի կհաղթահարենք: Միայն խաղաղություն է պետք, որ այս պետությունը չտանեն դեպի կործանում, որովհետեւ սա խաղալիք չի, սա երկիր է ու բազմադարյա պատմություն ունի»:

Բելլա Մարտիրոսյանը արմատներով Ղարաբաղի Շահումյանի շրջանից է: Մեկ անգամ արդեն հայրենազրկվել է, եկել Գեղարքունիքի մարզ. «Հիմա ապրում ենք այն վախով, որ կարող է այս մարզն էլ սկուտեղի վրա մատուցվի թշնամուն»:

Հարցրինք՝ այդ դեպքում այս իշխանությունների վերընտրվելն ինչո՞վ է բացատրում, նա պատասխանեց. «Դա հիմարություն էր ուղղակի: Հիմարություն, ուրիշ ոչ մի բան»: Ճշտեցինք՝ դուք, համենայնդեպս, իրենց չե՞ք ընտրել, Բելլա Մարտիրոսյանը պատասխանեց. «Չէ, ես ընդհանրապես իրենց չեմ էլ լսում: Ոչ թե չեմ ընտրել, այլ «Լրաբերով» էլ չեմ լսում: Հենց հեռուստացույցով երեւում են, ես ալիքը կփոխեմ ու չեմ էլ վախենում դրա մասին ասել: Եթե մարդը ի վիճակի չէ կառավարել, ամոթ չի հրաժարվելը: Հասկանո՞ւմ եք, մարդը, որը զգում է, որ ինքն անկարող է որեւէ աշխատանք կատարել, ինքը պետք է ուղղակի բարձր հայացքով հեռանա: Ես եթե իմանամ, որ չեմ կարողանում դասավանդել երեխաներին, որոնց ուղղակի պաշտում եմ, եթե իմանամ՝ ես նրանց վաղվա օրվա վրա հետք եմ թողնելու բացասական, ես նույն օրը կհրաժարվեմ իմ աշխատանքից: Ինձ պետք չի ոչ աշխատանքը, ոչ կոչումը, ոչ էլ պաշտոնը»:

Երբ հարցրեցինք՝ այսօրվա քաղաքական լիդերներից տեսնո՞ւմ է մեկին, ով կկարողանար իրավիճակը շտկել, ուսուցչուհին պատասխանեց. «Եկեք չքաղաքականացնենք դպրոցը, ես ընդհանրապես այդ համակարգը չեմ ընդունում: Բայց կասեի՝ եթե ի վիճակի չեն իրենց պետությունը կառավարել, լավ է ընդունեն ուրիշի գերիշխանությունը, գոնե տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930