Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գործո՞ն ենք․ հնարավոր չէ՞, որ ինչ-որ հարցերում մեր շահերը համընկնեն»․ քաղաքագետը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Սեպտեմբեր 02,2021 15:57

«Դրական, խաղաղասեր, կառուցողական հռետորաբանությունն, իհարկե, կարող է նպաստել խաղաղության հաստատմանը տանող ինչ-որ գործընթացների, բայց դա բավարար չէ։ Դա կարող է քարոզչական տեխնոլոգիայի մաս լինել եւ քողարկել այլ՝ հակառակ գործողություն։ Այս առումով պետք է հասկանալ, թե ինչ կա այս ամենի տակ»,-«Մեդիա կենտրոնի» առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրենք ժողովրդից ստացել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մանդատ՝ ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Նրա բնորոշմամբ՝ կարող ես ձգտել խաղաղության, բայց քեզ հետ հակամարտության մեջ գտնվողը գուցե հակառակն է ուզում․ «Հարց է ծագում՝ այդ դեպքում դու ի՞նչ պետք է անես։ Արդյոք քո հռետորաբանությունը հակասո՞ւմ է այն փաստին, թե ինչ ես անում բանակաշինության գործում։ Հիմքեր ունե՞նք պնդելու, որ ՀՀ-ն բավարար չափով չի ուժեղացնում բանակը եւ ջանքեր չի ներդնում՝ անվտանգության ամրապնդման գործընթացում։ Չգիտեմ, սա քննարկման հարց է։ Ես չեմ տեսնում բավարար ապացույցներ առ այն, որ ՀՀ-ն բավարար չափով աշխատանք չի անում»։

Էդգար Վարդանյանի խոսքով․ «Սա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է։ Էլ ի՞նչ պետք է անի ՀՀ-ն, որպեսզի ասենք, որ պատրաստ ենք մարտահրավերներին։ Ամեն պետություն պետք է պատրաստ լինի պաշտպանելու իր սուվերենությունը, բայց տեսականորեն կարող է լինել պատկեր, որ ՀՀ հանրությունն ասի՝ պետք է ռազմական ճանապարհով հետ բերել կորցրած հողերը։ Նման բան չի եղել։ Հակառակն է եղել, ասվել է, որ մենք ուզում ենք խաղաղություն հաստատվի, որ Արցախի ժողովուրդն իրացնի ինքնորոշման իրավունքը, բայց դրա համար մենք չենք պատրաստվում պատերազմ հայտարարել Ադրբեջանին, այսինքն, խաղաղ, քաղաքական ճանապարհով ենք փորձելու։ Սա է ասվել, եւ այս առումով չեմ տեսնում հակասություն՝ կառավարող ուժի եւ այս ամենի միջեւ»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի կողմից հրապարակային դրական ազդակներ կան, Վարդանյանը հարցադրում արեց․ «Իսկ ո՞րն է այս ամենի այլընտրանքը։ Այո, չենք կարող չտեսնել, որ Թուրքիան իր շահերն ունի, որ ուզում է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդել եւ ՀՀ-ի հանդեպ լրացուցիչ գործիքներ ստանալ, բայց հարցը հետեւյալն է․ մենք այստեղ գործո՞ն ենք, թե՞ ոչ, հնարավոր չէ՞, որ ինչ-որ հարցերում մեր շահերը համընկնեն։ Ես չեմ տեսել որեւէ վերլուծություն, որը հստակ կներկայացներ «հնարավոր չէ» թեզի ճշմարտացիությունը։ Մյուս կողմից, ռուս-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում ավելի համագործակցային բնույթ են կրում, եւ հարց է առաջանում՝ ՀՀ-ն իր հարաբերությունները Թուրքիայի հետ ուղի՞ղ է իրականացնելու, թե՞ ՌԴ-ի միջոցով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930