Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Հիմա Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերություններ կարգավորելու 2 պատճառ ունի»․ Բենիամին Պողոսյան

Սեպտեմբեր 02,2021 15:01

«Որոշակի գործընթաց կա՝ ոչ հրապարակային։ Բացառված է, որ հենց այնպես ՀՀ ղեկավարը հայտարարություն աներ, արձագանքեր Թուրքիայի նախագահը։ Պարզ է, որ կա ոչ հրապարակային գործընթաց, դա միանշանակ է»,-«Մեդիա կենտրոնի» առցանց քննարկման ժամանակ այսօր, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի կողմից  դրական ազդակներ կան՝ ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ 2008-2009թթ․ «ֆուտբոլային դիվանագիտությունը» նախորդող գործընթացներ ուներ․ «Հիմա մենք նույն՝ նախորդող փուլում ենք, եւ ոչ հրապարակային քննարկումներ կան․ կողմերը գտնում են, որ ժամանակն է քննարկումները հրապարակայնացնելու։ Ինչո՞ւ է Թուրքիան հիմա ուզում սկսել հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Երկու պատճառ կա»։

Ըստ Պողոսյանի․ «Նախ, Թուրքիան միշտ էլ ուզել է Հարավային Կովկասում ունենալ առավել մեծ ազդեցություն։ Նա հասկանում է, որ ՀՀ-ի հետ հարաբերությունների բացակայությունը խոչընդոտ է։ ՀՀ-ի հետ հարաբերությունների լավացումը կնպաստի Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության մեծացմանը։ Երկրորդ, կարծում եմ, Թուրքիան հույս ունի, որ հարաբերությունների նորմալացումը կհանգեցնի նաեւ տնտեսական հարաբերությունների հաստատմանը, ինչը կբերի թուրքական տնտեսության ներգրավվածությանը ՀՀ-ում։ Սա էլ Թուրքիայի համար կստեղծի տնտեսական լծակներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել ՀՀ-ի հանդեպ այս կամ այն ճնշումը գործադրելու համար։ Հարց կհնչի, թե ինչո՞ւ է հիմա Թուրքիան ուզում նորմալացնել մեր հետ հարաբերությունները։ Մինչեւ պատերազմն Արցախի հարցում կար այլ «ստատուս քվո»։ Առանց հօգուտ Ադրբեջանի «ստատուս քվո»-ի փոփոխության՝ ՀՀ- Թուրքիա հարաբերությունների գործընթացը կհանգեցներ խնդիրների՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում։ Այս պատճառով 2008-09թթ․ գործընթացը մեզ որեւէ լուրջ տեղ չտարավ, իսկ հիմա, Թուրքիայի գնահատմամբ, ՀՀ-Ադրբեջան տիրույթում Արցախի հարց այլեւս չկա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930