Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախորժակն ուտելուց է բացվում: Քանի դեռ Ադրբեջանը հաղթած է՝ ինքն է թելադրելու է»․ Տարոն Հովհաննիսյան

Սեպտեմբեր 02,2021 14:01

«Սա առաջին սեպտեմբերի 2-ն է, որը մենք դիմավորում ենք անորոշ վիճակում․ Մարդիկ Արցախում չեն պատկերացնում, թե որտեղ են սահմանները, գյուղացիների համար անհասկանալի է, թե անասունները որտեղ կարող են արածել, պարզ չէ, թե ե՞րբ, ինչպե՞ս և ինչի՞ մասին են լինելու բանակցությունները»,- այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում կայացած առցանց քննարկման ժամանակ հայտարարեց լրագրող Մարկ Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ կառավարության ծրագիրն ուղղված է ոչ թե գործելուն, այլ՝ հակամարտության այս նոր որակը հասկանալուն, հետո միայն՝ գործողություններ կատարելուն։ Լրագրողը պնդում է, որ այսօր օրակարգը թելադրում է Բաքուն, իսկ Հայաստանն այժմ ոչինչ չի անում օրակարգի մասին հավասարաչափ խոսելու համար։

«Համանախագահների շահերից է բխում, որ երկու կողմերի տեսակետները հավասարապես ներկայացվեն։ Այս մասով հարկ է նշել, որ տևական դադարից հետո մենք ունենք արտաքին գործերի նախագահ, որը պատկերացնում է, թե ինչ պետք է անել, սա միանշանակ դրական է»,- ասաց Մարկ Գրիգորյանը։

Քննարկմանը մասնակցում էր նաև ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, որը նշեց, որ միանշանակ է, որ Ադրբեջանի «ախորժակն ուտելուց է բացվում»։ Նրա փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևի քաղաքականությունն այն է, որ այլևս չկա Արցախի հարց, հետևաբար Ադրբեջանը չի պատրաստվում բանակցության գնալ, սակայն, Հայաստանի առավելությունը կայանում է նրանում, որ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության ներկայիս վիճակը վերջնական չեն համարում, իհարկե, սեփական շահերից ելնելով։

«Այնուամենայնիվ, մենք չգիտենք, թե երբ կվերսկսի բանակցային գործընթացը։ Ավելին, մենք չունենք նախադրյալներ նման գործընթացի վերսկսման համար, ընդհակառակը, դեռևս ունենք սահմանային սրացումներ։ Խոսքը միայն Արցախի տարածքի կամ սահմանային հատվածների մասին չէ։ Շուրջ 5 կմ խորությամբ ներթափանցումներ ունենք Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում։ Մի շարք ցանքատարածություններ անցել են դեղին գոտի, այսինքն՝ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի նշանառության և հարվածային հասանելիության տակ»,- նշեց Տարոն Հովհաննիսյանը։

Ադրբեջանագետը կարծում է, որ Ադրբեջանն ուզելու է հնարավորինս շատ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանի ընտրած ճանապարհը ռազմականն է, իսկ երբ խոսում է խաղաղության մասին, ասում է՝ տվեք ինձ ձեր տարածքները, որոնց նկատմամբ վերահսկողություն չեք իրականացնելու։ Արդյունքում, 2021 թվականին ունենք իրավիճակ, երբ Արցախի հարցը գտնվում է երկրորդական, երրորդական պլանում։

«Ադրբեջանը կարծում է, որ խնդիրը ռազմական ճանապարհով լուծել է, հետևաբար, կարող է թելադրել։ Իսկ Հայաստանը, իրենց ընկալմամբ, պետք է շարունակ գնա զիջումների։ Սա նշանակում է՝ քանի դեռ Ադրբեջանը հաղթած է, կարող է անվերջ պահանջներ ներկայացնել, եթե Հայաստանը չզիջի՝ կրկին կդիմի ռազմական միջոցին։ Մեր խնդիրն այսօր բալանս ստեղծելն է, որպեսզի կարողանանք ռազմական կամ դիվանագիտական առումով հավասար դիրքերից հանդես գալ։ Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը փորձելու է ամեն կերպ ծնկի բերել Արցախն ու Հայաստանը»,- ամփոփեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930