Սիրիայում առկա քաղաքական հարցերը, թեեւ մեղմացած, դեռ անկայուն վիճակում են պահում երկիրը, մանավանդ որ Թուրքիան ներխուժել է ու բռնազավթել Սիրիայի հյուսիսային շրջանները, կենտրոնական իշխանության դեմ շարունակում են գործել որոշ ուժեր, եւ Արեւմտյան պետությունները շրջափակման են ենթարկել երկիրը՝ առավել սրելով տնտեսական անկայունությունը, մինչ կորոնավիրուսի համավարակը շարունակում է իր ավերը գործել: Սիրիայի հայությունն ու նրա ազգային, ժողովրդային ու միութենական կառույցները կարոտ են համահայկական օժանդակության, հատկապես կրթական ու առողջապահական բնագավառներում։
Լիբանանում անցնող երկու տարիներին ստեղծված ճգնաժամը՝ տնտեսական գահավիժող վիճակ, լիբանանյան դրամանիշի ծանր արժեզրկում, քաղաքական անկայունություն, կորոնավիրուսի համավարակի տարածում եւ Բեյրութի նավահանգիստում պայթյուն, թավալգլոր ընթացքով ճգնաժամի մատնեցին Լիբանանը եւ այսօր էլ ավելի են ջլատում համայնքի կյանքն ու լիբանանահային դնում աննախընթաց դժվարությունների եւ վտանգների դեմ հանդիման։ Այսօր ժողովրդի կարեւոր մի զանգված սոցիալ-տնտեսական խիստ կարիքավոր կացության մեջ է եւ ի վիճակի չէ իր գրեթե զրոյացած ամսաթոշակով տարրական սնունդ իսկ ապահովել. վառելանյութի մեծ սղաճը, շատ ապրանքատեսակների՝ շուկայից անհետացումը, հացի ճգնաժամը եւ դժվար ձեռք բերվող իրերի գների ահավոր բարձրացումը խուճապի են մատնել ժողովրդին. երկրում դեղորայքը, պետական նպաստի սահմանափակումով, դարձել է անհասանելի ու անձեռքբերելի՝ սպառնալով քաղաքացիների առողջությանը եւ կյանքին. լիբանանահայ վարժարանները դիմագրավում են աննախընթաց բյուջետային դժվարություններ, իսկ էլեկտրականության խիստ սակավ մատուցումն անդամալույծ է արել առօրյա կյանքն ու տնտեսությունը եւ սպառնում է նաեւ առողջապահական համակարգին:
ՀՅԴ Բյուրոն, ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական միությունների վարչությունները, ՀՅԴ ուղեկից միությունների Կենտրոնական վարչությունները 2019 աշնանն անցան աշխատանքի՝ հասնելու լիբանանահայության եւ սիրիահայության կարիքները հոգալուն: Իսկ Լիբանանի ճգնաժամի վերջին ամիսների սրմանն առընթեր դիմեցինք նոր քայլերի, Հայ օգնության միությունը (ՀՕՄ) վերաշխուժացրեց իր ծավալած հանգանակության թափը, եւ ՀՅԴ Բյուրոն 2021թ.օգոստոսի 4-ի հատուկ կոչով դիմեց բոլորին՝ շեշտելով շրջանի հայությանը նեցուկ դառնալու անհրաժեշտությունը:
Ներկա կացությունը խիստ ահազանգային է, եւ բոլորիս պարտականությունն է մեղմել վտանգը՝ հասնելով շրջանի հայությանը եւ մանավանդ նրա անապահով ու կարոտյալ խավերի բազում ու անմիջական կարիքները հոգալուն։
Կարդացեք նաև
Արդեն իսկ ընթացքի մեջ է հանգանակային նոր արշավը. յուրաքանչյուր կազմակերպություն եւ միություն զորաշարժել է իր շարքերը, եւ այս կոչով դիմում ենք հայրենի պետությանց եւ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին, որպեսզի անհապաղ սատարեն այս խիստ կարեւոր արշավին:
ՀՅԴ Բյուրո
Հայ օգնության միության Կենտրոնական վարչություն
ՀՄԸՄ Կենտոնական վարչություն
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Կենտրոնական վարչություն