Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միայն ՀՀ կառավարության բարի մտադրությամբ խաղաղություն չի լինում»․ քաղաքագետ

Սեպտեմբեր 02,2021 13:22

«Կառավարության ծրագրի շուրջ, անկախ նրանից, թե ինչպիսի դիրքորոշում ունենք գործադիրի հանդեպ, բովանդակային քննարկում, որպես այդպիսին, չեղավ։ Ավելի շատ ամեն ինչ տեղափոխվեց անձնական վիրավորանքների, ֆիզիկական  հաշվեհարդարի փորձերի դաշտ, եւ արդյունքում կառավարության ծրագիրը հաստատվեց միայն իշխող խմբակցության ձայներով»,-«Մեդիա կենտրոնի» առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ-ում գրանցված միջադեպերի փաստին՝ ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ «Սա իհարկե սպասելի էր, բայց եթե դիտարկենք արտաքին քաղաքականության մարտահրավերները, ապա կա մեկ հիմնական, խորքային խնդիր։ Կառավարությունն ասում է, թե տարածաշրջանում խաղաղության հաստատման մանդատ է ստացել։ Նախ, ես կվիճարկեի «տարածաշրջան» բառը»,-նշեց նա։

Քաղաքագետի խոսքով․ «Անգամ ամենափոքր մասշտաբներով՝ տարածաշրջանը Հարավային Կովկասն է, որտեղ միայն հայ-ադրբեջանական հակամարտությունը չէ։ Կա նաեւ ռուս-վրացական հակամարտություն։ Ուստի պնդել, որ ընտրողների մեծ մասը ՀՀ կառավարությանը մանդատ է տվել, որպեսզի վերջինս լուծի ՌԴ-Վրաստան հարաբերությունները, խաղաղություն հաստատի, չեմ կարծում։ Այսինքն, առնվազն պետք է ասել, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու մանդատ են ստացել։ Սակայն այստեղ երկրորդ խնդիրը կա՝ տարածաշրջանում ներգրավված երկրորդ ուժերը խաղաղության չեն պատրաստվում։ Ադրբեջանը շարունակում է մեծածավալ զինտեխնիկայի գնումը եւ դա չի թաքցնում, իսկ Թուրքիան ակտիվ է տարբեր տարածաշրջաններում՝ իր քաղաքականությունը հենելով կոպիտ ուժի կիրառման վրա։ ՌԴ-ն էլ այստեղ պատերազմից հետո ավելացրել է իր ռազմական ներկայությունը։ ՀՀ կառավարությունն ինքն է խնդրում ՌԴ-ին՝ հավելյալ սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ Ուստի անհամապատասխանություն կա»։

Բենիամին Պողոսյանի բնորոշմամբ․ «Անգամ, եթե խոսում են վերոնշյալ մանդատի մասին, ապա տարածաշրջանի մյուս խաղացողների առնվազն հրապարակային հայտարարություններն ու գործողությունները չեն վկայում այն մասին, որ նրանք խաղաղության են պատրաստվում։ Միակողմանի խաղաղություն չի լինում։ Ինչքան էլ ՀՀ-ն հայտարարի, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել, վերջինս չունի նման մտադրություն։ Չորս ամիս է՝ վերջինս գրավել է ՀՀ որոշ տարածքներ ու անընդհատ լարվածություն է պահում սահմանին։ Ես չեմ բացառում, որ քվեարկությանը մասնակցածների մեծամասնությունը ցանկանում է խաղաղ ապրել Ադրբեջանի հետ։ Առհասարակ, որեւէ մեկը պատերազմ չի ուզում, բայց միայն ՀՀ կառավարության բարի մտադրությամբ խաղաղություն չի լինում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930