Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ «Moody’s»-ի՝ ՀՀ-ին տված վարկանիշի մասին

Սեպտեմբեր 02,2021 12:58

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց «Moody’s» վարկանիշային գործակալության հերթական զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածից։

Հիշեցնենք, «Moody’s»-ը  Հայաստանին տված վարկանիշը թողել է նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով Ba3, իսկ հեռանկարը՝ կայուն։

Տիգրան Խաչատրյանը մանրամասնեց՝ հաշվի առնելով, որ «Moody’s»-ի կողմից նախորդ գնահատումը կատարվել էր 2019 թվականին, որից հետո 2020-ին COVID-ի համավարակի տարածման եւ պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի տնտեսության համար ի հայտ են եկել էական տնտեսական ռիսկեր, «Moody’s» -ի այս գնահատմամբ արձանագրվում է նման ռիսկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացումը․«Եվ ընդգծվում է, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն այդ տեսանկյունից արդյունավետ է։ Նշվածը շատ կարեւոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը եւ կառավարության տնտեսական քաղաքականության բարենպաստությունը ներդրումների համար։ Այն ընդգծում է Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների եւ կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ գործակալության կանխատեսումը»։

Նախարարի ներկայացմամբ՝ զեկույցում կարեւոր տեղ են գրավում պետական պարտքի կառավարմանը վերաբերող հարցերը․«2020 թվականի արդյունքներով՝ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշն աճել է եւ կազմել 63,5%, «Moody’s» -ն այս զեկույցով ընդգծում է, որ կարեւորում է առաջիկա 5 տարիների ընթացքում հիշյալ ցուցանիշը 60%-ից նվազեցնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության քաղաքականությունը»։

Նախարարն ասաց, որ գործակալությունը նաեւ նշել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել մեր երկրի վարկանիշի բարձրացմանը, այդ գործոններն են՝ տնտեսության մրցունակության բարձրացմանն ու կառավարման ինստիտուտների արդյունավետությանն ուղղված բարեփոխումների արագացումը, ընթացիկ հաշվի պակասուրդի բարելավումը, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով, հարեւան երկրների հետ հարաբերությունների լարվածության թուլացումը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930