Մթերումների համար սուբսիդավորվող վարկերի տրամադրման պայմանները փոփոխվում են․ այսօր կառավարության նիստում ընդունվեց որոշման նախագիծ, ըստ որի, խաղողի մթերումների համար տրվող վարկերի ընդհանուր ժամկետը երկարացվել է՝ 1 տարուց մինչեւ 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչեւ 1 տարի։
Նախագիծը զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան, որպեսզի խաղող մթերողներն ավելի անկաշկանդ եւ ավելի մեծ ծավալով մթերեն, նաեւ հնարավորություն ունենան գյուղացիներին եւ ֆերմերներին ավելի արագ վճարել մթերած խաղողի դիմաց, հետեւաբար նաեւ՝ ավելի շատ արտահանում իրականացնել։
«Այսօր թարմ գյուղմթերքների մասով անցել ենք անցյալ տարվա ցուցանիշը՝ մոտ 145 հազար տոննա է, ընդհանուր առմամբ գյուղատնտեսական տարին շատ լավ է գնում, հույս ունենք մինչեւ տարեվերջ ռեկորդ սահմանել եւ անցնել 200 հազար տոննան»,-ասաց նախարարը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ նիստի օրակարգում կա չզեկուցվող նախագիծ, որը գյուղատնտեսությունում խոշոր ներդրումային ծրագրին է վերաբերվում՝«ԷՄ ԷՌ ինվեսթ» ընկերությունը 3,5 մլրդ դրամի ներդրում է անելու 100 հեկտար ինտենսիվ այգիներ է հիմնելու։ Չզեկցուցվող այս նախագծում նշված է, որ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ինտենսիվ այգի հիմնելու համար պետության սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով ընկերությանն ուղղակի վաճառքի ձեւով օտարվում է։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ