Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՛չ ահաբեկումն ու սպառնալիքները, ո՛չ շրջափակումը և կրկնվող ռազմական ագրեսիաները չեն կարողացել կոտրել Արցախի ժողովրդի կամքը. ԱՀ ԱԳՆ

Սեպտեմբեր 02,2021 11:10

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ

30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նիստը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով անկախ ժողովրդավարական պետության կերտմանը: Հանրապետության հռչակումը լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, որոնք ինքնավար կազմավորումներին և կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնություններին իրենց ճակատագիրը և քաղաքական կարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունք էին տրամադրում: 1991 թ. դեկտեմբերի 10-ին անկախ պետություն ստեղծելու որոշումն ամրագրվել է համաժողովրդական հանրաքվեում Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդի ազատ կամարտահայտությամբ:

Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի ընդունումը դարձել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի առանցքային իրադարձություններից մեկը, որը հիմնված էր ժողովրդի ինքնորոշման, պատմական արդարության վերականգնման և մեկ միասնական հայկական պետության մեջ վերամիավորվելու ձգտման վրա՝ նպատակ ունենալով ազատվել ֆիզիկական ոչնչացման մշտական սպառնալիքից:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժով և ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծելու, ահաբեկման, էթնիկ զտումների, կոտորածների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների միջոցով արցախահայությանը հայրենիքից զրկելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության պայմաններում անկախ պետության ստեղծումը ոչ միայն կարևոր քաղաքական քայլ էր, այլև պատմական անհրաժեշտություն: 1990-ականների աշխարհաքաղաքական փոփոխությունները և տարածաշրջանային հարաճուն լարվածությունը հասարակության ինքնակազմակերպման և պետական ինստիտուտների ստեղծման վճռական քայլեր էին պահանջում՝ անհրաժեշտ Ադրբեջանի վերահաս զինված ագրեսիան հետ մղելու և Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու և զարգանալու իրավունքը երաշխավորելու համար:

Անկախության օրվանից ի վեր Արցախի Հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների, այդ թվում՝ կործանարար պատերազմների և ծանր կորուստների միջով: Այնուամենայնիվ, ո՛չ ահաբեկումն ու սպառնալիքները, ո՛չ շրջափակումը և կրկնվող ռազմական ագրեսիաները չեն կարողացել կոտրել Արցախի ժողովրդի կամքը և իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, իր պետականությունն ամրապնդելու և զարգացնելու վճռականությունը:

Համոզված ենք, որ Արցախում հայկական պետականությունը ազգային ինքնության, արժանապատվության պահպանման և անվտանգ ապագա ապահովելու հիմնական երաշխավորն է, ինչպես նաև ժողովրդի՝ սեփական քաղաքական ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի իրացման միջոցը։

Այս հիշարժան օրը մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում նրանց, ովքեր պայքարել են Արցախի արժանապատվության, ազատության և անկախության համար, գլուխ ենք խոնարհում այդ սրբազան պայքարում իրենց կյանքը զոհաբերածների հիշատակի առջև. նրանց քաջությունն ու սխրանքը մշտապես լինելու են հայրենիքին անձնվիրաբար ծառայելու և համազգային գործին նվիրվելու վառ օրինակ:

Հավատարիմ մնալով ազգային-ազատագրական շարժման գաղափարներին, նպատակներին և սկզբունքներին՝ Արցախի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները անսասան վճռականությամբ շարունակելու են ձգտել հասնելու երկրի անկախության միջազգային ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը, ինքնիշխան պետականության ամրապնդմանն ու զարգացմանը։

Կեցցե´ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Փա´ռք ու պատի´վ Արցախի ազատության և անկախության բոլոր մարտիկներին:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930