Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտակցում ենք մեզ սպասող դժվարությունները, բայց հաստատակամ ենք: Եթե կա հավատ ու կամք՝ անհնարինը դառնում է հնարավոր. Արթուր Թովմասյան

Սեպտեմբեր 02,2021 11:06

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԼՂՀ հռչակման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել

Սիրելի΄ հայրենակիցներ

Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը: Այն դիմավորում ենք մեր երկրի համար դժվարագույն պայմաններում: Տրամադրությունը տոնական չէ, բայց որոշ եզրահանգումներ անելու համար պատեհ առիթ է:

1991 թվականի սեպտեմբերին անկախության հռչակումը միանգամայն ճիշտ պատմական որոշում էր, որով արցախահայությունը կանխորոշեց իր ապագան:Հետագա 30 տարիները բարդ ու խոչընդոտներով լեցուն էին: 90-ականներին մեզ պարտադրված պատերազմում հաղթեցինք, լծվեցինք պետականաշինության գործընթացին, ու թեև աշխարհը չճանաչեց Արցախի անկախությունը, ստեղծեցինք ժողովրդավարական երկիր՝ բոլոր պետական ատրիբուտներով:

Արդյո՞ք ճիշտ օգտագործեցինք պետություն կառուցելու բացառիկ հնարավորությունը, արդյո՞ք ազնիվ եղանք մեր ու սերունդների առջև. հարցեր են, որ անընդհատ ծառանում են մեր առջև:

Սխալները շատ էին: Փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ չէինք: Հակառակորդին թերագնահատելն ու դիվանագիտական ոչ լիարժեք ջանքերն իրենց դերը խաղացին:

3 տասնամյակ անց պետք է արձանագրենք՝ անկախության հռչակագիրը ռազմաքաղաքական առումով թերի էր: Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում:

Անկախության ճանապարհը հարթ չէ: Այն տասնամյակներ է տևում: Սակայն, եթե կա հավատ ու կամք՝ անհնարինը դառնում է հնարավոր:

Այսօր դիմելով արցախահայությանը՝ կոչ ենք անում չհուսալքվել, զինվել համբերությամբ, մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքին: Բուժել վերքերն ու առաջ գնալ, քանզի սերունդների առջև պատասխանատու ենք, պատասխանատու ենք հանուն հայրենիքի կյանքը զոհած մեր հազարավոր զավակների առջև:

Մենք մեր խոնարհումն ենք բերում 30-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած բոլոր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն փորագրեցին պատմության չջնջվող արձանագրության մեջ: Խոստանում ենք արժանի լինել նրանց հիշատակին ու կիսատ թողած գործը ավարտին հասցնել: Գիտակցում ենք մեզ սպասող դժվարությունները, բայց հաստատակամ ենք: Աստված մեզ հետ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930