Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն՝ ըստ Պլատոնի «կանխատեսումների»

Սեպտեմբեր 02,2021 10:00

Մեզ միայն թվում է, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, յուրահատուկ է եւ անկրկնելի: Իրականում պետության ձեւափոխումների տրամաբանություն մասին գրում էր դեռեւս Պլատոնը՝ Ք.ա. 4-րդ դարում: Ավելի կոնկրետ Ք.ա. 360 թվականին նա շարադրել էր իր «Պետությունը», որտեղ նախանշել էր կառավարման այն ձեւերը, որոնք, համենայնդեպս, «արեւմտյան ավանդույթներ» ունեցող երկրներում հանդիպել են եւ հանդիպում են հետագա 2,5 հազարամյակի ընթացքում: Մեր 30 տարվա պատմությանը նույնպես դա առնչվում է անմիջապես:

1/ Ըստ Պլատոնի, իդեալական է այն պետությունը (պոլիսը), որը կառավարում է փիլիսոփան: Բայց հույն փիլիսոփան միամիտ չէր ու հասկանում էր, որ դա ուտոպիա է, որի վրա չարժե երկար կանգ առնել:

2/ Իդեալականից մեկ աստիճան ցածր, նրա կարծիքով, գտնվում է միապետությունը: Միապետն այն մարդն է, որը գիտի, թե ինչն է համընդհանուր բարիքը: Իհարկե, ցանկալի է, որ միապետի կողքին փիլիսոփա լինի, որն իմաստուն խորհուրդներով կուղղորդի միապետին, բայց դա պարտադիր չէ: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ ինքը՝ Պլատոնը, խորհուրդներ էր տալիս Սիցիլիայի միապետին: Ըստ առասպելի՝ այդ խորհուրդներն, ի վերջո, այնպես էին զայրացրել միապետին, որ նա Պլատոնին ստրկության էր վաճառել, որից հետո ընկերները փիլիսոփայի համար դարձյալ ազատություն էին գնել:

3/ Միապետությունից մի փոքր վատն է արիստոկրատիան, երբ նույն բարիքի մասին մի քանի հոգի գիտեն: Պարզ է, թե ինչու է դա ավելի անցանկալի. երբ մի քանի հոգի է համընդհանուր բարիքի մասին մտածում, ամեն մեկն «իր վրա է վերմակը քաշում»:

4/ Շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում տիմոկրատիան՝ զինվորականների իշխանությունը: Նախ՝ նրանց տարերքը պատերազմն է, դա, այսպես ասած, «պատերազմի կուսակցություն է»: Երկրորդ՝ զինվորականները, երբ իշխանություն են ստանում, շատ արագ այլասերվում են, ձգտում են տիրանալ սեփականությանը: Դրա ականատեսն էինք Հայաստանում 1994-98 թվականներին, երբ բանակին, «երկրապահներին» տվեցին հսկայական քաղաքական ու տնտեսական լծակներ: Կառավարման նման ձեւը, Պլատոնի կարծիքով, անխուսափելիորեն բերում է ավելի ցածր աստիճանի՝ օլիգարխիայի:

5/ Օլիգարխիա՝ քչերի իշխանություն: Այդ, քչերը, բնականաբար, բացի իրենց քսակից, այլ բաների մասին չեն մտահոգվում: Կառավարման այդ ձեւը (1998-2018) հայաստանցիներին, կարծում եմ, պետք չի երկար բացատրել: Օլիգարխիայի ժամանակ հասարակությունը բեւեռացվում է, ժողովրդի հիմնական հատվածն աղքատանում է, լյումպենացվում է: Ի դեպ, «լյումպենը» հայհոյանք չէ՝ դա քաղաքագիտական եւ տնտեսագիտական եզր է, որը հաճախ կիրառում էր Մարքսը: Լյումպենն այն քաղաքացին է, որը զրկվել է սեփականությունից (օրինակ, սեփականաշնորհման հետեւանքով) եւ ներփակվում է իր առօրյա հոգսերի մեջ: Օլիգարխայի ժամանակ սրվում են հակասությունները հարուստների եւ աղքատների միջեւ, դրանք վերածվում են ներքին բախումների, ապստամբությունների:

6/ Այդ ամենի արդյունքում հաստատվում է դեմոկրատիան, որի նկատմամբ, ի տարբերություն մեզ, Պլատոնի վերաբերմունքը խիստ բացասական է: Հիշենք, որ հենց Աթենքի դեմոկրատիան է մահվան դատապարտել Պլատոնի սիրելի ուսուցիչ՝ Սոկրատեսին: Ըստ Պլատոնի՝ ժողովրդավարությունը կատարյալ քաոս է, ամբոխի իշխանություն: Ամբոխը պատկերացում չունի, թե որն է ընդհանուր բարիքը ու ղեկավարվում է զուտ բնազդներով: Ամբոխի ներկայացուցիչները վաղ թե ուշ սկսում են իրար մորթել, եւ դրանից հետո պետությունը, հույն փիլիսոփայի կարծիքով, կարող է ընդհանրապես վերանալ: Բայց եթե չի վերանում, ապա հայտնվում է մեկը, որը բոլորին է մորթում, եւ դառնում է բռնապետ:

7/ Բռնապետությունը (տիրանիան), Պլատոնի դասակարգմամբ, կառավարման ամենավատ ձեւն է, բայց, ըստ դիալեկտիկայի տրամաբանություն, զուտ տեսականորեն ինչ-որ մի պահի բռնապետի կողքին կարող է հայտնվել փիլիսոփա, եւ այդ դեպքում բռնապետը դառնում է միապետ, ու դրանով սկսվում է նոր շրջափուլը: Կապրենք, կտեսնենք:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Պլատոնն, իհարկե, իմ ընկերն է, բայց նիկոլիզմի ախտորոշման համար դժվար թե պիտանի լինի: Պլատոնիզմի ու նեոպլատոնիզմի դարը վաղուց անցել է, եւ նրա պարզունակ մտավարժանքները ժամանակակից քաղաքագիտության համար առանձնապես արժեք չունեն: Պլատոնի ժամանակ այս եզրը դեռ չկար, բայց 2018-ին Հայաստանում հաստատված իշխանության ամենաճիշտ բնութագիրը քաքիստոկրատիան (κάκιστοκράτια) է: Հայերեն ասած՝ ժեխապետություն: Այսինքն՝ հասարակության ստորագույն հատվածի, ապաշնորհ, անարժան, տգետ արարածների իշխանություն: Խեղճ Պլատոնն ինչպե՞ս կարող էր պատկերացնել, որ մի երկրում, որտեղ «թուրք» բառը օգտագործվում է որպես վիրավորանք, իշխանության կարող են գալ հենց «թուրքի շները»…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930