Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պետության կոպեկը չեմ կերել». Արցախյան պատերազմների մասնակից

Սեպտեմբեր 02,2021 14:00

Ինչո՞ւ են կոնտուզիա ստացածին հոգեբուժարանում հաշվառել

Գարեգին Հակոբի Բաբայանը «Առավոտ» օրաթերթի խմբագրություն էր եկել ձեռնափայտով: Հազիվ շարժվող Գարեգինը դանդաղ ու շշուկով (այդպես է միշտ խոսել) ասում է, որ առաջին անգամ է դիմել լրատվամիջոցի:

Եղել է Արցախյան պատերազմների մասնակից, թե առաջին, թե ապրիլյան, թե վերջին՝ ադրբեջանցիների կողմից սանձազերծված 44-օրյայի: Որպես մարտական գործողությունների մասնակից նրա վկայականում նշված է. «Իրավունք ունի օգտվելու ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից ու երաշխիքներից»:

Ըստ նրա հրամանատարի, «Առաջին գունդ» հասարակական կազմակերպության նախագահ Չիբուխչյանի կողմից տրված տեղեկանքի, նրա մարտական ուղին հետեւյալն է. Գարեգին Բաբայանը 1990-ին զինվորագրվել է Արցախյան ազատամարտին եւ անցել ծառայության նորաստեղծ «Հատուկ գնդում»:

1990-1991-ին մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը: 1992-1993-ը մասնակցել է ԼՂՀ Շահումյանի շրջանի, Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանությանը, Կուբաթլուի շրջանի ազատագրմանը: 1994-ին մասնակցել է Օմարի լեռնանցքի ազատագրմանը: Առաջին պատերազմնից հետո ծառայել է Սովետաշենի զորամասում. վաշտի ավագ է եղել:

Ունի շնորհակալագրեր, պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ «Խիզախության համար» պարգեւը ստացել է անցյալ տարի՝ հիվանդանոցում, «Ֆիդայիներ» կազմակերպության (նախագահ՝ Սեյրան Չիլինգարյան) կողմից:

62-ամյա Գ. Բաբայանը 3-րդ խմբի հաշմանդամ է: Ըստ նրա բուժող բժշկի՝ Ա.Գյոզալյանի տրված եզրակացության, նա տարել է հետտրավմատիկ կոնտուզիա (1993). ականի պայթյունից ուղեղի ցնցում:

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի կողմից տրված էպիկրիզի համաձայն, Գարեգին Բաբայանը թերապիայի բաժին է ընդունվել օգոստոսի 5-ին, եւ դուրս գրվել օգոստոսի 16-ին: Նա գանգատվել է ընդհանուր թուլությունից, սրտխփոցից, սրտխառնոցից, խոսքի եւ քայլքի դժվարացումից, գլխացավերից: Ըստ նրան բուժող բժշկի. «Գիտակցությունը պարզ է, ադեկվատ, հարցերին պատասխանում եւ հրահանգները կատարում է ըստ էության»:

Նշեմ, որ Գարեգինը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի թերապիայի բաժնում գտնվել էր նաեւ մայիսին՝ 14-25-ը: Առաջին անգամ էլ նա գանգատվել է ընդհանուր թուլությունից, ֆիզիկական լարման ժամանակ հեւոցից, ձախակողմյան թուլությունից. «Դիմել են շտապօգնության ծառայությանը, սակայն հրաժարվել են հոսպիտալացումից: Վիճակի վատթարացման կապակցությամբ դիմել է ստացիոնար հետազոտման եւ բուժման»:

Գարեգին Բաբայանը բնակվում է վարձով, չունի տանիք: Չնայած գրանցված է Նոր Նորքի 9-րդ զանգվածում: Նա դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ ընդհանուր տիպի տուն-ինտերնատում բնակվելու, շուրջօրյա խնամք տրամադելու համար:
Սակայն ինչպես Գարեգինն է ասում, հաշվառել են Ավան հոգեկան կենտրոնում՝ վիրավորելով զինվորի արժանապատվությունը. «Եթե ես հոգեկան խնդիրներ ունեմ, ինչո՞ւ եմ ազատ ման գալիս, ինչո՞ւ մեկուսացված չեմ հասարակությունից, եւ ինչո՞ւ որեւէ բժշկական օգնություն չեմ ստանում»: Կենսաթոշակային վկայականի համաձայն՝ նրա գումարը 26 500 դրամ է: Այն սահմանվել է անցյալ տարվա հոկտեմբերին:
Ակամայից մտաբերում եմ Գարեգինի ասածը. «Լինում է՝ օրերով հաց չեմ ունենում, ու երբ հաց եմ ունենում, կուլ չի գնում…»:

Գարեգինը դիմել է Նիկոլ Փաշինյանին: Նա ունի ընդամենը մի խնդրանք, իրեն տեղավորել ոչ թե հատուկ հիմնարկում, այլ Նորքի ծերանոցում, գոնե այդ կերպ հատուցելով տարիների չհատուցածը՝ ԶԻՆՎՈՐԻՆ չհատուցածը: Մինչ օրս նա որեւէ արտոնությունից չի օգտվել, առավել եւս՝ որեւէ դրամական աջակցություն չի ստացել: Բազմաթիվ դրամական աջակցությունները շրջանցել են ամենաշատն աջակցության կարիք ունեցողներից մեկին:

Նրա նամակը հասցեագրվել է սոցապնախարարությանը, այնտեղից գրավոր պատասխանել են՝ կարող է դիմումի ընթացքին հետեւել օնլայն: Ամեն ինչ կորցրած մարդն ինչ օնլայն, կամ ձեր իսկ կողմից բնորոշվածը՝ «հաշվառվածը» ի՞նչ օնլայն:

Պատերազմներից քամված զինվորը կարիք ունի խնամքի եւ պետությունը պարտավոր է հարգել նրա շատ մարդկային իրավունքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930