Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց անուններ տալու՝ ԱԺ-ի պատգամավորներին

Սեպտեմբեր 02,2021 13:30

Վերջին օրերին ՀՀ ԱԺ-ում կատարվող խաժամուժային խառնիխուռնը ցույց տվեց, որ, կարծեք թե, այսօր երկու գույնի՝ «սեւի ու սպիտակի» են բաժանվել քաղաքական ուժերը։ Եվ չնայած որ ԱԺ-ում անվայել երեւույթներ կան, եւ իհարկե, զայրացուցիչն այն է, որ ԱԺ-ից մեր ժողովուրդը հուսալի սպասելիքներ ուներ. ակնկալում էր պատգամավորներից միայն ու միայն օրենքների քննարկումներ, կարեւորագույն, հրատապ ծո՜վ խնդիրների լուծման ծրագրեր։ Ցավ է այսօր, ունկնդրում ենք մեր հասարակությանը ոչ սազական էժանագին, նսեմացնող, նույնիսկ հայհոյախառն վեճեր: Եվ հիմա, գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում, թեեւ ամենուր ամբոխավարական ֆոնի վրա բարդ իրավիճակների մեջ են հայտնվել նաեւ որոշ ազգեր, այնուամենայնիվ, մեզ՝ ողջ հայ ժողովրդին մտահոգում է բարդ, շիկացող հիմնահարցերի պատասխանները՝ Արցախի, ՀՀ սահմանների վտանգված գոտու՝ Սյունիքի ճակատագիրը: Մենք կարծեք թե շպրտվել ենք (թող ներվի ասել) թշնամու նենգ մտադրությունների ոտքերի առաջ, եւ նրանք կոխկրտելով ու ճզմելով մեր սրբասուրբ մասունքները՝ փորձում են առկա վիճակը ծաղրի ենթարկել…

Իսկ առկա վիճակում մեր ԱԺ-ում պատգամավորներն իրար բզկտում են, փոխարենը խաղաղ բանավիճեն, օրենսդրական նոր փոփոխություններ մտցնեն։ Նիստերի դահլիճում միմյանց օձիք են «կրծում», փոխանակ ծանր կացության առաջ կանգնած Հայրենիքի մասին մտածեն՝ իրենց ցածրագույն խնդիրներն են առաջ քաշում:

Մինչդեռ, ժամանակին հայոց մեծանուն պոետ Եղիշե Չարենցը պատգամում էր. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Մենք հիմա համախմբող պատգամը շրջանցելով, ոսոխին ուրախացնող թելադրանք ենք ավելացնում իրենց սպանություն քարոզ սեւ մատյաններում։ Եվ ի՞նչ. մեր հազարումի խնդիրները կողքի դրած՝ ունենք սահմանների խնդիրներ, ռազմական ներքին ու արտաքին խնդիրներ, այլեւայլ տխրագին տագնապներ՝ «ռազբորկայի» լեզվով ենք «լուծելի» դարձնում ազգի կարեւորագույն հիմնահարցերը…
Այս առկա վիճակը մի՞թե ԱԺ-ի պատգամավորական պահվածք կարելի է համարել, երբ թշնամին մի քայլ այն կողմ մեր սահմանների վրա պատերազմական սադրանքներ, նենգ ոտնձգություններ է նախապատրաստում… Թուրքն, այսպիսով, ցանկանում է օգտվել մեր որոշ անմիաբան առիթներից։ Սրանք սխալ մոտեցման դրսեւորումներ են՝ հայերիս պախարակող օրինակներ։

Այո՛, ԱԺ-ի վերջին օրերի մթնոլորտը մեզ պատիվ չի բերում… Եվ ի՞նչ «կպատասխանեին» այս անշնորհք մոտեցումներին մեր պանծալի զորավարները, հայ իմաստուն, պետական գործիչները, թշնամու կողմից նահատակված այսօրվա անմեղ զոհերը, ի՞նչ խոհ ու խոսք կունենան «ասելու» մտավորականներն ու գիտնականները… ԱԺ-ում տեղի ունեցած փոթորկալի իրարանցումները պատմության էջերում կգրվեն, անշուշտ, որպես վայրագ, պատիվ չբերող իրողություններ…

Հարցերի վերաբերյալ մեր կարծիքն է՝ լրջագույն մթնոլորտում պետք է վերլուծել, խորազնին քննարկել առաջադեմ այրերի մասնակցությամբ եւ մամուլում ու հեռուստատեսությամբ կազմակերպել բանավեճեր։ Չէ՞ որ, ի վերջո՝ ինտելեկտիվ կարողություններով օժտված բազմաքանակ պատգամավորներ կան, ոմանք ճանապարհ են անցել եւ փորձ ունեն գտնելու իմաստուն, խելացի մոտեցումների լուծումներ (գործընթացներ, որոնք միայն ու միայն երկրի, Հայրենիքի բարենորոգման հարցերին կվերաբերեն)։ Պետք է հետեւել նաեւ հայոց զորավարների՝ Նժդեհի, Անդրանիկի, Մյասնիկյանի, Խանջյանի նվիրականությանը, հայոց միասնական ներուժին եւ մեր ազգային ու հայրենասիրական ոգուն…

Հարգելի պատգամավորներ, եւ թող դուք այսուհետ մեր բարձր հեղինակությունը չոտնահարեք, անսասան պահեք նիստերի ողջ դահլիճի մթնոլորտը։ Եվ ցանկալի կլինի, որ դուք ունենաք դիվանագետի հոգեխորք, որպեսզի ոսոխ ազգերին երբեւէ չուրախացնեք։ Եվ հիշեք՝ արտերկրում ապրող ողջ հայության հայացքն ու միտքը այսօր ձեզ են ուղղված. անդորր ու խաղաղություն ապահովեք ողջ հայոց ժողովրդին, օրենքներ, նոր ծրագրերի գործընթացներ մշակեք՝ քննադատեք եւ լուծումներ տվեք. հայրենադավ, անբարեկիրթ երեւույթներին ասեք՝ ոչ, մերժեք այն, ինչը ատելի է եւ ազգադավ:

Պարոնայք պատգամավորներ, եղեք զուսպ, բարեպաշտ, միասնական, որպեսզի պատմությունը սեւով չգրանցի ձեր արարքները, ձեր անունի վերաբերյալ ոչ հարգալից փաստարկներ։

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930