Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նշանավոր արցախցին՝ Միսակ Տեր-Դանիելյան

Սեպտեմբեր 02,2021 12:30

Միսակ Տեր-Դանիելյանը եղել է գրող, հրապարակախոս եւ հասարակական հայտնի գործիչ (հեղափոխական անունը՝ Արամայիս): Նա ծնվել է 1874 թ. հուլիսի 17-ին Արցախ աշխարհի Ասկերանի շրջանի Վարդաձոր (նախկին՝ Փիրջամալ) գյուղում՝ Գաբրիել քահանա Տեր-Դանիելյանի եւ Եղիսաբեթի ընտանիքում:

Նրանց տոհմը, որ գյուղի ամենամեծ եւ նշանավորներից էր, անվանվել է Քյոխանց, քանի որ տոհմից Օհանը (Ավանես, Հովհաննես) եւ նրա որդին՝ Ղահրամանը եղել են գյուղի քյոխվաները (տանուտերեր): 1816 թ. գյուղի տանուտեր է հիշատակվում Օհան Աբրահամյանը: Նա հավանաբար մահացել է մինչեւ 1824 թ., եւ այդ թվականից տանուտեր է հիշատակվում նրա որդին՝ Ղահրամանը: Օհանի տապանաքարը կանգուն է եղել գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում, որը չի պահպանվել:

Ղահրամանը ծնվել է 1783 թ., ամուսնացել է Թամամի (ծն. 1785 թ.) հետ եւ նրանք ունեցել են 4 որդի՝ Դանիել (ծն. 1808 թ.), Իսրայել (ծն. 1815 թ.), Միքայել (ծն. 1822 թ.) եւ Աբրահամ (ծն. 1824 թ.): Նա գյուղի տանուտեր է եղել մինչեւ իր մահը՝ 1853թ.: Նրա տապանաքարը գյուղի հին գերեզմանոցում է, իրենց տոհմական հատվածում. «Այս է տապան Ղահրաման քյոխվին, որ է որդին Օհան քյոխին, 1853»:

Ղահրամանի ավագ որդին՝ Դանիելը ծնվել է 1808թ.: Նա եղել է հոգեւորական եւ հիշատակվում է 1851թ. որպես գյուղի ծխատեր քահանա: Տեր Դանիելը մահացել է 1859թ.: Նրա տապանաքարը գյուղի հին գերեզմանոցում է. «Այս է տապան ծերունազարդ եւ լուսահոգի հանգուցեալ տէր Դանիելին, որ է որդի Ղահրաման քեօխին Տէր-Յակոբեանց, 1859 ամի»: Տեր Դանիելն ամուսնացել է Խասայի ( ծն. 1809թ.) հետ եւ նրանք ունեցել են՝ 4 որդի եւ 3 դուստր, Մուսայել (Միքայել, Մովսես), (ծն. 1824 թ.), Գաբրիել (ծն. 1826 թ.), Առաքել (ծն. 1828 թ.), Հովհաննես (ծն. 1830 թ.) ու դստրեր՝ Գայանե, Սաչլու, Վաթան: Գաբրիելը քահանա է ձեռնադրվել 1861 թ.: Նա ուսումնառությունը ստացել էր 1860թ. Շուշիում՝ Խաչատուր քհյ. Տեր-Օհանյանցի մոտ: Գաբրիելը գյուղում քահանայագործել է մինչեւ իր մահը՝ 1884թ.: Նրա տապանաքարը գյուղի նոր գերեզմանոցում է. «Ի սմին տապանի հանգչի մարմին Տէր Գաբրիէլ Տէր-Դանիէլեան Տէր-Յագոբեանց, վախճանեցաւ աբրէլի 25, 1884 ամի»:

Միսակ Տեր-Դանիելյանի տունը

Գաբրիել քահանայի ավագ որդին՝ ուսուցիչ Դանիելն է, մյուս որդին՝ Անանիան, 1906թ. Շուշիում աշխատել է Արցախի թեմի կոնսիստորիայի գործավար: Սակայն Գաբրիել քահանայի ամենահայտնի որդին Միսակն էր, որը դեռ վաղ հասակում զրկվել է հորից եւ բազում զրկանքներ կրելով, ճաշակել կյանքի դառնությունները: Նրա դաստիարակությամբ զբաղվել է ավագ եղբայրը՝ եկեղեցական-ծխական դպրոցի ուսուցիչ՝ Դանիելը: Միսակը 1885թ. ավարտելով եկեղեցական-ծխական դպրոցը, ընդունվել է Շուշիի թեմական ուսումնարան: Ուսումնասիրության տարիներին կարդացել է Աբովյանի, Պատկանյանի, Ծերենցի եւ հատկապես Րաֆֆու ստեղծագործությունները, որոնց հայրենաշունչ ոգով էլ փորձել է ստեղծագործել:

1892թ. մահացել է ընտանիքի միակ կերակրողը՝ ավագ եղբայրը, եւ ընտանիքի ապրուստի ծանրությունը ընկել է Միսակի վրա: Նա ստիպված թողել է ուսումը Շուշիում եւ մեկնել է Բաքու՝ աշխատանք որոնելու համար: Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես սեւագործ բանվոր, ապա տարբեր պաշտոններով ծառայել նավթային ընկերություններում, հիմնականում վարչատնտեսական բաժիններում եւ միաժամանակ թերի ուսումը լրացրել ինքնազարգացմամբ: Այդ տարիներին նա կարդացել է եվրոպական գրականություն, ուսումնասիրել Մարքսի «Կապիտալը»: Շուտով նրա ջանքերով ստեղծվել ու հրատարակվել է «Բանվոր» շաբաթաթերթը, որտեղ փորձել է ներկայացնել բանվորների ծանր աշխատանքը եւ տիրող սոցիալական անարդարությունը: Թերթի գաղափարական ուղղվածությունը անցանկալի է եղել իշխանություններին եւ այն շուտով փակվել է:

Միսակին (Արամայիս) առանձնապես հետաքրքրել է հասարակական-քաղաքական կյանքը՝ հատկապես Արեւմտյան Հայաստանի ազատագրումը: Շուտով նա անդամակցել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը (մինչեւ 1920թ.) եւ ներքաշվել ակտիվ հայրենասիրական պայքարի մեջ: 1890 թ. հայդուկյան շարժում կազմակերպելու նպատակով անցել է Վան եւ վերադառնալով՝ հրապարակախոսական լայն գործունեություն է ծավալել: Տարբեր թերթերում եւ տարբեր ծածկանուններով տպագրվել են նրա Արեւմտյան Հայաստանի իրավիճակի մասին հոդվածները: Նա հատկապես ազդվել էր 1894 թ. Սասունի հայ բնակչության կոտորածով: «Այդ ցնցող աղետը եկավ իմ մեջ ամրապնդելու վրիժառության զգացմունքը, մի զգացմունք, որը թույլ էր տալիս բանականության ձայնը լսելու, անելիք քայլերի օգտակարությունը կամ վնասակարությունը չափել կշռելու, վրեժ, ի՞նչ գնով էլ լինի»,- գրել է նա այդ օրերի ցնցող տպավորության տակ իր «Անցած օրեր» հուշագրությունում: Ատելությունը դաժան թշնամու նկատմամբ եւ հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը նրան կրկին բերում են Արեւմտյան Հայաստան, զենք փոխադրող խմբի հետ: 1896թ. փետրվարին Արամայիսը մի քանի ընկերների հետ Բաքվից, Ջուղայի վրայով անցնում է Պարսկաստան՝ ձեռք բերված զենքը Վանի պաշտպաններին հասցնելու համար: Նույն տարվա վերջին նա վերադարձել է Արցախ եւ լծվել ստեղծագործական աշխատանքի: Ազգային-ազատագրական պայքարին են նվիրվել նրա «Նահատակներին», «Փշոտ ճանապարհին», «Ծաղիկ» պատմվածքները:

1902 թ. Արամայիսը աշխատել է Բալախանիում եւ անսահման սիրով լցվելով հայրենի գյուղի հանդեպ, գրել է. «Հարկաւոր է վերադառնալ գիւղ, կապվել գիւղի հետ եւ … Գիւղն այժմ հրապուրիչ է դարձել իր անտառներով ու սարերով, անուշահամ ջրերովն ու կանաչ խոտերով: Այնտեղ չը կայ բարոյական զրկանքների ու հոգեկան տանջանքների այն ծովը, որի մէջ մարդ խեղդւում է այստեղ»:

1905-1906 թթ. Արամայիսը մասնակցել է Ղարաբաղի ինքնապաշտպանական կռիվներին:

1915թ. Արամայիսը կրկին անցել է Վասպուրական, ականատես եղել հերոսական ու ողբերգական իրադարձություններին, հայ ժողովրդի մասսայական ոչնչացմանը: Ցեղասպանության այս փաստերի հիման վրա էլ ստեղծվել է նրա «Զարհուրելի ոճիր» գիրքը, որը հետագայում թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն եւ իտալերեն լեզուներով:

1917թ. ամռանը Արամայիսն անցել է հայրենի երկրամաս՝ Արցախ, ծանոթացել տեղի իրավիճակին, նկատել հայրենակիցների անպաշտպան վիճակը, թուրք ավազակների կողմից կատարվող անօրինականությունները եւ փորձել համախմբել պաշտպանական ուժերը՝ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով: Նա մասնակցել է նաեւ 1918-1920թթ. Արցախում ծավալված քաղաքական իրադարձություններին: 1920թ. սեպտեմբերին, երբ արդեն Ադրբեջանում խորհրդային կարգեր էին, Արամայիսը քաղաքական նկատառումներով ձերբակալվել է եւ Բաքվում բանտարկվել: Սակայն Օրջոնիկիձեի միջնորդությամբ շուտով ազատվել է բանտից: Հարկ է նշել, որ վճիռ էր կայացվել նրան գնդակահարելու, որը ինչ-ինչ պատճառներով չի իրագործվել: Նա բանտարկված է եղել Բաքվի Բայիլովի բանտում եւ նշվել էր քաղաքական բանտարկյալների 1-ին խմբի ցուցակում:

1921 թ. Արամայիսը տեղափոխվել է Սուխումի՝ աշխատանքի անցնելով տեղի հայկական դպրոցում, որտեղ դասավանդել է գրականություն եւ պատմություն: 1923 թ. Սուխումի պետական թատրոնում հայոց դպրոցի աշակերտների կողմից բեմադրվել է Արամայիսի «Փոթորկոտ տարի» դրաման: 1924թ. նա կրկին այցելել է Բաքու՝ իբրեւ թարգմանիչ աշխատելով հայերեն լեզվով հրատարակվող «Կոմունիստ» թերթում: Այստեղ էլ տպագրվել է նրա «Փոթորկալից տարիներ» պիեսը, ինչպես նաեւ հրապարակախոսական շատ հոդվածներ:

Արամայիսը 1889թ. թարգմանել է Ֆ. Բերների «Փոթորիկներ ծովի վրա եւ փոթորիկներ սրտի մեջ» պատմվածքը, 1892-1912թթ. գրել է չափածո ստեղծագործություններ եւ «Մեծ տոնին» պատմվածքը, 1897թ.՝ օրագրություններ՝ «Գաղափարի ճանապարհին» վերնագրով հայդուկային կռիվների մասին, 1902թ. թարգմանել եւ տպագրել է Օ. Շրեյների «Որսորդը» պատմվածքը, 1904թ. տպագրել է «Սվտկնու մէրին» բանաստեղծությունը, Բաքվում հրատարակել է «Բուղդա-Լաւաշի զոհեր» գիրքը, 1907թ. գրել է «Մի քանի գլուխ հայ-թուրքական ընդհարումներից» օրագրությունը», «Նահատակներին», «Ծաղիկը», «Պատկերը», «Քարանձավը», «Ասատուրը» եւ այլ պատմվածքներ, Թիֆլիսում տպագրել է «Վնասակարը» գրքույկը եւ «Հիշողություն մոտիկ անցյալից» գիրքը, 1908թ. Բաքվում հրատարակվել է «Փշոտ Ճանապարհին» գրքույկը, 1909թ. հրատարակել է «Գաղափարի Ճանապարհին» գիրքը, 1913թ. Թիֆլիսում տպագրել է «Ազատության արշալույսին» գիրքը եւ Բաքվում տպագրել է «Փոքրիկ պատկերներ» գրքույկը, 1915թ. դարձյալ Բաքվում տպագրել է «Հողի մարդը» գրքույկը, 1951-1954թթ. գրել է հուշեր եւ այլն:

Հայաստանի Ազգային արխիվում պահպանվել է նաեւ Միսակ Տեր-Դանիելյանի անթվակիր մի շարք գրվածքներ՝ «Վարդոտ գյուղի հովիտը» վերնագրով հուշերը, «Թուրքահայ ընդհանուր կոտորածը Տրապիզոնի շրջանի մեջ» վերնագրով հոդվածը, «Առեղծվածը» պիեսը, «Ճանապարհեն փախչողներու պատմությունը» ակնարկը հայերի տեղահանության մասին, «Սեվուկիս սալդաթ տարին» պատմվածքը, «Անցած օրեր» վերնագրով հուշերը, «Գրիգոր Միրզաբեկյանի (Մածուն Խեչո) կենսագրությունը», դրամաներ, անեկդոտներ, գրառումներ եւ այլն:

Հարկ է նշել, որ Միսակի մի շարք մեծաքանակ անտիպ գործեր ժամանակին չեն հրատարակվել քաղաքական նկատառումներով: 1913թ. նա ընտրվել է Հայ գրողների կովկասյան ընկերության, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո, խորհրդային գրողների միության անդամ: Նա գրել է բազմաթիվ ծածկանուններով՝ «Մանյան», «Արամայիս», «Գնթունի», «Գիւղացի», «Մահիկ», «Մատադոր», «Բարոն», «Արա-ս», «Մենտոր-Միրաժ» եւ այլն, շուրջ 10-ից ավելի:

Ստալինյան բռնատիրության տարիներին հալածանքներից զերծ չի մնացել նաեւ Միսակը: Հաշվի չառնելով այդ տարիների անբասիր աշխատանքը, նրան հեռացրել են թերթի խմբագրությունից: Իսկ Հայրենական մեծ պատերազմին մասնակցելուց հետո, 1949թ. հունիսի 14-ին 75-ամյա ալեհեր Միսակին ընտանիքով աքսորել են Ալթայի երկրամաս: «Գոնե, եթե իմանայի, թե ինչու եմ աքսորված եւ աքսորված ընդմիշտ, իմոնցով միասին: Եթե դատված լինեի, մեղքերս ճակտիս տված ու մեծագույն պատժի դատապարտված, այսքան չէի տանջվի: Սակայն ոչ դատվել եմ, ոչ մեղադրվել, այլ 1,5 ժամում, կայծակնային արագությամբ, ինձ, թոռներիս ու նրանց ծնողներին դուրս են նետել Բաքվից… Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ…», – հուսահատ գրել է նա:

Միսակը իր մահկանացուն կնքել է 1954թ. հոկտեմբերի 27-ին, 80 տարեկանում, հայրենիքից հեռու, օտարության մեջ, իր ձեռքով գրելով իր իսկ տապանագիրը.
Հայրենակարոտ սիրտս դադարեց
Արցունքի աղբյուր դաժան Սիբիրում,
Եվ ինձ թաղեցին մի քանի հոգով
Անվերջ ատելի օտար հողերում:
Եվ ոչ քար կա վրաս, ոչ տապանագիր,
Ոչ էլ մի նշան, պատմեր անցորդին,
Թե ինչ անմեղ, դժբախտ տարագիր
Թաքնվեց զուլումից այս հողի տակին:

Միսակ Տեր-Դանիելյանը արդարացվել է հետմահու՝ 1970 թ.:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

գիտաշխատող

Հ.Գ.– Միսակ Տեր-Դանիելյանի մասին տե՛ս Արմեն Ասատրյան, Միսակ Տեր-Դանիելյան (Արամայիս) (Կյանքն ու գործունեությունը), Երեւան, 2015):

Գլխավոր լուսանկարում՝ Միսակ Տեր-Դանիելյան

«Առավոտ» օրաթերթ
01.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930