Սկիզբը՝ այստեղ:
Անկարան հանդես է գալիս նոր հավակնություններով, նոր ձեւաչափով համագործակցության առաջարկ է անում
Վերջին ամիսներին պաշտոնական Անկարայից հնչած հայտարարություններին ի պատասխան՝ անցյալ շաբաթ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց արձագանքել Թուրքիայի իշխանություններին: «Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք եւ այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», – ասաց նա։
Ի՞նչ է թաքնված Էրդողանի՝ «եթե Հայաստանը դրականորեն արձագանքի, մենք էլ կանենք անհրաժեշտ քայլեր», պայմանի տակ… Փաշինյանի արձանագրումից անմիջապես հետո Էրդողանը կրկին հարկ համարեց անդրադառնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմային ու հստակ ներկայացնելով պայման, թե Անկարան որ դեպքում է պատրաստ կարգավորել հարաբերությունները Երեւանի հետ` «միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա»:
Կարդացեք նաև
Հայաստանի որեւէ իշխանություն Թուրքիայի տարածքների նկատմամբ հավակնություններ չի ներկայացրել ընդհանրապես: Էրդողանը համարում է, որ Փաշինյանը Թուրքիայի տարածքների վրա աչք ունի՞… Իհարկե, ոչ: Խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է, որը Անկարան ակնկալում է, որ Փաշինյանի իշխանությունը կճանաչի, իսկ դա կնշանակի հրաժարում Լեռնային Ղարաբաղից, գումարած՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված նոր խնդիրները, որը Ադրբեջանը չի հարգում եւ ապօրինի գործողությունների է դիմում արդեն մի քանի ամիս:
Ռեջեփ Էրդողանն օրերս Չեռնոգորիայում, եւ երբ լրագրողը նրանից հետաքրքրվել է` ինչպես է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությանը, թե Երեւանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից եւ համապատասխանաբար կարձագանքի, նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարության գործունեությունն օգտակար կլինի տարածաշրջանի համար: «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների եւ ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման վրա»:
Նշելով, որ նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, եւ որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության եւ համակեցության համար, Էրդողանը հավելել է. «Եթե Երեւանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ։ Ժամանակն է կայունությունը եւ խաղաղությունը դարձնել մշտական, եւ պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության համար»: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ նման դիրքորոշում ունի նաեւ Ադրբեջանը, ու պնդել, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար. «Ինչպես եւ համաձայնեցվել է 2020թ. նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են լավ օգտագործել այս պատմական հնարավորությունը»:
Մի կողմից, կարծես Էրդողանը փորձում է առանց Ռուսաստանի միջնորդության, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ խոստանալ, մյուս կողմից՝ նոր նախապայմաններ է ներկայացնում Հայաստանին: Էրդողանը միաժամանակ կրկնել է ղարաբաղյան վերջին պատերազմից հետո շրջանառության մեջ դրված իր առաջարկը` տարածաշրջանում վեցակողմ հարթակ ստեղծելու վերաբերյալ` Հարավային Կովկասի երեք երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ: Հիշեցնենք, որ Վրաստանը հրապարակավ հրաժարվել է այս նախաձեռնությունից` Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Էրդողանն այս անգամ նկատել է, թե կարող են եւ առանց Վրաստանի մասնակցության համագործակցել. «5 կամ 6 երկրների հարթակի առաջարկը սեղանին է` Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը եւ Հայաստանը: Եթե այս հարթակը ընդունվի որպես այդպիսին, ես կարծում եմ, որ տարածաշրջանում լարվածությունը շատ կնվազի»։ Ի դեպ, Էրդողանը շեշտել է, որ այս հարցը քննարկել է եւ համաձայնեցրել է ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլեւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ «Իրանում նոր նախագահ է եկել իշխանության, նրա հետ էլ կքննարկենք», – վստահեցրել է նա։
Այսպիսով, մեր տարածաշրջանում Էրդողանը հանդես է գալիս նոր հավակնություններով ու նոր ձեւաչափով համագործակցության առաջարկ է անում: Բայց կարեւոր է մի դրվագ, Էրդողանը նշում է, որ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների՝ «աստիճանաբար կարգավորմանը»: Այսինքն, Հայաստանի կողմից ինչ-ինչ շարունակական քայլերից հետո միայն Թուրքիան հարկ կհամարի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը զարկ տալ: Ու սա ներկայացվում է որպես «մեծ հնարավորություն» Հայաստանի համար:
Կասկած չպետք է ունենալ, որ Հայաստանից սպասվող թուրքական ակնկալիքների շարքում են ոչ միայն Ալիեւի պատկերացումներով խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այլեւ՝ ՀՀ իշխանության կողմից պաշտոնական մակարդակով Հայոց ցեղասպանությունը մոռացության տալը:
ՀՀ կառավարության ծրագրում նշված է, որ առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու համար՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։ Մեր կառավարությունը համարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման շահերից: Սակայն որքանո՞վ են մեր իշխանությունները վստահ, որ Էրդողանը հատկապես Հայաստանին տրված «խոստումները» պահելու է, հարգելու է անգամ ստորագրված համաձայնությունները: Այսօր Բաքվի ու Անկարայի քաղաքականությունը նպաստո՞ւմ է խաղաղության հաստատմանը, չի՞ սպառնում ՀՀ անվտանգությանը:
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի բոլոր ղեկավարները, յուրաքանչյուրն իր չափով, փորձել են հասնել: Նույնիսկ այն ժամանակ, դեռ երբ հայկական կողմը համարվում էր ղարաբաղյան պատերազմում հաղթանակած կողմ, հանդես էր գալիս ուժի դիրքերից՝ Անկարան զիջման չէր գնում իր պահանջներում:
Այսօր կա՞ երաշխիք, որ մեծ ու նորանոր հավակնություններով հանդես եկող Էրդողանը, եւ վերջինիս հզորությունից էլ ավելի սանձարձակ դարձած Ալիեւը Հայաստանին տրված խոստումները պահելու են…
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 01.09.2021