Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը
-Արցախի անկախության 30-ամյակի միջոցառումները կայանալու են Արցախի եւ Հայաստանի համար ճակատագրական իրավիճակում: Ի՞նչ խորհուրդ ունեն այսօր այդ միջոցառումները:
-Արցախի անկախությանը օրը հունվարի 6-ն է՝ 1992 թվականի, երբ Գերագույն խորհուրդն ընդունել է ԼՂՀ անկախության հռչակագիրը: Թե ինչո՞ւ է այդ պատմական փաստը խեղաթյուրվել, խնդիր է, որ պարզաբանման կարիք ունի: Սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի տարածքով հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այդ փաստաթղթում «անկախություն» բառն անգամ չեք գտնի:
-Ի դեպ, այս տարի, դատելով արցախցի պաշտոնյաների տարբեր հայտարարություններից, համեստ միջոցառումներ են նախատեսված. սա խեղճությա՞ն, զգուշավորությա՞ն, թե՞ ինչի նշան է:
Կարդացեք նաև
-Հետպատերազմական իրավիճակում ի՞նչ տոնախմբություն: Մանավանդ որ, ինչպես ասացի, սեպտեմբերի 2-ը միայն ԼՂՀ հռչակման օր է:
– Ձեր կարծիքով ինչո՞ւ է խեղաթյուրվել։
– Երեւի «պատմությունն սկսվում է ինձնից» սկզբունքն է գործել: Ինչպես որ ավելի քան քառորդ դար մոռացության էր մատնված Արթուր Մկրտչյանի՝ որպես անկախ Արցախի պետության առաջին ղեկավարի, անունը, մինչեւ անցյալ ամռանը նախագահ Արայիկ Հարությանը նրան շնորհեց Արցախի հերոսի կոչում եւ քաղաքական ռեաբիլիտացիայի ենթարկեց, ահա այդպես էլ ԳԽ ընդունած Հռչակագիրն է անտեսվել: Արդարացի կլիներ, եթե Արցախի Ազգային ժողովը վերականգներ պատմական արդարությունը եւ Հանրապետության անկախության օր հռչակեր հունվարի 6-ը:
-Այս տարվա տոնակատարությունները նախկինից կտարբերվեն նաեւ բավական աչքի ընկնող իրադարձությամբ, դրանց չեն մասնակցի Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները՝ առաջին դեմքերի մակարդակով, միայն Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն այս օրերին կլինեն Արցախում, ընդ որում, խորհրդարանում փոքրամասնություն կազմող ընդդիմադիր պատգամավորները քանակով գերազանցում են իշխող ուժի ներկայացուցիչներին: Այսօր կայացած հիմնական միջոցառմանը՝ Արցախի խորհրդարանի հատուկ նիստին ներկա չեն եղել ԱՀ նախագահը, Արցախի նախկին, Հայաստանի նախկին նախագահները: Ավելին, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախ այցելած բարձրաստիճան միակ պաշտոնյան նախկին արտգործնախարար Արա Այվազյանն է եղել: Ի՞նչ ցուցիչ է սա: Հայաստանը «ձեռքերը լվանո՞ւմ» է Արցախից:
-1992-98 թվականներին Հայաստանի նախագահը նույնպես Ստեփանակերտ չի այցելել, հետո՞: Բայց դա ռազմական եւ դիվանագիտական փայլուն հաջողությունների ժամանակաշրջան է: Հայաստանի իշխանության գործունակության կամ անգործունակության մասին պաշտոնյաների ստեփանակերտյան շրջագայություններով չպետք է դատել, այլ՝ արդյունքներով:
– Գործող իշխանության քայլերի արդյունքում Արցախի մեծ մասը կորցրեցինք:
-Գործող իշխանությունը նախորդ երկու տասնամյակների ոչմիթիզհողականության հարազատ զավակն է: Հայաստանում, այսպիսով, պարտվել է պատերազմի կուսակցությունը: Մի բան, որ ստույգ կանխատեսել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
-Երեկ կայացած ՌԴ եւ ՀՀ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում, ուշագրավ էր, որ ՌԴ ԱԳ նախարարը չպատասխանեց ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին հարցին՝ այն նրբորեն ուղղորդելով Արարատ Միրզոյանին: Արդյո՞ք սա նշանակում է, որ այս մասով հետագա հնարավոր զարգացումների պատասխանատվությունը ՌԴ-ն դնում է ՀՀ իշխանությունների վրա:
-Իսկ ՌԴ արտգործնախարարն ինչո՞ւ պիտի պատասխաներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու մասին հարցին: Կամ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց պատերազմ հայտարարե՞լ են: Ոչ: Մեկ-երկու տեղ ասել եմ, հիմա էլ կրկնեմ. Հայաստանը եւ Ադրբեջանը նախ պետք է փոխադարձաբար միմյանց ճանաչեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, ապա անցնեն սահմանազատման եւ սահմանագծման՝ դրանից առաջ ապառազմականացնելով ներկայիս շփման գիծը: Միայն դրանից հետո կարելի է անցնել քաղաքական հարցերի քննարկման եւ համաձայնեցման:
– Մինչդեռ ՀՀ վարչապետը խոսում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները արագացնելու մասին։
-Դա նրա տեսակետն է, որ ես չեմ կիսում, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում:
– Ուշագրավ էր նաեւ Արարատ Միրզոյանի պատասխանը, նա փաստորեն, ՀՀ առաջին պաշտոնյան էր, ով հետպատերազմյան շրջանում հստակ խոսեց Արցախի կարգավիճակի մասին: Ի՞նչ զարգացումների սպասել:
-Ես Արարատ Միրզոյանի այդ հայտարարությամբ, մեղմ ասած, հիացած չեմ: Բայց քանի որ նա նորանշանակ արտգործնախարար է, խորքային գնահատումներից զերծ կմնամ: Առայժմ:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ