Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռախոսը վերցնում եմ ու նկարում եմ ադրբեջանցիների սաղ գմփոցները, ուղարկում եմ մամային, որ ինքն էլ լսի, փող ուղարկի». Սահմանամերձ Սոթքի դպրոցական

Սեպտեմբեր 01,2021 20:40

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղի դպրոցը ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է: Դպրոցն ունի 163 աշակերտ ու այս տարի 20 առաջին դասարանցի: Ծնողները վախենալով են երեխաներին դպրոց տանում:

Նրանցից մեկը՝ Ադամյան Էնջլը, հարցին, թե ո՞ր առարկաներն ես լավ սովորելու՝ պատասխանեց. «Թվերը, մեկ էլ տառերը»:

Էնջլը պատմեց, որ երբ ադրբեջանցիները կրակում են, ինքը դուրս է գալիս տնից ու տատիկի հեռախոսով նկարահանում. «Հեռախոսը վերցնում եմ ու նկարում եմ սաղ գմփոցները: Կրակոցները նկարում եմ, ուղարկում եմ մամային, որ ինքն էլ լսի: Մաման Ռուսաստանում է: Ուղարկում եմ, որ լսի, փող ուղարկի, տատին ավտո կանչի, որ մենք ստեղից գնանք»:

Էրիկը բակում խաղալիս է եղել, ադրբեջանցիները կրակել են. «Գիշերն էր, ուժեղ կրակում էին»: Երբ Էրիկին հարցրեցինք՝ ի՞նչ ես ստանալու դպրոցում՝ պատասխանեց՝ գիրք, թե ի՞նչ գիրք՝ թվարկեց. «Ալբոմ, գրքեր, ամեն ինչ»:

Նարեկը դասարանի առաջամարտիկներից էր, հպարտ նստել էր առաջին նստարանին ու հիանում էր դասընկերոջ՝ Արթուրի դպրոցական պայուսակով: Միամտաբար հարցրեցինք՝ ի՜նչ գեղեցիկ պայուսակ ունես՝ Նարեկը պատասխանեց. «Իմը չէ, Արթուրինն է: Ես պայուսակ չունեմ, եղբորս տվեցի, իմ եղբայրը չուներ»:

Ավելի ուշ տեղեկացանք, որ համայնքապետարանը առաջին դասարանցիներին նվերներ է պատրաստել ու որեւէ մեկը առանց պայուսակ չի մնա:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930