Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրա դեմը առնել է պետք». Սոթքի հատվածում ադրբեջանցիները վառվող անիվներ են նետում ու այրում գյուղացիների արոտավայրերը, գյուղապետը օգնություն է ակնկալում

Սեպտեմբեր 01,2021 19:22

Սոթքում ադրբեջանցիները արդեն քանի օր է՝ հրդեհներ են ստեղծում ու այրում գյուղացիների արոտավայրերը: Այսօր մեր ներկայության պահին էլ հրդեհները շարունակվում էին: Բնակիչները պատմում էին, թե ինչ ջանքերով են փորձում հրդեհը մարել ու փրկել իրենց ունեցածը՝ խոտհարք, արոտավայր:

Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն այսօր այդ առնչությամբ ասաց. «Դիտավորյալ ադրբեջանցիների կողմից հրդեհներ են արվում: Մեզ այնքան էր տեսանելի, որ այդ հրդեհները ԱԻՆ-ի տղաները, մեր բնակիչները հանգցնում էին, մեկ էլ տեսնում ես՝ այն մյուս կողմից իրենք անիվ գլորեցին, նորից հրդեհ առաջացրեցին: Չի կարող դա դիտարկվել որպես պատահականություն, դիտավորյա՛լ էր արվում: Այդ ամեն ինչը ժողովրդի մեջ անհանգստություն է առաջացնում, հիասթափություն: Մարդիկ էլի ուզում են մտածեն, որ իրենք կարող են դիմադրել, հույս ունենան, որ իրենց վաղվա օրը լավ կլինի: Բայց ամեն դեպքում սրա դեմը առնել է պետք, ես այդ եմ կարծում եւ իմ ջանքերն եմ ներդնում: Կառավարությունից ենք նաեւ ակնկալում, որովհետեւ պետք է սրա վերջը մենք տեսնենք»:

Aravot.am-ի հարցին՝ այդ հրդեհներից բնակիչներն են վնասներ կրել, խոտն է այրվել, փոխհատուցվելո՞ւ է՝ համայնքի ղեկավարը պատասխանեց. «Այո, հրդեհից ընդհանուր համայնքն է տուժել, արոտավայրերի հիմնական մեծ մասը հրդեհվեց: Նաեւ խոտհարքները, մարդիկ քաղել էին խոտը, պետք է բերեին, հրդեհը տարածվեց եւ այդ ամեն ինչը վարի տվեց: Այդ մարդիկ ձմեռվա պաշարից զրկվեցին, հիմա էլ չեն կարող: Անասնապահությունն արդեն լուրջ խնդիր ունի: Մսի գինն իջել է 1100-1200 դրամ, մարդիկ ոչ կարողանում են անասունները ծախեն, որովհետեւ գումար դուրս չի գալիս, ոչ էլ կարող են 2200 դրամով խոտ առնեն, անասուն պահեն: Կովի գնից շատ ծախսն է: Մարդկանց մեծ մասը պատրաստ է ծախելու կովը, որովհետեւ եթե չկա արոտավայր, անասունը պահելը, ինքնարժեքն ավելի թանկ է նստելու, քան եկամուտը»:

Թե այս պահին հակառակորդը քանի հեկտար տարածք է հրդեհել՝ 40 հա թե ավելի՝ պարոն Ավետյանը չկարողացավ հստակ թիվ նշել՝ ասելով, որ այս պահին էլ հրդեհները շարունակվում են ու 15 րոպե անց կարող է այդ թիվը փոխվել:

Հարցին՝ կարտոֆիլի բերքահավաքը ո՞նց եք սկսելու, որովհետեւ կարտոֆիլի դաշտերը նույնպես ադրբեջանցիների թիրախի տակ են՝ Ավետյանը պատասխանեց. «Կարտոֆիլի հարցով ամենաշատը հենց ես եմ անհանգստացած, որովհետեւ 220 հա կարտոֆիլ ունեմ ու լուրջ վտանգ է: Երբ տարբեր շրջաններից մարդիկ գալիս են բերքահավաքի, հենց մի հատ կրակոց լինում է՝ մարդկանց մոտ արդեն վախ է առաջանում: Անցյալ տարի հոկտեմբերի 1-ից պիտի քանդեինք, բայց քանդեցինք հոկտեմբերի 20-ից, բախտներս բերեց՝ ձյուն չեկավ: Ամեն դեպքում, սահմանի վրա ամեն ինչը լուրջ խնդիր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930