2019 թվականից սկսած ԵՄ-ից ՀՀ այցելությունների քանակով տոկոսային արտահայտությամբ ամենաբարձր աճն ապահովում են Գերմանիայից ժամանող քաղաքացիները։ Այս մասին այսօր կառավարության մամուլի սրահում «fvw DRV Destination Forum Armenien» թեմայով ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
DRV-ն գերմանական զբոսաշրջային ամենախոշոր ասոցիացիան է, 4 հազար անդամ ունի, եւ այս ֆորումի շրջանակներում այսօր Հայաստանում են գտնվում Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի 70 ն ներկայացուցիչներ։ Նրանց համար այցելություններ են կազմակերպվել մարզեր, զբոսաշրջային կենտրոններ, իսկ վաղը կայանալիք համաժողովում նրանք կհանդիպեն զբոսաշրջային ոլորտի տեղացի ներկայացուցիչների հետ։
Այսօր նախարարն ասաց, որ այս տարի էլ նկատվում է Գերմանիայից այցելությունների աճող դինամիկա՝ չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով խիստ սահմանափակումներին։ Քերոբյանը վստահեցրեց՝ միջազգային տուրիստական ժամանումների քանակն Հայաստանում անշեղորեն աճում է, Հայաստանն իր տնտեսական զբոսաշրջային քաղաքական նոր իրականության պայմաններում զգալի հետաքրքրություն է առաջացնում այցելուների համար․«Գերմանացի զբոսաշրջիկները Հայաստանից մեծ գոհունակությամբ են մեկնում։ Հայաստանի համար առաջնային խնդրիր է ավելացնել առավել գնողունակ զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան։ Շատ հաճախ կարող ենք նշել, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար առավել գրավիչ ասպեկտներ են մշակութային եւ կրոնական ժառանգությունը, հյուընկալությունն ու բնությունը, սակայն կա եւս մեկ գործոն, որին ականատես ենք լինում ամեն քայլափոխի, որով Հայաստանն առանձնանում է աշխարհի մյուս բոլոր երկրներից՝ դրանով գրավելով մեր երկիր ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Դա մարդկանց նկատմամբ վերաբերմունքն է, երեխաների նկատմամբ վերաբերմունքն է, կարծում եմ՝ Հայաստանը հետաքրքիր է զբոսաշրջիկների համար ոչ միայն իր պատմությամբ, մշակույթով, նաեւ հոգատար եւ անմիջական մարդկանցով։ Հայաստանն ամենաապահով վայրերից մեկն է ընտանեկան հանգիստը կազմակերպելու համար։ սա մեր երկրի զբոսաշրջության գրավչություններից եւս մեկն է եւ այն ճիշտ ներկայացման դեպքում կարող է Հայաստանը դարձնել ընտանեկան հանգստի համար գրավիչ ուղղություն»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ