«Այս առեղծվածային COVID կոչվածը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Կան հստակ սահմանված որոշակի գործողություններ, որ մենք պիտի պահենք՝ դիմակ, ալկոգել, հեռավորություն: Բայց մենք երկարատեւ ժամանակ տեսանք, թե ինչ էր կատարվում իրական կյանքում: Չէր պահպանվում, ու կարծես բռնկում չկար: Մենք գնում ենք ամենօրյա ռեժիմի եւ ուզում ենք հավատալ, որ վատթարացում չի լինելու: Իհարկե, պիտի պահպանենք բոլոր կանոնները: Մենք շատ ենք ուզում, որ ամեն օր գնանք դպրոց, բայց դա անկառավարելի է մեծ հաշվով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նա նշեց, որ աշակերտը կամ ուսանողը մի քանի ժամ են ուսումնական հաստատությունում անցկացնում, որից հետո իրենք հասարակության լիիրավ անդամ են. «Բոլոր մասսայական միջոցառումներին մասնակցում են սրճարաններում, կինոթատրոններում, բոլոր ընկերական հավաքներին, ծնունդներին՝ գրկախառնություն, ողջագուրություն: Այնտեղ շատ ավելի խիտ է շփումը»:
Նախարարը նշեց, որ եթե մի կրթօջախում 10 տոկոս վարակ եղավ՝ անմիջապես կանցնի հեռավարի:
Հարցին՝ ԵՊՀ-ում սկսվել է դասախոսների պատվաստման գործընթացը, հնարավո՞ր է նաեւ դպրոցներում ու մյուս բուհերում լինի պարտադիր պատվաստումը՝ նախարարը պատասխանեց. «Իհարկե, ուսուցիչների պատվաստումը պիտի պարտադիր լինի: Եվ կա հոկտեմբերի 1-ից: Պարտադիր՝ ի՞նչ առումով: Պարտադրանք՝ չի նշանակում ֆիզիկական պարտադրանք, եւ պետք է ստիպել, այդ պարտադրանքի մասին չէ խոսքը: Ուսուցիչը կարող է մտնել դասարան, եթե պատվաստված է, կամ կներկայացնի 15 օրը մեկ թեստի բացասական արդյունք: Երեխաների համար՝ ոչ: Ուսանողները՝ սեփական ցանկությամբ: Իսկ դասախոսական կազմը պետք է պատվաստվի: Ի վերջո, մենք բոլորս պետք է գիտակցենք, որ պատվաստումից բացի այլ էֆեկտիվ մեթոդ գոյություն չունի: Նման ցածր ցուցանիշ պատվաստման, ինչպիսին մեր երկրում է, հազվադեպ է»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ ձեզ մեղադրում են ուսուցիչների բեռն ավելացնելու համար, որովհետեւ կարող է թեստը հանձնի, բացասական լինի ու հաջորդ օրը վարակվի՝ նախարարը համաձայնեց. «Ճիշտ է, նույնիսկ, եթե պատվաստվեն, հնարավոր է վարակվեն, բայց պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն: Պատվաստումը նրա համար չի, որ չվարակվեն, կարող են վարակվել, բայց եթե պատվաստված անձը վարակվում է, ծայրահեղ ծանր կամ մահացու ելք չի լինում»:
Ինչպես տեղեկացրել ենք, Վահրամ Դումանյանն այսօր այցելել էր Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք եւ Կութ համայնքներ՝ առաջին դասարանցիներին շնորհավորելու Գիտելիքի օրվա առթիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ