Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր վերակենդանացման բաժանմունքներում գտնվող քաղաքացիների 95 տոկոսը կորոնավիրուսի դեմ չպատվաստված մարդիկ են. պրոֆեսոր Բագրատ Ալեքյան

Սեպտեմբեր 01,2021 17:26

«Պետք չէ անլուրջ վերաբերվել դիմակներին, ախտահանիչ եւ այլ անվտանգության միջոցներին, դրանք եւս չափազանց կարեւոր են, եւ պետք է պահպանել այդ կանոնները, բայց ամենակարեւորն, իհարկե, պատվաստումն է»,-այսօր «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ ասաց կարդիովիրաբույժ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը:

Նրա խոսքով` Մեծ Բրիտանիայում եւ Ռուսաստանում օրական COVID -19-ով վարակվում է գրեթե նույնքան՝ 25 հազար մարդ, բայց Մեծ Բրիտանիայում մահացել է 50-70 մարդ, բայց Ռուսաստանում՝ 700-800 մարդ՝ տասն անգամ ավելի շատ, որն, ըստ Բագրատ Ալեքյանի, բացատրվում է բնակչության պատվաստված լինելու թվերով. «Մեծ Բրիտանիայի բնակչության 65 տոկոսը պատվաստված է, Ռուսաստանում այդ թիվը երկուսուկես անգամ պակաս է: Առանց պատվաստման որեւէ տեղ չենք հասնի: Այսօր կորոնավիրուսի շտամները շատ արագ տարածվում են ամբողջ աշխարհում, Ռուսաստանում եւ Հայաստանում էլ: Այդ պատճառով պատվաստումն անխուսափելի է»:

Բագրատ Ալեքյանի խոսքով՝ այսօր վերակենդանացման բաժանմունքներում գտնվող քաղաքացիների 95 տոկոսը կորոնավիրուսի դեմ չպատվաստված մարդիկ են, ինչը, պրոֆեսորի կարծիքով, շատ խոսուն ցուցանիշ է. «Այո, պատահում է, երբ պատվաստված մարդը կրկին հիվանդանում է, բայց ավելի թեթեւ է տանում, եւ այդ ընթացքում, նրա մոտ հակամարմին է ձեւավորվում, բայց ժամանակի ընթացքում հակամարմինն էլ է պակասում, եւ կարող է վեց ամիս անց վերանալ, եւ հիմա նշում են, որ կրկին պետք է 6 ամիս անց պատվաստվել: Բայց կան հետազոտություններ, որ պատվաստված մարդը, երբ վարակվում է, վերակենդանացման բաժանմունքում չի հայտնվում, այլ՝ հիվանդությունը տանում է թեթեւ, տան պայմաններում, ինչպես սովորական գրիպը: Առայժմ այլ տարբերակ չկա, պետք է այդ ամենի հետ հաշվի նստել»:

Հարցին՝ Հայաստանում, նաեւ Վրաստանում եւ այլ երկրներում անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ բնակչության մեծամասնությունը չի վստահում պատվաստումներին եւ սպասում է, թե ինչ երկրորդային ազդեցություն կունենան պատվաստանյութերը տարիների ընթացքում, կամ՝ նշում են պատվաստումից մահանալու փաստեր, Բագրատ Ալեքյանն ի պատասխան ասաց, որ պատվաստվածների մեջ մահացածները շատ ցածր թիվ են կազմում:

Բժշկի խոսքով՝ հակացուցում չկա՝ ով պատվաստվի, ով՝ ոչ, եւ հիմնականում առաջնահերթ պետք է պատվաստվեն, ծանր, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ. «Բայց կան մարդիկ, որոնց մոտ քովիդով հիվանդանալուց հետո հակամարմինները մի քանի անգամ գերազանցում են նորման, եւ նման մարդկանց չեն պատվաստում, պարզապես հետեւում են ընթացքին, եւ երբ այդ հակամարմինները սկսում են նվազել, նրանք արդեն կարող են պատվաստվել: Հակացուցում կարող են լինել ալերգիկ ռեակցիաները»:

Թե որքանո՞վ է COVID –19-ը վտանգավոր սրտի խնդիրներ ունեցող մարդկանց համար, բժիշկ Ալեքյանն ասաց, որ սրտի խնդիրներ ունեցող մարդիկ պարտադիր պետք է պատվաստվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Եթե վերակենդանացման բաժանմունքում 95 տոկոսը չպատվաստված են,նշանակում է, որ 5 տոկոսը պատվաստված են։ Հաշվի առնելով որ Հայաստանում 5 տոկոսն է պատվաստվել, նշանակում է,որ պատվաստվածներն ու չպատվաստվածները նույն հաջողությամբ են հայտնվում վերակենդանացման բաժանմունքում։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930