Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայկական համայնքի հիմնադրամները ղեկավար ընտրելու հնարավորություն չունեն. Կարո Փայլանը բարձրաձայնել է հարցի մասին

Սեպտեմբեր 01,2021 17:22

Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի օրակարգ է բերել փոքրամասնություններին՝ այդ թվում նաև հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։

Հայ պատգամավորն ընդգծել է, որ 2013թ․ հունվարի 19-ին փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի չեղարկումից հետո համայնքները փաստացիորեն չեն կարողանում ընտրություններ կազմակերպել։ Այդ ութ տարիների ընթացքում իշխանությունները պարբերաբար խոստացել են լուծում գտնել, բայց այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 2-ին հայտարարել է, թե Հիմնադրամների կանոնակարգը վերանայվում է՝ փոքրամասնություններին հիմնադրամների ղեկավարների ընտրությունների հնարավորություն ընձեռելու նպատակով։ Բայց մինչ օրս որևէ արդյունք չկա։

Հայկական համայնքի որոշ հիմնադրամներ օրերս դիմել են Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչություն՝ հոկտեմբերի 3-ին հիմնադրամների ղեկավարների ընտրություն կազմակերպելու թույլտվության խնդրանքով։ Սակայն, վարչությունից պատասխանել են, որ 2019թ․ մի շրջաբերականի համաձայն՝ մահացած կամ պաշտոնից հրաժարված ղեկավարների փոխարեն համայնքային հիմնադրամների նոր ղեկավարները նշանակվում են, այլ ոչ թե ընտրվում։

Այս առնչությամբ Կարո Փայլանը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հղել է հետևյալ հարցերը․

1․ Ձեր իշխանությունը, որ ամեն հարմար առիթով ընտրություններ է կազմակերպում, ինչո՞ւ է ութ տարի շարունակ խոչընդոտում փոքրամասնությունների համայնքների ընտրություններին։

2․ Ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ փոքրամասնությունների համայնքները ընտրություններ անցկացնեն, թեև բազմաթիվ անգամ նման խոստում եք տվել։

3․ Ե՞րբ են անցկացվելու փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները։

4․ Դուք գիտակցո՞ւմ եք, որ թույլ չտալով փոքրամասնությունների հիմնադրամների ընտրություններ կազմակերպել՝ խոչընդոտում եք այդ հիմնադրամների արդյունավետ կառավարմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930