Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի միջնակարգ դպրոցում դիմավորել են դպրոցի 5 նոր աշակերտի։
Դպրոցի տնօրեն Գայանե Խուդավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցում աշակերտները, չնայած անհարմարությանը, պահպանում են կորոնավիրուսային համավարակի կանոնները․ «Երեխաները դպրոց դիմակներով են հաճախում, պահպանվում են հիգիենայի բոլոր պայմանները, սակայն ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մեզ մոտ, ջերմաստիճանի բարձրացման հետ կապված. դասասենյակներում շատ շոգ էր, եւ մենք երեխաներին համապատասխան հեռավորության վրա էինք նստացրել եւ երբեմն թույլ էինք տալիս հանել դիմակը և ազատ շնչել, իսկ ընդմիջումներին երեխաները բակ էին դուրս գալիս, որ մաքուր օդ շնչեն:
Եղանակի պատճառով ֆիզիկական պատրաստվածության դասընթացը նույնպես անցկացրել ենք դրսում»:
Դպրոցի տնօրենը նշում է՝ առաջին դասարանցիներին ընդունել են փոքրիկ միջոցառումով՝ գեղեցիկ դասասենյակով․ «Անցած տարիներին երեխաները դպրոցի մոտ ծնողներից չէին ուզում բաժանվել, այս տարվա առաջին դասարանցիները՝ 2 աղջիկ և 3 տղա, շատ հանգիստ առանց ծնողների նստել են իրենց առաջին դասին»:
58 աշակերտ ունեցող սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը նաև նշեց, որ դպրոցում սպասում են, որ այս տարի արդեն կգործի «Դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը, որի շնորհիվ 1 – 4-րդ դասարանի երեխաները հնարավորություն կունենան անվճար սնունդ ունենալ դպրոցում․ «Մեր դպրոցը երբեք բուֆետ չի ունեցել և լիահույս ենք, որ շատ շուտով ծրագիրը կիրականացվի»:
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ