ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանն Aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղի մոտ հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը ռազմական առումով այս պահին ինչպիսին է: Համայնքի ղեկավարը մեզ հորդորեց հետևել ՀՀ ՊՆ պաշտոնական կայքի նորություններին:
Հիշեցնենք, որ այսօր մենք տեղեկություններ էինք ստացել այն մասին, որ Երասխում՝ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել, սակայն այդպես էլ չէինք կարողացել ՊՆ-ից պաշտոնական պատասխան ստանալ: Եվ միայն նյութը հրապարակելուց հետո, ՊՆ-ն հաստատեց տեղի ունեցածը, հաղորդելով, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։
Aravot.am-ը Ռադիկ Օղիկյանից հետաքրքրվեց՝ իսկ համայնքի բնակիչների շրջանո՞ւմ ինչ տրամադրություններ են, նա ասաց. «Համայնքում հանգիստ է, լարվածություն չկա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ