Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախությունը միայն հռչակագիր չէ, այն առաջին հերթին անկախ ապրելու արժանապատվություն է». կայացել է Արցախի ԱԺ հատուկ նիստը՝ նվիրված ԼՂՀ հռչակման 30-ամյակին

Սեպտեմբեր 01,2021 16:16

Սեպտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին:

Նիստին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ:

Մեկ րոպե լռությամբ հարգելով արցախյան 3 պատերազմների նահատակների հիշատակը ՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ նիստի անցկացման հիմքում ունեցել են հենց նահատակների պատվիրանները:

«Արցախահայության՝ դարերի խորքից եկած ազգային-ազատագրական պայքարի ու մաքառումների հանգրվանը 1988թ. նոր թափ ստացած արցախյան շարժումն էր և հետագայում՝ ուղիղ 30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության հռչակումը:

 Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի:

 Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության, պետականակերտման շարունակականության գործում»,- ելույթում ընդգծել է Արթուր Թովմասյանը, ապա՝ հավելել՝«Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 2016 թվականի ապրիլյան և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմները վերահաստատեցին Արցախն առանց հայերի նրանց անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները: Ու այս ամենից հետո բանակցային գործընթացներում ներառել Ադրբեջանի կազմում ինչ-որ տեսակի կարգավիճակ տրամադրելու խնդրահարույց հարց, չի տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ: Չնայած հակամարտող կողմերի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամագծորեն հակառակ դիրքորոշումներին՝ մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն միտված պատշաճ միջավայրի հաստատմանը»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Անկախությունը միայն հռչակագիր չէ, միայն Սահմանադրություն չէ, այն առաջին հերթին անկախ ապրելու արժանապատվություն է», – ասել է Արցախի հոգևոր առաջնորդը՝ շեշտելով, որ ժողովուրդը գիտակցաբար է ընտրել այդ ուղին ու բարձր գին է վճարել դրա համար:

«Արցախի հարցը դեռ լուծված չէ, բազմաթիվ հայորդիներ գտնվում են անհայտության մեջ, մեր տնտեսական ,արդյունաբերական զորությունը տկարացել է, և ոչինչ այնպես չէ, ինչպես որ մենք կուզեինք: Բայց մենք է, որ ամեն բան պետք է անենք այս վիճակը փոխելու համար»,-ասել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք է ուղղել արտգործնախարար Դավիթ Բաբայանը: «Այս տոնը, առաջին հերթին զոհված հայորդինների տոնն է, ում կյանքի շնորհիվ հայրենիք ունենք: Հանուն նրանց հիշատակի բոլորս պարտավոր ենք ուժեղացնել Արցախը, ինչը կնշանակի զորացնել Հայաստանը»,-ասել է Դավիթ Բաբայանը:

Նա անդրադարձել է առկա մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Արցախը պահելու բոլոր հնարավորություններն ունենք: «Միայն պետք է ինքներս մեզ հաղթենք, չի կարող լինել էֆեկտիվ արտաքին քաղաքականություն, եթե խարխլված են արժեհամակարգերը»,-ասել է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ արցախակենտրոնացումը պիտի դառնա հայության առաջնահերթությունը:

Հանրապետության օրվա առիթով արցախցիներին շնորհավորել են Հայաստանից ժամանած հյուրերը: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փոխանցել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի բարեմաղթանքները:

Անդրադառնալով անկախության հռչակագրին՝ Ռուբեն Ռուբինյանը այն բնութագրել է որպես Արցախի հայերի գոյության պահպանման միակ ձև: Ադրբեջանի հայակործան քաղաքականությունը շարունակվում է մինչ այսօր: «Արցախի 30-ամյակը նշում ենք ծանր պատերազմից հետո, ժողովուրդը սգավոր է, հայրենիքի մի մասը՝ կորսված, ինչը, սակայն, չպիտի խամրեցնի օրվա խորհուրդը: Սա արցախցու կամքի 30-ամյակն է, սեփական իրավունքը իրացնելու 30-ամյակը: Հավերժ փառք բոլոր նրանց, ում շնորհիվ իրացվեց այդ իրավունքը»,- իր խոսքը եզրափակել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը:

«Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը արցախցիների 30 տարի կայացրած որոշումն իմաստուն որակեց, այն համարելով Արցախը հայկական պահելու միակ ճանապարհը:

«Կարևոր է, որ նշենք այս օրը: Սա ուղերձ է մեր հարևաններին. հայի կամքը անկոտրում է, անկախ վայրիվերումներից՝ մենք կարողանում ենք վերագտնել մեզ ու հաղթահարել փորձությունները: Մենք միասնական համակարգի մեջ ենք: Հայաստանի անվտանգությունը շաղկապված է Արցախին: Շատ քիչ ժամանակ ունենք ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը ու վերականգնելու կորցրածը»,-ասել է Ռուստամյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը նույն գաղափարն էր արտահայտում: «Արցախում է վճռվել, վճռվում ու վճռվելու մեր ժողովրդի ապագան: Բզկտված, բայց կենսունակ Արցախը վերակառուցելու է իրեն ու հզորանալու է: Ուժ ու ջանք չենք խնայելու միջազգային ատյաններում Արցախի ինքնորոշման իրավունքի, բռնազավթած տարածքների դեօկուպացիայի մասին բարձրաձայնելու»,-ասել է նա:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930