Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամուլի նկատմամբ թշնամանք է գեներացվում». Սաթիկ Սեյրանյան

Սեպտեմբեր 01,2021 15:51

«Տեւական ժամանակ է՝ մամուլի, ազատ խոսքի նկատմամբ իրականացվում է բացահայտ եւ քողարկված քաղաքականություն: Իշխանություններն ու նրան սպասարկող շրջանակներն արդեն առանց ավելորդ ձեւականությունների թիրախավորում են լրագրողներին»,- «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նրա խոսքով. «Մամուլը վաղուց իշխանության համար բաժանված է օտարների ու յուրայինների, մամուլի դեմ իրականացվող արշավը տեղի է ունենում մի քանի հարթություններում. նախ օրենսդրական, իրավական կարգավորումներով փորձ է արվում էականորեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, ինչի ամենավառ վկայությունն այսօր տեսնում ենք նաեւ Ազգային ժողովում: Ընդ որում` դա արվում է բացահայտ ցինիզմով»:

Սաթիկ Սեյրանյանն ընդգծում է. «Իշխանությունը հերթական աղաղակող սահմանափակումն է մտցնում, ապա մամուլի ներկայացուցիչների հետ քննարկելու իմիտացիայով փորձ է անում լայնախոհության ու հանդուրժողականության տպավորություն թողնել: Ավելի գլոբալ հարթություններում, հանրային տրամադրություններում, սոցիալական մեդիայում, այլ հարթակներում մամուլի նկատմամբ թշնամանք է գեներացվում: Տպավորություն է ստեղծվում, որ մամուլը, ազատ խոսքը առաջիկայում կարող է հռչակվել որպես դասակարգային թշնամի, որը խանգարում է իշխանությանը` կիրառել իր սիրած պողպատյա մանդատը:
Մամուլի հետ կապված այս իրավիճակը միայն առաջին հայացքից է թվում, թե վերաբերում է լրագրողներին կամ լրատվամիջոցներին, իրականում դա բացառապես քաղաքական եւ հասարակական խնդիր է, եւ արտացոլում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ իշխանության վերաբերմունքը»:

Սաթիկ Սեյրանյանի ձեւակերպմամբ` Հայաստանում հաստատվել է եւ խորանում է ձևով իբր ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար մի համակարգ, որի համար ազատ խոսքն ու մամուլը թշնամիներ են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930