Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 4-ին՝ Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։
Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Է․ Հովանեցի «Գարդենիա», Դ․ Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազար», Ռ․ Բայերի «Խառը զգացմունքներ», Ալ․ Պուշկինի «Օնեգին», Վ․ Հունանյանցի «Իմ անունը Կոմիտաս է», Գ․ Դորիի «Փղերի երկար ուղին», Դ. Ֆոյի «Ազատ զույգը» և այլ սիրված ներկայացումներ։
Հոկտեմբերին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում՝ ըստ ճապոնացի ժամանակակից դրամատուրգ Կոկի Միտանիի՝ «Ծիծաղի ակադեմիան» (բեմադրիչ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյան)։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանն ու Մանվել Խաչատրյանը։ Նկարչական ձևավորումը՝ Ալլա Նիկոլաևայի (Մոսկվա)։
Այս թատերաշրջան նախապատվությունը կտրվի ռուս դասականներին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պլաններում են «Բալենու այգին» (ըստ Ա. Չեխովի պիեսի) և «Բալզամինովի ամուսնությունը» (ըստ Ա․ Օստրովսկու պիեսի)։ Բեմադրական աշխատանքները ավարտին կմոտենան 2022թ.-ին։
Կարդացեք նաև
Չեն անտեսվի նաև փոքրիկները։ Մանկական խաղացանկում ևս համալրումներ են սպասվում։ Փոքրիկների դատին կհանձնվի 2 ներկայացում, որից մեկը «Մաուգլի» հեքիաթն է (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։
Հոկտեմբերի առաջին կեսերին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հյուրախաղերով հանդես կգան Վոլգոգրադի երիտասարդական և Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան թատրոնները։
Նոյեմբերին կկայանա երեկո՝ նվիրված ՀՀ ժող․ արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին։ Այս տարի Ա․ Գրիգորյանը կդառնար 85 տարեկան։
Նոր թատերաշրջանում ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստի (Բելառուս)՝ «Բելայա Վեժա» XXV, Սառանսկի՝ «Соотечественники» XV ռուսական դրամատիկական թատրոնների, «Թատերական Լոռի» 29-րդ, Սանկտ Պետերբուրգի՝ «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոների։ Բանակցություններ են տարվում նաև այլ միջազգային փառատոների հետ։
Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն