Այսօր սեպտեմբերի 1-ն է, եւ դա լավ առիթ է՝ խոսելու մեր գիտության եւ կրթության մտահոգիչ վիճակի մասին: Պարտճառներն, իհարկե, բազմապիսի են. դրանցից մեկն այն է, որ ուսուցիչների ու դասախոսների մեծ մասը՝ անկախություն 30-րդ տարում հիմնականում շարունակում են աշխատել խորհրդային կաղապարների շրջանակներում՝ փորձելով երեխաների եւ երիտասարդների մեջ «ներդնել» որքան հնարավոր է շատ գիտելիք, փոխանակ սովորեցնեն, թե ինչպես է պետք է մարդկանց վրա թափվող տեղեկատվական հեղեղը անցկացնել ճիշտ մաղով: Եթե մենք չենք կարողանում երիտասարդների հոգու մեջ վառել գիտելիք ստանալու կրակը՝ մնացած ջանքերն անիմաստ են:
Բայց այստեղ ես կուզեի անդրադառնալ մեկ այլ խնդրի, որն, իհարկե, առնչվում է վերեւում գրածի հետ. կրթության եւ գիտության վիճակը վատթարացել է վերջին տարիներին: Քաղաքականության մեջ չխորանալու համար՝ ասեմ, որ պատճառը 2018 թվականի իշխանափոխությունը չէ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ այն, ինչ տեղի է ունենում վերջին երեք տարիների ընթացքում, ավելի ընդգրկուն համաշխարհային գործընթացի մի մասն է: Դա մտքի, գիտելիքի նկատմամբ արհամարհանքն է, որի հիմնական պատճառներից մեկը գիտելիք ունեցողների հիերարխիայի վերացումն է՝ պայմանավորված «սոցցանցային» դարաշրջանով:
Պատկերացրեք, որ դուք, ասենք, քվանտային ֆիզիկայով (կամ որեւէ այլ գիտությամբ կամ արհեստով) զբաղվող մասնագետ եք: Դուք ձեր բնագավառի վերաբերյալ կարդացել եք 100 գիրք, ունեք երկու մենագրություն եւ հեղինակավոր ամսագրերում մի քանի հոդված: Ենթադրենք, որ դուք ձեր մասնագիտության վերաբերյալ որոշել եք մի քանի նախադասություն գրել ֆեյսբուքում: Շատ հնարավոր է, որ հարյուրավոր օգտատերեր, որոնք հեռավոր պատկերացում անգամ չունեն քվանտային ֆիզիկայի մասին, ձեզ այնպես «շշպռեն», այնպես «պորտը տեղը դնեն», որ ձեր բոլոր գիտելիքներն այդ հարթակում 0 նշանակություն կունենան: Ընդ որում, այդ օգտատերերը ձեզ կարող են «սխալ հանել» թե՛ որպես մասնագետի, թե՛ որպես մարդու եւ քաղաքացու՝ ասենք, գրեն, որ դուք կաշառակեր եք, ծառայում եք նախորդ ռեժիմին, ունեք բազմաթիվ այլ անձնական մեղքեր: Քանի որ նրանք ձեզ «հաղթել են», կա հավանականություն, որ այդ հարձակումից հետո դուք որեւէ ցանկություն չունենաք շփվելու հասարակության հետ: Իսկ դա, իմ կարծիքով, սխալ որոշում է՝ դա նշանակում է ասպարեզը թողնել տգետներին:
Ասածս անմիջական կապ ունի կրթության հետ: Եթե ես կարող եմ հերոս, պատգամավոր, իշխանավոր, «լայքած» եւ «սրտիկած» մարդ դառնալ միայն սրան-նրան «շշպռելով», առանց որեւէ գիտելիք ձեռք բերելու, ապա ինչի՞ս են պետք այդ գիտելիքները: Առանց դրանց էլ ես ֆեյսբուքյան միջավայրում «ալֆա-որձ» եմ, իսկ շատերի համար դա միակ եւ անկրկնելի իրականությունն է: Եթե մարդն իր ողջ կյանքը կառուցում է՝ ելնելով միայն նրանից, թե ինչպես են սոցցանցերում իր հրապարակած նկարներին, տեսագրություններին կամ տեքստերին արձագանքելու, ապա բոլոր մնացած հետաքրքրությունները նահանջում են երկրորդ պլան: Նման մարդիկ հաստատ սովորելու ցանկությունից չեն այրվում:
Կարդացեք նաև
1930-ականներին Գերմանիայում նացիստները փողոցներում ցուցադրաբար այրում էին «վնասակար» գրքերը: Հիմա դրա անհրաժեշտությունը չկա. գրքերը պարզապես փոշոտվում են դարակներում, եւ այդ պայմաններում մարդկանց ուղեղները լվանալը դարձյալ, ինչպես եւ նացիստների ժամանակ, շատ հեշտ է դառնում:
Արամ Աբրահամյան