Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հարթակում Ալիեւի քաղաքականությունը զսպելու միջոց

Սեպտեմբեր 01,2021 13:30

«Երբեք չի կարող գոյատեւել մի ժողովուրդ, որն իր պատմությունն ընկալում է հարեւան ժողովրդի աչքերով». Ֆրիդրիխ Նիցշե

Աշխարհում կա ՄԱԿ-ի 193 անդամ-պետություն: Դրանցից մի փոքր մասը հանդիսանում է այս կամ այլ ռազմաքաղաքական դաշինքի անդամ (օրինակ` ՆԱՏՕ, ՀԱՊԿ): Դեռեւս 1960-ականներին մեծ թվով երկրներ ձեւավորեցին Չմիավորված երկրների շարժում, որին միացան այն ժամանակ գոյություն ունեցող հիմնական երկու դաշինքներին (ՆԱՏՕ եւ Վարշավյան պայմանագրի կազմակերպություն) չհարող շատ երկրներ: ԽՍՀՄ եւ Վարշավյան պայմանագրի կազմակերպության գոյության դադարեցումից հետո այդ Շարժումը շարունակեց իր գոյությունը: Այսօր Շարժման անդամ են 120 երկիր: Եվս 7-ը (այդ թվում` Հայաստանը) ունեն դիտորդի կարգավիճակ: Շարժման ղեկավարման սկզբունքները սահմանված են 1996թ.-ին ընդունված «Կարթախենայի մեթոդաբանական փաստաթղթով»: Շարժմանը անդամակցելու համար երկիրը պետք է ընդունի եւ հավատարիմ մնա վերը նշված փաստաթղթի 3-րդ կետով սահմանված պահանջներին, որոնք հայտնի են որպես «Բանդունգիտասը սկզբունքներ»:

ՀԻՄԱ` ԳԼԽԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Չմիավորված երկրների շարժման բարձրագույն ղեկավար մարմինը անդամ-պետությունների նախագահների կամ վարչապետերի գագաթաժողովն է: Գագաթաժողովում անդամ-երկրների ղեկավարներից մեկը Շարժման նախագահ է ընտրվում մինչ մյուս գագաթաժողովի անցկացումը: Ադրբեջանը ոչ միայն հանդիսանում է շարժման անդամ, այլեւ նրա ղեկավար Իլհամ Ալիեւը 2019-2022թթ. Շարժման նախագահն է: Այժմ անդրադառնանք Շարժման գործունեության վերը նշված տասը սկզբունքներին` ներկայացնելով ալիեւյան Ադրբեջանի կողմից այդ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ սկզբունքի ոտնահարման դեպքեր:

Սկզբունք I.
Հարգել մարդու հիմնարար իրավունքները` ՄԱԿ-ի Կանոնադրության պահանջներին համապատասխան

Սկզբունքի ոտնահարում.
Առկա են ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ փաստեր: Այդպիսիք են, օրինակ, 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հադրութ քաղաքում գերեվարված երկու հայ բնակիչների գնդակահարման փաստը եւ դրա անհետեւանք մնալը, Բաքու քաղաքում պատերազմից հետո հայկական կողմին նվաստացնող պուրակի բացումը եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացրած բազմաթիվ այլ փաստեր:

Սկզբունք II.
Հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

Սկզբունքի ոտնահարում.
Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ (Սյունիք, Սեւանա լիճ, Երեւան) սպառնալիքների եւ հավակնությունների հնչեցում անձամ Ալիեւի եւ Ադրբեջանի պետական այլ մարմինների ներկայացուցիչների կողմից:

Սկզբունք III.
Ճանաչել ազգային անկախության շարժումները

Սկզբունքի ոտնահարում.
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրականացվել է դեռեւս 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացրած հանրաքվեի միջոցով: Սակայն այն ժամանակ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը, այն է` օրենքով սահմանված կարգով դիտարկել հանրաքվեի արդյունքները: Արցախի Հանրապետությունը կատարել է գործող օրենսդրությամբ անկախության հասնելու համար բոլոր քայլերը` չնայած ՄԱԿ-ի անդամ որեւէ պետության կողմից այդ անկախությունը դեռեւս չի ճանաչվել (բացառությամբ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների բանաձեւերի): Արցախի Հանրապետության անկախացումից ի վեր ոչ միայն տեղի չի ունեցել Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչմանն ուղղված քայլերի քննարկում, այլ, ընդհակառակը, Ադրբեջանը հետեւողականորեն վիժեցրել է Արցախի կարգավիճակի, այն է` Արցախի անկախության շարժման ճանաչումը:

Սկզբունք IV.
Ճանաչել բոլոր երկրների (մեծ թե փոքր) եւ ազգերի հավասարությունը

Սկզբունքի ոտնահարում.
Տարիներ շարունակ, Ադրբեջանը հետեւողականորեն սահմանափակում է ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այնպես էլ այլ պետությունների քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայերի մուտքը Ադրբեջան: Նման քայլով այդ երկիրը ոտնահարում է ազգերի եւ երկրների հավասարությունը պահպանելու ստանձնած պարտավորությունը:

Սկզբունք V.
Ձեռնպահ մնալ այլ երկրի ներքին գործերին միջամտելուց

Սկզբունքի ոտնահարում.
Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս Ադրբեջանի ներխուժումը (մասնավորապես` 2021թ. մայիսի 12-ին եւ դրանից հետո) եւ Հայաստանի տարածքում գործողություններ, այդ թվում` ռազմատեխնիկական բնույթի աշխատանքներ իրականացնելը հանդիսանում է Հայաստանի տարածքային միավորների եւ ամբողջ երկրի բնականոն կյանքին միջամտություն: Նման գործողությունները, ի թիվս անվտանգության սպառնալիքների, տեղի բնակչության համար պարունակում են նաեւ 3 սոցիալ-տնտեսական սահմանափակումներ:

Սկզբունք VI.
Հարգել յուրաքանչյուր երկրի ինքնիրեն պաշտպանելու իրավունքը (միայնակ կամ կոլեկտիվ)` ՄԱԿ-ի Կանոնադրության պահանջներին
համապատասխան

Սկզբունքի ոտնահարում.
Հայաստանի Հանրապետության կողմից սեփական անվտանգությունն ապահովող կարեւորագույն կառույցի` բանակի գոյության դեմ պայքարը` ընդհուպ մինչեւ զինված ուժերի վերացման կամ դրանց հանդեպ սահմանափակումներ սահմանելու պահանջներ կայացնելը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի` որպես ՄԱԿ-ի անդամ պետության իրեն պաշտպանելու իրավունքի հանդեպ ոտնձգություն:

Սկզբունք VII.
Ձեռնպահ մնալ ցանկացած երկրի տարածքային ամբողջականության եւ քաղաքական անկախության հանդեպ սպառնալիքի կամ ուժի կիրառման գործողություններից

Սկզբունքի ոտնահարում.
Հայաստանի հասցեին անձամբ Ալիեւի եւ նրա վարչակազմի կողմից բազմաթիվ սպառնալիքներ են հնչել: Դրանք վերաբերել են Հայաստանի քաղաքական անկախությանը, օրինակ, պնդումը, թե հայերը չեն կարող ինքնուրույն պետություն ունենալ եւ պետք է լինել մեկ այլ` խոշոր պետության կազմում: Սպառնալիքներ են հնչել նաեւ Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական նշանակության այնպիսի կառույցի նկատմամբ, ինչպիսին է Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Նմանօրինակ հայտարարությունները իրենցից ներկայացնում են պասիվ միջուկային հարձակման, այն է` զանգվածային բնաջնջման միջոցի կիրառման սպառնալիք:

Սկզբունք VIII.
Միջազգային վեճերը լուծել խաղաղ ճանապարհով` ՄԱԿ-ի Կանոնադրության պահանջներին համապատասխան

Սկզբունքի ոտնահարում.
1992թ.-ից մինչ 2020թ. սեպտեմբերի 27-ը Ադրբեջանը, Արցախի խնդրի շրջանակներում ներգրավված կողմերի ու միջնորդների հետ միասին (մասնավորապես` Հայաստանի, որպես Արցախի անվտանգության երաշխավորի, ՄԱԿ-ի կողմից լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի), հետեւողականորեն հաստատել է խնդրի ռազմական լուծման անընդունելիությունը: Այսինքն, բոլորի կողմից մշտապես ընդունվել է, որ խաղաղ կարգավորումը խնդրի միակ ընդունելի լուծումն է:

Բանակցային յուրաքանչյուր քննարկմանը հաջորդող սույն սկզբունք-մոտեցման հետեւողական շեշտադրումը խնդրի լուծման գործընթացի ձեւաչափը խախտելու դեպքում ռազմական գործողություն նախաձեռնող կողմին դարձնում է իրավական առումով պատասխանատու: 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի հանդեպ պատերազմ սանձազերծելով Ադրբեջանը դարձավ խաղաղ կարգավորման ճանապարհի խախտման պատասխանատուն: Արցախի Հանրապետության իրագործված անկախությունից ի վեր (դեկտեմբեր 1991թ.), վերջինիս եւ Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները միջազգային հարթակում են: Բացի այդ, ինչպես արդեն նշվել է՝ «Հայաստանի Հանրապետության հանդեպ վիճելի խնդիրներ կայացնելով` Ադրբեջանն իր գործողություններով հանգեցրել է Հայաստանի տարածք ռազմական ներխուժում` ոտնահարելով վեճերի խաղաղ լուծման իր պարտավորությունը»:

Սկզբունք IX.
Առաջ մղել փոխադարձ շահերը եւ համագործակցությունը

Սկզբունքի ոտնահարում.
Ադրբեջանը երեք տասնամյակ շարունակ հետեւողականորեն իրականացնում է Հայաստանի տնտեսական շրջափակումը: Վերջինիս հետեւանքով Հայաստանի ենթակառուցվածքները մեկուսացվել են տարածաշրջանի համակարգի զգալի հատվածից: Մեկ այլ երկրի հանդեպ նման թիրախավորումը վկայություն է համագործակցության կանխամտածված ձախողման:

Սկզբունք X.
Հարգել արդարադատությունն ու միջազգային պարտավորությունները

Սկզբունքի ոտնահարում.
Ադրբեջանը Իլհամ Ալիեւի հրամանագրով իրականացրել է ստանձնած միջազգային պարտավորությունների ոտնահարում եւ արդարադատության հանդեպ ոտնձգություն: Այդպիսի վառ օրինակ է Հունգարիայում Հայաստանի քաղաքացու (Գուրգեն Մարգարյանի) կանխամտածված սպանության համար ցմահ դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան 2012թ. օգոստոսի 31-ին արտահանձնելուց հետո Ալիեւի կողմից ներում շնորհելը (ի հակառակ Սաֆարովի կողմից պատժի կրումը Ադրբեջանում շարունակելու պետության ստանձնած պարտավորության):

Ստանձնած պարտավորությունների ոտնահարման վերը նշված դեպքերը, որոնք Ադրբեջանը, որպես Չմիավորված երկրների շարժման անդամ, թույլ է տվել Ալիեւի կառավարման տարիներին, հիմք են տալիս Հայաստանին հարց բարձրացնել Շարժման անդամների առջեւ, որի իրավունքը Շարժման դիտորդ երկիրն ունի: Հայաստանը կարող է նաեւ համագործակցել Շարժման անդամ երկրներից շատերի հետ` Շարժման ներկայիս նախագահ Ալիեւին կազմակերպության նախագահությունից հեռացնելու եւ միջազգային ասպարեզում հեղինակազրկելու նպատակով: Մնում է խնդիրը հստակ սահմանել եւ հետեւողականորեն աշխատել խնդրի լուծման ուղղությամբ: Արդյունքում հնարավոր կլինի միջազգային հարթակում Հայաստանի քաղաքական շահը առաջ մղել եւ որոշ չափով թուլացնել Հայաստանի հանդեպ Ադրբեջանից ուղղվող սպառնալիքները: Կարեւոր է նաեւ չստանձնենք Ադրբեջանի պաշտպանի դերը` փորձելով հիմնավորել, թե ինչու մեր այս կամ այն պնդումը համարժեք արձագանք չի գտնի: Մեր կողմից հետեւողական աշխատանքը մեր խնդիրն է: Պետք չէ, որ մենք հիմնավորենք, թե ինչ քայլեր կարելի է կիրառել՝ հակազդելու մեր դիրքորոշմանը։

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Միջազգայնագետ
ք. Հոնկոնգ

«Առավոտ» օրաթերթ
31.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930