Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դրսում ներկայացնում ենք մեր երկիրը, իսկ դուք մեր պատիվը գցում եք երկրի ներսում»

Սեպտեմբեր 01,2021 13:00

Փարավոն Միրզոյանը` եգիպտոսյան պլեների ու հայաստանյան իրականության մասին

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը վերջերս Եգիպտոսում մասնակցել է պլեների: «Առավոտի» հետ զրույցում ճանաչված նկարիչն ասում է, որ շատ կարեւորում է միջազգային սիմպոզիումները, պլեներները, քանի որ դրանք ճանաչում են բերում հայ նկարիչներին: Նա նաեւ ընդգծում է. «Լավ կլիներ, որ նման հրավերներից հետո ԿԳՄՍ նախարարությունը մի քիչ հետաքրքրվեր եւ ինչու չէ՝ մի փոքր էլ ներդրումներ կատարեր, հատկապես, որ մեր նկարիչների այսօրվա վիճակը փայլուն չէ»:

Փարավոն Միրզոյանն ասում է, որ այս տարի բացի Եգիպտոսից, եւս 2 երկրից պլեների մասնակցելու հրավեր է ստացել` Լեհաստան եւ Սերբիա: Իսկ Եգիպտոսը իր համար հետաքրքիր էր այնքանով, որ երբեք այդ երկրում չէր եղել:
«Բարձր մակարդակով եւ շատ հետաքրքիր էր ամեն ինչ կազմակերպված: Տեղեկացա, որ աուտիզմով հիվանդ երեխաներին օգնելու նպատակ ուներ միջոցառումը: Բավականին հետաքրքիր անցավ ամեն բան: Հրավիրված էին 30-ից ավելի նկարիչներ աշխարհի տարբեր երկրներից: Բոլոր նկարիչները նվիրված էին աշխատում, հակված էին շատ նկարներ նկարելու, որպեսզի իրենց արվեստով հնարավորինս մեծ օգնություն ցուցաբերեն աուտիզմ ունեցող երեխաներին, ինչն էլ պլեների նպատակներից էր»,- պատմեց նկարիչը:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենց շատ լավ ընդունելության են արժանացրել, ստեղծել հրաշալի պայմաններ, որպեսզի կարողանան հանգստանալ եւ ստեղծագործել: «Եղանք նաեւ բուրգերի տարածքում… Մի նոր թանգարան էին կառուցել, որը հրաշալի էր` ժամանակակից տեխնիկայով, շենքային պայմաններով: Այդ պահին մտածեցի, որ 100 տարվա մեջ հայ ժողովուրդը չկարողացավ մի ազգային պատկերասրահի շենք կառուցել, 3-4 անգամ վերանորոգում են, սա են փոխում, նա են փոխում: Ախր ոնց կարելի էր «Լինսի» հիմնադրամով ժամանակին չանել: Արդեն տարուց ավելի է` պատկերասրահը կանգնած է, ոչ մի ցուցադրություն: Ընդ որում, 1974 թվականից ասվում է, որ այդ շենքը չի համապատասխանում իբրեւ Ազգային պատկերասրահի շենք ծառայելու պահանջներին:

100 տարվա մեջ չկարողացանք ունենալ ազգային թանգարան… Ես քայլում էի եգիպտական թանգարանով ու մտածում էի, թե մարդիկ ոնց են սիրում իրենց մշակույթը, քաղաքը, իրենց պատմությունը, երկիրը:

Փարավոն Միրզոյանը՝ Եգիպտոսում

Ալեքսանդրայից ոչ հեռու գտնող մի տարածքում՝ ծովափին մեզ համար հիանալի պայմաններ էին ստեղծել ստեղծագործելու համար, տրամադրել էին եւ կտավ, եւ ներկեր ու վրձիններ: 8 օր եւ վայելեցինք, եւ կարողացանք հանգստանալ ու աշխատել: Այդտեղ մեր խումբը բաղկացած էր 3 հոգուց` ես էի, Շմավոն Շմավոնյանը եւ Արմին Հարությունյանը: Մենք պատվով ներկայացրինք մեր երկիրը, նվիրեցինք մեր նկարներն այդ կազմակերպությանը»,-ասում է Փարավոն Միրզոյանը:

Ապա հավելում է. «Եգիպտոսում ես միացա ինտերնետին ու այդ ընթացքում լսեցի, թե ինչպես է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց տալիս Պետրոս Ղազարյանին: Նրան հարց են տալիս` Թուրքիան մեզ բարեկա՞մ երկիր է, պարոն Գրիգորյանը չկարողացավ այդպես պատասխանել, որ միանշանակ թշնամի պետություն է… Կարելի էր գոնե ասել, որ Թուրքիայի արարքը դատապարտելի է, արդեն 200 տարի է՝ մեզ նվաստացնում է, մեր մշակույթն ավերում է, մեր ժողովրդին կոտորել է, Արցախյան պատերազմում էլ լայն մասնակցություն է ունեցել: Օգոստոսի 23-ին արդեն Երեւանում էինք եւ տեսա ԱԺ-ի հայտնի նիստը, պատգամավորների իրար հայհոյելն ու ծեծկռտուքը, ինչը ինձ ցավ պատճառեց: Տվյալ դեպքում ես չեմ կարող միայն մի կողմին մեղադրել: Չէ՞ որ ամեն ինչը կարելի էր անել քաղաքակիրթ ձեւով: Գալիս եմ եզրակացության, որ մեղքի մեծ բաժինը նաեւ մեր մեջ է: Մենք գնում ենք տարբեր երկրներ, ներկայացնում ենք մեր երկիրը դրսում հավուր պատշաճի, իսկ մեր երկրի ներսում դուք մեր պատիվը գցում եք: Ախր այդպես չի կարելի: Եկեք ի վերջո իմաստավորենք մեր կյանքը, ափսոս է, որ կորցնենք մեր երկիրը: Դարերով երազել ենք սրա մասին, ու հիմա այսպիսի վիճակում ենք… Կամ՝ այն օրը մտածում եմ, որ Ապարանում տներ են առնում օտարները, իսկ պետությունը տեղյակ չէ: Ես ռասիստ չեմ, կարող եմ հասկանալ, որ ինչ-որ արաբ ցանկանում է ապրել Հայաստանում, ինչպես որ հայերն են ուրիշ երկրներում: Բայց ես ուզում եմ, որ պետությունը զգոն լինի նման դեպքերում, համապատասխան օրենքներով կարողանա կարգավորել երկիրը, մինչդեռ երկիրը չի կարգավորվում…

Նորից վերադառնամ Եգիպտոսին: Չեք պատկերացնի, թե ինչ ներդրումներ են կատարվում, ինչ կամուրջներ են կառուցվում, բնակավայրեր, պետական կառույցներ, իսկ մենք քնած ենք… Վերցրին քանդեցին Երիտասարդության պալատը: Թե այդ շինության, թե «Զվարթնոց» օդանավակայանի եւ թե «Ռոսիա» կինոթատրոնի հեղինակները հրաշալի ճարտարապետներ էին… Այժմ «Ռոսիան» դարձել է առեւտրի կենտրոն, «Զվարթնոցը» թողնված է բախտի քմահաճույքին, սա էլ քանդել են… Լավ, ի՞նչ եք ուզում, գոնե տրամվայի գծերը թողնեիք, տրամվայը քաղաքի ծայրամասերով պտտվեր, ամեն ինչ ավերեցիք… Չկա ծրագիր, չկա ղեկավար, բոլորն էլ ոչ գրագետ են եղել… Ցավ ես ապրում… Ու երբ մի տեղից վերադառնում ես, մեծ ցանկությունդ, որ հիմա ինքնաթիռից իջնելու ես Երեւանում, փշրվում է` բախվելով իրականության հետ»:

Նկարիչն ասաց, որ եգիպտոսյան շարք չի անի, քանի որ այնտեղ արդեն 7 նկար է նկարել, մեկն էլ այլ թեմայով է` «Խորհրդավոր ընթրիք»: Փարավոն Միրզոյանը նշում է, որ ինչքան եղել է արտասահմաններում, Հայաստան վերադառնալուց հետո չի նկարել այդ երկրից ոչ մի բան. «Ես իմ հայրենիքն եմ սիրում, ես իմ երկրի նկարիչն եմ, ես չեմ կարող գնալ Իսպանիա ու գալ Հայաստան ցլամարտ նկարել, գուցե մի էտյուդ անեմ, բայց ոչ ավելին… Ես սիրում եմ միայն Հայաստանում նկարել, իմ սերը, իմ կյանքի իմաստը այս երկրի մեջ է»: Փարավոն Միրզոյանը վրձնել է նաեւ մեր խառնակ ժամանակը, ասում է` նկարիչը չի կարող այլ իրականությունում «ապրել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Փարավոն Միրզոյանը վրձնել է մեր խառնակ ժամանակները

«Առավոտ» օրաթերթ
31.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930