Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեղձուտի վանքի 1280թ. երկրաշարժը

Սեպտեմբեր 01,2021 12:30

Դեղձուտի վանքը միջնադարում Տավուշի հոգեւոր ու մշակութային նշանավոր կենտրոններից էր։ Այն Կիրանց գյուղից հարավ-արեւմուտք է, անտառի խորքում, Դեղձուտ սարալանջին: Նրա դիմաց, անդնդախոր ժայռի ծերպերին վեր է խոյանում պատմական Բերդաքարը՝ Մահկանաբերդի իշխանների երբեմնի ամրոցը։ Հուշարձանախումբը կառուցվել է 13-րդ դարում:

Վանքը հիմնադրվել է Առաքել վարդապետի կողմից, ով ծնունդով Կիլիկիայի Տարսոն գավառից էր: Նրա տապանաքարը գտնվում է եկեղեցու գավթում։ Դեղձուտի վանքը իբրեւ մշակութային կենտրոն իր ծաղկմանն է հասել հատկապես Մահկանաբերդի իշխան՝ ամիրսպասալար Աթաբեկ Սադունի (1260-1280թթ.) օրոք։

Գլխավոր եկեղեցին փոքր չափերի ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է, առանց սյուների, չորս հիմնական եւ երկու երկրորդական որմնասյուներով, կառուցված մոխրագույն եւ դեղնավարդագույն սրբատաշ քարերով: Եկեղեցու արտաքին ճակատները մշակված են մեծ վարպետությամբ: Գեղեցիկ է ձեւավորված արեւելյան պատը հյուսիսային եւ հարավային պատերին միացնող անկյունները: Իսկ քանդակազարդերի պսակը արեւմտյան դռան շրջանակն է, որը համարվում է հայկական լավագույն շքամուտքերից մեկը: Այն եկեղեցու միակ մուտքն է, որի բացվածքը երկու կողմից եզերում են կիսագլաններից կազմված կարճ, մեկական կիսասյուներ:

Դեղձուտի վանքի գավիթը

Գավիթը կից է եկեղեցուն արեւմուտքից, առանց սյուների է, որի ծածկը հենվում է ութ ոմնասյուների վրա: Հարավային պատի մեջ բացվում են զույգ լուսամուտներ, որոնք իրարից անջատված են ութանիստ ամբողջական սյուներով: Գավիթը ունի երկու մուտք, որոնցից գլխավորն արեւմտյան պատի կենտրոնում է, դրսից քանդակազարդ շրջանակի մեջ առնված, իսկ երկրորդը՝ հյուսիսային պատի մեջ, հյուսիս-արեւմտյան մույթին կից, որը տանում է դեպի բնակելի շենքերը: Գավթի հատակը եւ տանիքը սալածածկ են:

Ձեռագրերի հիշատակարաններից հայտնի է, որ Դեղձուտի վանքը Առաքել վարդապետի առաջնորդության ժամանակ նաեւ գրչության կենտրոն էր, որի մոտ ուսանելու են եկել տարբեր գավառներից: Պետք է ենթադրել, որ վանքն իբրեւ հոգեւոր կենտրոն շարունակել է իր գոյությունը նաեւ հետագա դարերում: Այդ են վկայում հուշարձանախմբի մոտակայքում ուշ ժամանակներում կատարված մի քանի կառուցումները, հատկապես գլխավոր եկեղեցուց 5 մ հյուսիս մեծ թաղակապ եկեղեցին եւ այլն: Այստեղ է գործել քանդակագործ մեծ վարպետ Պողոսը:

1280 թ. աշնանը՝ նոյեմբերի 4-ի գիշերը, Դեղձուտի վանքը ենթարկվել է սաստիկ երկրաշարժի, որի ցնցումները պարբերաբար շարունակվել են երկու շաբաթ: Այս մասին տեղեկանում ենք նույն թվականին տեղում ոմն Սարգսի պատվիրած ձեռագիր «Տոնապատճառի» հիշատակարանից. «յաշնան եղանակիս, որ ահագին շարժ եղեւ ի մէջ գիշերիս, ի մի շաբաթն Բ [2] դիր»: Երկրաշարժն այնքան ուժգին է եղել, որ ձեռագրի գրիչը խնդրել է Տեր Աստծուց «խնամեսցէ զսասանեալքս եւ զահաբեկեալքս»: Այն անշուշտ, մեծ վնաս է պատճառել Դեղձուտ գյուղին եւ նշանավոր վանքին, որը կիսավեր գոյատեւել է մինչեւ մեր ժամանակները:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Դեղձուտի վանքը

«Առավոտ» օրաթերթ
31.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930