Նախկինում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդներն էին գործում, հիմա արդեն Անկարան ցույց է տալիս, որ հրապարակային է ուղերձներ հղում Երեւանին
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցը մշտապես կապված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրից: Դեռ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Անկարան հստակ ցույց տվեց իր դիրքորոշումը՝ փակելով ՀՀ-ի սահմանը, այդկերպ իր հավատարմությունը ցույց տալով «եղբայրական Ադրբեջանին»: Նույնիսկ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» անպտուղ դարձավ: Կես «ճանապարհից» Անկարան Հայաստան-Թուրքիա նախաստորագրված արձանագրությունները փակեց «դարակում», այն կապելով ԼՂ խնդրի, Բաքվի պատկերացրած ու պահանջած լուծման հետ:
2020թ. 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ու Անկարան իրենց հաղթանակն են տոնում՝ «Լեռնային Ղարաբաղը» վերադարձնելու հարցում, այն լուծված են համարում, սակայն Անկարան չի կայացրել որոշում, օրինակ՝ Հայաստան-Թուրքիայի սահմանի բացման վերաբերյալ: Թե՝ ինչո՞ւ հարցի պատասխանը գտնելու համար պետք է արձանագրենք, որ Անկարայի ու Բաքվի նպատակներն այլ են, նրանք արդեն Հայաստանից նոր ակնկալիքներ ունեն՝ նոր իրողությունների պայմաններում:
1990-ականների սկզբին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ էականորեն այլ Թուրքիայի հետ գործ ունեինք: Դեռ այն ժամանակ այդ երկիրը ձգտում էր նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, դա մի երկիր էր, որի իշխանությունն անգամ որոշում էր կայացրել Հայաստանին ցորեն մատակարարել:
Կարդացեք նաև
Այսօր Էրդողանը տարբեր տարածաշրջանների հակամարտություններում ոչ միայն հավակնում է հիմնական խաղացողի դերին, այլեւ՝ որոշումներ կայացնողի դերին, որի կայացրած որոշումները կողմերը չպետք է վիճարկեն ու դրանց հետ պետք է հաշվի նստեն:
Վերջին ամիսներին Անկարան թեժացրել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու թեման, սկսել է հրապարակային ուղերձներ հղել: Բայց դա կրկին՝ նախապայմանների լեզու է:
Եթե նախկինում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդներն էին գործում, ապա հիմա արդեն Անկարան ցույց է տալիս, որ ուղիղ է Երեւանի հետ խոսելու ու շատ դեպքերում նաեւ հրապարակային է ուղերձներ հղելու ՀՀ իշխանություններին:
Հունիսի կեսին Թուրքիայի նախագահը Շուշիում էր եւ հենց այնտեղից ուղերձ հղեց. «Մենք պատրաստ ենք կատարել բոլոր քայլերը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու համար»։ Նա Հայաստանին կոչ արեց մասնակցել տարածաշրջանային զարգացմանը 6 երկրների ձեւաչափի շրջանակներում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի ու Հայաստանի ներգրավմամբ։ Ապա, Էրդողանը շեշտեց, թե Թուրքիան թույլ չի տա ղարաբաղյան ողբերգության կրկնությունը, բոլորին կոչ անելով՝ ճանաչել «Ադրբեջանի հաղթանակն ու հրաժարվել արկածախնդրային հույսերից»։
Էրդողանը մասնավորեցրել էր, թե որ պայմաններում է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ խնդիրների վերացմանը զուգահեռ Թուրքիան որոշակի քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ օրը Բաքվում՝ Ադրբեջանի խորհրդարանի անդամների առջեւ ունեցած ելույթում ընդգծել էր, թե՝ «Թուրքիայի հետ սահմանի բացումը անսահման առավելություններ կստեղծի Հայաստանի համար»։ Էրդողանը չէր մոռացել նաեւ «Զանգեզուրյան միջանցքի» թեման. «Այն երկաթուղով, որը կսկսի գործել «Զանգեզուրյան միջանցքի» շրջանակներում, հայերը հեշտությամբ կկարողանան գնալ Մոսկվա եւ աշխարհի այլ հատվածներ՝ դուրս գալով այն մեկուսացումից, որում հայտնվել են սեփական գործողությունների հետեւանքով»։
Այսինքն, Անկարան հիմա էլ Բաքվի պահանջներն է հրապարակային դնում Երեւանի առջեւ: Սա կրկին Անկարայի կողմից նախապայմանների լեզվով Հայաստանի հետ խոսելու «բարի» ավանդույթի շարունակությունն է:
Օգոստոսի սկզբին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնական Անկարան նշեց. «Հայաստանը պետք է զերծ մնա ագրեսիվ հռետորաբանությունից ու քայլերից եւ օգտագործի կայունություն եւ խաղաղություն հաստատելու հնարավորությունը, որ ստեղծվել է Հարավային Կովկասում տեւական դադարից հետո»: Բացի այդ, Թուրքիան նաեւ կոչ արեց Հայաստանին զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ` հավատարիմ մնալով ստանձնած պարտավորություններին: Հայտարարությունը չէր հստակեցնում, թե որ պարտավորությունների մասին է խոսքը եւ արդյոք տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը զարգացնելու համատեքստում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է դիտարկում:
Հիշեցնենք նաեւ, որ այս տարեսկզբին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մասնավորապես` հաղորդակցության ուղիների, այդ թվում Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ճանապարհը բացելու մասին, ինչը հնարավորություն կտա Թուրքիային ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ: Թուրքիայի արտգործնախարարը նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցն էր բարձրացրել՝ հավելելով. «Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ, Ադրբեջանի հետ միասին, համակարգված ձեւով դրական պատասխաններ կտանք»: Ընդ որում, Անկարայից ակնարկել էին, որ դրական արձագանքի շարքում կարող է նաեւ Հայաստանի հետ սահմանի բացման հարցը դիտարկվել:
Նկատենք, որ անցյալ տարի հունվարին Վաշինգտոն փոստում թուրք հայտնի վերլուծաբան Ասլի Այդինտաշբաշը մեջբերել էր իր զրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բարձրաստիճան խորհրդականներից մեկի հետ: «Մեզ համար խնդիրը մշտապես եղել է ադրբեջանական հողերի օկուպացիան, հիմա այդ խնդիրը լուծվել է։ Եթե Հայաստանն ուզում է քայլ անել, մենք պատրաստ ենք», – ասել էր թուրք բարձրաստիճան պաշտոնյան: Նույնը նաեւ նախագահ Էրդողանն էր հայտարարել դեկտեմբերին, երբ մեկնել էր Բաքու` մասնակցելու ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կազմակերպված հաղթական զորահանդեսին. «Մենք չենք կարծում, թե պետք է փակենք դռները Հայաստանի առջեւ, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն բերել եւ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Որտեղ էլ լինի, մենք Հայաստանի ժողովրդի հետ խնդիր չունենք, իմ երկրում հարյուր հազար հայ է ապրում: Մեր խնդիրը Հայաստանի իշխանությունների հետ է»:
Պաշտոնական Երեւանն, ըստ ամենայնի, այժմ համարում է, որ կարող է Անկարայի հետ առանձին խոսել, նույնիսկ պայմանավորվել: Անցյալ գարնանը Անվտանգության ՀՀ խորհրդի նախկին ղեկավար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե Թուրքիայի հետ հարաբերություններում Երեւանը պատրաստ է վերանայել իր մոտեցումները. «Եթե մենք գնում ենք ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն, եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։ ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, մինչդեռ, պնդում էր, որ Թուրքիան է, որ միջազգային հանրության ճնշման ներքո պետք է վերադառնա բնականոն գործընթացի, եւ առաջին հերթին`քայլեր ձեռնարկի սահմանը բացելու ուղղությամբ:
Անցյալ շաբաթ, օգոստոսի 26-ին Ռեջեփ Էրդողանը` Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ կրկին հայտարարեց, եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա: «Թուրքիան երկկողմ եւ բազմակողմ դիվանագիտական բանակցություններ է վարել` տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար»,- ասել էր Էրդողանը, հավելելով` ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել: «Մենք արդեն հայտարարել ենք` եթե Հայաստանը դրականորեն կարձագանքի այդ հնարավորություններին, ապա մենք էլ կանենք անհրաժեշտ քայլեր»,- նկատել էր Թուրքիայի նախագահը:
Հայաստանն այժմ ունի նոր արտաքին գործերի նախարար, թե ոչ հրապարակային ինչ ազդակներ է ստանում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն Անկարայից, հստակ չէ: Որպես պաշտոնական Երեւանի թարմ դիրքորոշում կարելի է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականները, որը նա հնչեցրեց կառավարության անցյալ շաբաթվա նիստում:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 31.08.2021