Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղազինյանը հարցազրույցում դավաճանության մեջ է մեղադրել Ռոբերտ Քոչարյանին, այսօր պնդում է, որ շփոթվել է, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմն է մեղավոր

Օգոստոս 31,2021 22:22

Այսօր, երբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը, ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Ղազինյանի՝ 2016-ի հարցազրույցներից մեկից մեջբերում արեց:

Ղազինյանն ասել էր. «Մինչև 98թ. ղարաբաղյան հակամարտությունը ընթանում էր ազգերի ինքնորոշման տրամաբանության մեջ, որովհետև կար ազգ, կար տարածք, որտեղ այդ ազգը ձգտում էր իշխանության, ինքնորոշման, դրա համար պայքարում էր, դրա համար պատերազմ եղավ, դրա համար լիիրավ բանակցում էր բոլոր բանակցություններին, այսինքն՝ իրացնում էր միջազգային իրավունքով ժողովրդին տրված իր իրավունքը: 98թ. հետո որոշում կայացվեց, որ Ղարաբաղն այլևս չպետք է մասնակցի բանակցություններին, որ Հայաստանը կներկայացնի նաև Ղարաբաղի շահերը, չնայած որևէ պաշտոնական լիազորում, փաստաթուղթ, որով ԼՂ-ն լիազորում է ՀՀ նախագահին իր անունից հանդես գալ, ես չեմ տեսել, եթե կա, ապա լավ կլինի դա հրապարակվի:

Երբ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից, խնդիրն ազգերի ինքնորոշման սկզբունքից տեղափոխվեց երկու պետությունների միջև տարածքային վեճի: Եթե խնդիրը դրվում է որպես տարածքային վեճ, ապա այստեղ գերակայում է տարածքային ամբողջականությունը: Միջազգային հանրությունը չի ցանկանում վտանգավոր նախադեպ ստեղծել, տարածքային վեճը լուծել հօգուտ տարածքների հավակնող պետության: Հետևաբար` միջազգային հանրության վերաբերմունքը փոխվեց Ղարաբաղի հարցի շուրջ, որովհետև մինչ այդ ազգերի ինքնորոշման սկզբունքն իրացվում էր, և բոլորն էին հասկանում, որ այստեղ Ղարաբաղի ժողովուրդն է պայքարողը, որ ժողովուրդն է ձգտում ինքնորոշման, անկախության: Հետագայում իրավիճակը փոխվեց, և իմ որակմամբ՝ դա ուղղակի դավաճանություն էր Ղարաբաղի ժողովրդի ու պետության հանդեպ: Չգիտեմ ինչ նկատառումներով դա արվեց, դիմացն ինչ ստացան, բայց այսօր մենք ունենք մի իրավիճակ, որտեղ խնդիրը միջազգային հանրության կողմից քննարկվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, որն իրավունքի տեսանկյունից աղետալի է Հայաստանի համար»:

Այս մեջբերումն անելով՝ Քրիստինե Պողոսյանը հարցրեց՝ փաստացի դուք ուղիղ դավաճանության մեջ մեղադրում եք Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» դաշինքի ղեկավարը կիսո՞ւմ է ձեր այդ կարծիքը: Ղազինյանը պատասխանեց, որ միգուցե սխալվել է ու 97 թվականի փոխարեն 98 է ասել՝ մեկ տարվա շեղում տալով. «Ժիրայր Լիպարիտյանը, որն այդ ժամանակ հանդիսանում էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդականը, իր հոդվածներից մեկում հրապարակեց տեղեկատվություն, որ այդ որոշումը՝ Արցախը բանակցությունից դուրս թողելու, եղել է ավելի շուտ: Հետագայում այդ բոլոր որակումները վերաբերում են այն քաղաքական ուժին, որն այդ որոշումը կայացրել է»:

Նա պնդեց, որ ըստ փաստերի, Արցախը բանակցություններից դուրս է մնացել առաջին նախագահի քաղաքական թիմի ղեկավարության օրոք:

Ղազինյանը նաեւ վերը նշված հարցազրույցում քննադատել էր ՌԴ-ին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար. «Հանուն ինչի՞, հանուն ո՞ւմ ենք մենք զոհաբերել մեր ինքնիշխանությունը, երբ լինելով ՀԱՊԿ անդամ, լինելով ԵՏՄ անդամ՝ մասնակցել ենք Ռուսաստանի կողմից հորինված և մեռելածին բոլոր միջազգային կազմակերպություններին, իրենց խնդրանքով, հորդորով ու պահանջով՝ զոհաբերելով մեր ինքնիշխանությունը հանուն անվտանգության»:

Քրիստինե Պողոսյանը հարցրեց՝ եթե զբաղեցնեք հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, ինչպե՞ս է ՌԴ գործընկերների հետ հանդիպումներ անցկացնելու:

Արթուր Ղազինյանը պատասխանեց, որ երբ ՌԴ-ում որոշեցին 4 մլրդ դոլարի զենք վաճառել, որպես ՀՀ քաղաքացի վրդովվել է, չէր կարողանում հասկանալ՝ Հայաստանը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է, ինչպե՞ս կարող էր ՌԴ-ն այդ քանակի զենք վաճառել Ադրբեջանին: Եթե այսօր էլ այդ քանակի զենք վաճառվի ՌԴ-ին, նորից իր վրդովմունքը կարտահայտի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031