Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում եմ պարզաբանել, թե դա ինչպե՞ս է լինում ․․․

Օգոստոս 31,2021 21:33

Շուտով կգա սեպտեմբերը և իմ մոտ, և շատերի մոտ հարց է առաջանում, կրթության և գիտության նախարարությունում կա մեկը, որ տեղյակ է կամ հետաքրքրվում է թե ինչ է կատարվում Պոլիտեխնիկում, թե ձեզ թվում է հոգաբարձուների խորհուրդը լիարժեք տիրապետում է իրավիճակին և հոգ է տանում։

Ո՞վ գիտի ի՞նչ առաքելություն ունի հոգաբարձուների խորհրդի անդամը։ Համոզված եմ շատերը, նույնիսկ մարդիկ ովքեր երբեք հոգաբարձուների խորհրդում չեն եղել։ Բայց արի ու տես, որ Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի Պոլիտեխնիկի ցուցակով ընտրված անդամները կարծում են թե իրենք միայն ռեկտորի ընտրությունները խեղաթյուրելու և պոլիտեխնիկի ֆինանսական միջոցները փոշիացնելու որոշումներ հաստատողներ են։

Այդ նույն հոգաբարձուներն այնքան են վստահում իրենց ընտրյալին և նրան հարողներին, որ աչք են փակում կամ չեն ուզում տեսնել թե ինչպես է ոչնչացվում Պոլիտեխնիկի հիմնադիր ֆակուլտետներից մեկը, ինչպես է ոչնչացվում քիմիական լաբորատոր բազան։ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տարածքային միավորման պատրվակով թիվ 1 մասնաշենքում հիմնահատակ ոչնչացվում է ուսումնական լաբորատորիաներ՝ դասախոսների համար «նստելու տեղ» կազմակերպելու պատրվակով։ Պոլիտեխնիկի այսօրվա ղեկավար պաշտոնյաներից այդ ո՞ր ինժեներ-մասնագետի մտքով է անցել տասնամյակներ քիմիական լաբորատորիա ծառայած տարածքը, անտեսելով աշխատանքի անվտանգության բոլոր ընդունված նորմերը և հնարավոր վտանգները, իրենց իսկ գործընկերներին հրամցնել որպես, մշտական գտնվելու աշխատատեղ։

https://www.youtube.com/watch?v=A47dlpIBDXo

Աշխատանքների նման կազմակերպման արդյունքում ի՞նչ կմնա ընդերքաբանության և մետալուրգիայի լաբորատոր բազայից, երբ դա մոտ կես կիլոմետր հեռավորությունից հասնի 1-ին մասնաշենք։ Ժամկետների ինչ սահմանագիծ է նախատեսում միայն օգոստոսին սկսված «աշխարհացունց» այս ծրագիրը, միայն «հայտնի» է իրենց ու աստծուն, բայց որ մի ամբողջ ինստիտուտի ուսումնական գործընթացն առնվազը 2-3 ամիս տապալման է դատապարտված առավել քան ակնհայտ է։

Ամբողջ ցավը նրանում է, որ այս դեղնակտուցներին և նրանց հոգևոր հայրերին թվում է թե ինժեներ կարելի է պատրաստել լսարանի կամ ուսխորհրդի նստարանները մաշեցնելով՝ առանց լաբորատոր և գործնական փորձառությունների, և դա ևս մի անգամ համոզում է, որ սրանք ինժեներ չեն և չունեն ինժեներական մտածելակերպ։ Գուցե Պոլիտեխնիկում կազմակերպեն շոումենի կամ էկոտուրիզմի կրթական ծրագիր, կա անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ Գործնական հմտություններն էլ կստուգվեն լաբորատոր սարքերից միլիոններ արժեցող խարույկ վառելու ունակությամբ։ Ով կցանկանա կվերապատրաստեն, ով չի ցանկանա կջնջեն մոտակա հարմար պահին։

Այսօր բոլորը խոսում են երկրի համար կարևորագույն ոլորտներից՝ բարձր տեխնոլոգիաների կարևորության մասին և թվում է Պոլիտեխնիկը պետք է լինի դրա լոկոմոտիվը, սակայն Պոլիտեխնիկի կապը բարձր տեխնոլոգիաների հետ պայմանավորված է միայն բարձր տեխնոլոգիաների նախկին նախարարի այցելության և փակ ու անգործ լաբորատորիաներով էքսկուրսիայից հետո անհեռանկար ելույթի հետ։

Ձևավորվեց նոր կառավարություն, հաստատվեց Բարձր տեխնոլոգիաների նոր նախարար և ես համոզված եմ նա չի կրկնի իր նախորդի «թերացումը» Պոլիտեխնիկի հարցում։

Նորից պետք է հարցնել՝ ԿԳՄՍ նախարարությունում ովքեր և որքան ժամանակ են ուսումնասիրել Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքները և ինչն է ստիպել նրանց չնկատել ակնհայտ խախտումները և տալ դրական եզրակացություն։

Այդ ինչն էր մանրամասն ուսումնասիրվել, այդ հոգաբարձուներից քանիսի հետ էր հանդիպում կազմակերպվել, որ բացարձակ ճշմարտություն ընդունեցիք Հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից ուղարկված փաստաթղթերը, -ընթացակարգերը պահպանված են – կեղծ պնդմամբ։ Թե կարծում էիք այդ նախագահը պետք է շարադրեր ու ձեզ հանձներ իր «ղեկավարած» նիստի իրական պատկերը։

Եթե ՀՀ արդարադատության նախարարությունը ևս խախտում չի նկատել, ապա ինչի համար են նրանք պարտադիր հաստատում այդ բազմաթերթ կանոնակարգերը, որի իսկ խախտումները չեն նկատում։

Այդ ինչ տարընկալումներ են հաշվիչ հանձնաժողովում և ինչ խախտման շուրջ, որ էական նշանակություն չունի ընտրության վերջնարդյունքի վրա։ Ասեք այդ դեպքում ինչի համար է ընտրվում հաշվիչ հանձնաժողով, ինչի համար են նրանք ընտրում նախագահ, ինչի համար են արձանագրություն կազմում, ինչի համար է խորհուրդը քվեարկությամբ հաստատում հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը։

Եթե կա հստակ սահմանված արձանագրության ձևաչափ, ապա ինչ իրավունքով կամ պարզապես, ինչից ելնելով են նրանք կազմում նոր ձեռագիր «արձանագրություն» ու նկարում 3 ստորագրություն, այն դեպքում, երբ հայտնի է հաշվիչ հանձնաժողովի 2 ստորագրությամբ արձանագրությունը, հայտնի են հաշվիչ հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունները խախտումների մասին, իսկ նախարարությունը հիմք է ընդունում ներկայացված նկարած կեղծ արձանագրությունը և համարում է, որ տարաձայնությունները ընդամենը մի փոքր հանձնաժողովի ընթացակարգային թերություն է։

Հետաքրքիր է, նախարարությունը ունի դիրքորոշում, որն է համարվում ոչ փոքր հանձնաժողով և ինչ կարգի թերությունն է համարվում մրցույթի արդյունքի վրա ազդող։

Եվ վերջապես հետաքրքիր է, այդ ո՞վ «Գոռ և ընկերներ ՍՊԸ»-ից միջնորդեց, ինչով, ինչպես և ո՞ւմ համոզեց, որ 45 օր անորոշության մատնված գործը հաստատվեց կառավարության կողմից։ Այդ ով էր ԲՀԿ-ՀՀԿ ու այժմ էլ իշխանական, թեև ներթափանցած այդ այսպես կոչված «պաշտոնյա-գարանտը», որ այս վիճակին հասցրեց Պոլիտեխնիկը։

Հարգելի Պոլիտեխնիկցիներ, դիմորդներ, լրատվամիջոցներ և այլ շահագրգիռ անձինք, ով չգիտի թող իմանա, կցված է ռեկտորի աթոռի այսօրվա զբաղեցնող Գոռ Վարդանյանի ասպիրանտուրայում ուսումնառության մաթեմատիկայի քննության տետրի պատճենը, որտեղ պարզ երևում է այդ անձի գիտելիքները ինժեներական գիտությունների մայր առարկայից:

Սակայն ․․․ այդ օրերի նախարարի կողմից ուղարկված բազմաթիվ հանձնաժողովների ջանքերի շնորհիվ փոխվեց ինչպես ռեկտորը, այնպես էլ գնահատականը։

Խնդրում եմ հնարավորության սահմաններում պարզաբանել, դա ինչպես է լինում:

 

Արամ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Պոլիտեխնիկի Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031