Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Արթուր Ղազինյանը չի ծառայել բանակում. «Դուք իմ տեղը լինեիք՝ պարոն Ղազինյանին կընտրեի՞ք»

Օգոստոս 31,2021 21:12

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը Դոնթի բանաձեւով «Հայաստան» խմբակցությանն է: Այսօր խմբակցությունն այդ պաշտոնում ներկայացրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նրան ներկայացրեց Գեղամ Մանուկյանը:

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Մանուկյանին հարցրեց՝ նոյեմբերի 9-ից սկսած՝պարոն Ղազինյանը ինձ, մեզ բոլորիս, ՔՊ ներկայացուցիչներին բազմաթիվ անձնական վիրավորանքներ է հասցրել, անհիմն, անպատասխանատու արտահայտություններ է թույլ տվել, դուք իմ տեղը լինեիք՝ պարոն Ղազինյանին կընտրեի՞ք: Գեղամ Մանուկյանն էլ պատասխանեց, որ ՔՊ-ականներին վիրավորական արտահայտություններ չի արել, կոնկրետ անձ է եղել՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, որը եղել է քննադատության թիրախում. «Ինչ վերաբերում է հարցին, սկզբունքի հարց է, ես լինեի ձեր տեղը՝ չէի ընտրի»: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գնահատեց Գեղամ Մանուկյանի անկեղծությունը:

Ղազինյանն էլ վիրավորանքների հետ կապված ասաց, որ այո, եղել են որակումներ ու գնահատականներ, բայց անձնական վիրավորանք հրապարակային դաշտում առնվազն խուսափել է տալ. «Քաղաքական դաշտում եղել են սուր գնահատականներ, շարունակվում են ու լինելու են: Միգուցե դրանք ձեզ ոչ հաճելի են, դուք դա կհամարեք վիրավորական, բայց այն, ինչ տեղի ունեցավ մեր երկրում…»: Անդրանիկ Քոչարյանը կանխեց նրա խոսքը:

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են անտեսում Ղազինյանի՝ բանակում չծառայած լինելը: Ղազինյանն էլ բացատրեց, որ ասպիրանտուրա ընդունվողների համար այն ժամանակ տարկետման իրավունք է եղել ու ինքը գիտությամբ է զբաղվել: Իսկ գիտության խնդիրը, ըստ Ղազինյանի, նաեւ այն է, որ պաշտպանի զինվորին ու թույլ չտա կրակոցներ լինեն. «Զինվորը կրակում է այն պարագայում, երբ կազմաքանդվում են մնացած անվտանգային համակարգերը: Պետք է գործի լավ ներքին անվտանգություն, որ զինվորը ստիպված չլինի կրակել: Իմ խնդիրն է եղել լուծել այդ հարցը: Ես զբաղվել եմ դիվանագիտությամբ, մասնակցել եմ բազմաթիվ կոնֆերանսների, ունեցել եմ նաեւ հանդիպումներ թշնամի պետության ներկայացուցիչների հետ, եղել են փակ ֆորմատով քննարկումներ, փորձել ենք գտնել բանակցային այնպիսի հնարավորություններ, որոնք կտան լավ անվտանգային միջավայր մեր զինվորների համար: Կարծում եմ, դա ոչ պակաս կարեւոր աշխատանք է, քան իրականում զինվորական ծառայությունը՝ բացարձակապես բարձր գնահատելով ու խոնարհվելով մեր բոլոր զինվորների առջեւ, որոնք սահմանին կանգնած են: Ես օգտվել եմ այդ պահին գործող օրենքով սահմանված ընթացակարգից: Ծառայել եմ ՀՀ-ին ու իմ ժողովրդին այն խրամատում, որը վերապահվել է ինձ ՀՀ օրենսդրությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031