Aravot.am-ն այսօր Գյումրի այցելած ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեց, թե սփուռքահայ գործարարները ներդրումներ անո՞ւմ են հայրենիքում։
«Այո, գործարարներ կան, ներդրումներ անում են, մենք, իհարկե, ամենօրյա պայքարի մեջ ենք, որպեսզի կարգավորենք և հստակեցնենք ներդրումային դաշտը Հայաստանում, որովհետև այո՛, կան բազում խոչընդոտներ, բյուրոկրատական, հաճախ կամայական, բայց ամեն դեպքում պակաս ներդրողների, չի զգացվում։ Շատ ուրախությամբ եմ ուզում նշել, որովհետև գիտեք, պատերազմից հետո տրամադրություններն ինչպիսին են Հայաստանում և Սփյուռքում, բայց դա կարծես չի ազդել ներդրումային տրամադրություն կամ մտադրություն ունեցող անձանց վրա»,- ասաց Զարեհ Սինանյանը։
Նա նշեց, որ ներդրումներ կատարում են տարբեր ոլորտներում՝ բարձր տեխնոլոգիաներից սկսած մինչև տուրիզմ, գյուղատնտեսություն։
Կարդացեք նաև
Զարեհ Սինանյանը Գյումրի էր այցելել հայրենադարձությանը նպաստող «Ի գործ» ծրագրի մեկնարկն ազդարարելու։ Այս ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի ու 19 երկրներից ժամանած 52 մասնագետներ արդեն իսկ ներգրավվել են ՀՀ կառավարության աշխատանքներում։
Ծրագրի շրջանակներում ՌԴ-ում բնակվող Սոֆյա Սեյրանովան, որն ավարտել է Սարատովի ազգային հետազոտական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, մեկ տարով կաշխատի Շիրակի մարզպետարանում՝ արտաքին կապերի ոլորտում։ Վերջինս մեծ ուրախությամբ է եկել Գյումրի, պատմում է, որ փոքր հասակից բնակվել է ՌԴ-ում, այժմ լավ առիթ կա հայրենիքին ծառայելու։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Շիրակի մարզը Երևանից հետո առաջինն է, որտեղ իրագործվելու է այս ծրագիրը։ Նա « Ի գործ»-ը մինի հայրենադարձության ծրագիր անվանեց՝ ասելով․ «Այն փաստը, որ մեր մասնակիցներից 2-ը դեռ ամիսներ առաջ լքեցին ծրագիրը, որովհետև մշտական անցան կառավարության մարմիններ՝ մշտական աշխատանքի, և այն փաստը, որ ևս 11 անդամ կառավարության խնդրանքով երկարաձգում են իրենց պայմանագիրը ևս մեկ տարով, ընդ որում ոչ հանրապետական ռեսուրսների հաշվին, այլ «Հովնանյան» հիմնադրամի, որի դերը մեծ է, հոգում է կեցություն ծախսերը, սա արդեն ցուցիչ է, որ ծրագիրն իրականում շատ հաջող է»։
Ծրագրի մասնակիցների 50 տոկոսից ավելին ավարտից հետո մնում են հայրենիքում։ Ծրագրի մասնակիցների թվում կա նաև 60 տարեկան մասնագետ, ամենաշատը դիմում են ՌԴ-ի մեր հայրենակիցները, թեև կան մասնակիցներ ԱՄՆ-ից, Կանադայից, Լիբանանից, նաև Չինաստանից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: