«Որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից: Մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- օրերս կառավարության նիստում հայտարարեց կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ չմանրամասնելով, սակայն, թե Թուրքիայից եկող այդ «դրական ազդակները» գործնականում ի՞նչ դրսեւորումներ ունեն:
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ակնհայտ է համարում, որ Թուրքիայի պահվածքում եւ նախապայմանների քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չկա, ուստի «դրական ազդակի» մասին խոսելն անտեղի է համարում. «Այն դիրքորոշումը, որն ունեցել է Թուրքիան 1990-ականներին, այդ նույն դիրքորոշումն ունի նաեւ այսօր: Անգամ նույնիսկ տերմիններն են նույնը, ուղղակի, երեւի թե փոխվել է մեր իշխանությունների ընկալումը. այն բացասականը, որը կա Թուրքիայի քաղաքականության մեջ, նրանք փորձում են ընկալել դրական»:
Մեր զրուցակիցը հիշեցնում է թուրքական հիմնական երեք նախապայմանները՝ Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծում, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցում եւ Թուրքիայի տարածքային ամբողջականության կամ Կարսի պայմանագրի ճանաչում եւ թեկուզ խորհրդանշական մակարդակով հայկական պահանջատիրության դադարեցում:
«Թուրքական նախապայմաններն այսօր էլ օրակարգում են»,- ասում է թուրքագետը՝ հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջին հայտարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, որում Թուրքիայի նախագահ որեւէ խոսք չի ասում նախկինում, թուրքական կողմից առաջ քաշվող նախապայմանների մասին, բայց մեծ ցանկություն է հայտնում, որ «Հայաստանի նոր կառավարությունը տարածաշրջանի համար կլինի դրական գործոն»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի գնահատմամբ, անգամ մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ Թուրքիայի նախագահը շատ պարզ կրկնում է հայտնի երեք նախապայմանները՝ մի փոքր շեշտադրում փոխելով: Խոսքն այն մասին է, որ ըստ իրենց գնահատականների, իրավիճակն Արցախում փոխվել է եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում կարող է լինել այն պարագայում, երբ Հայաստանն ընդունի այլ երկրների տարածքային ամբողջականության գերակայությունը, այսինքն, Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը. «Էրդողանը շեշտեց նաեւ Թուրքիայի տարածքային ամբողջականության գերակայության մասին: Այսինքն, Հայաստանը կամ պետք է ճանաչի Կարսի պայմանագիրը կամ հրաժարվի հողային պահանջատիրության մասին անգամ երազանքից: Էրդողանը բառացի ասաց, որ Հայաստանի հետ հարաբերությունների հետ հաստատում կարող է լինել այն ժամանակ, երբ «Հայաստանը դադարեցնի անցյալի վրա հենված թշնամանքը եւ միակողմանի մեղադրանքները»: Եթե որեւէ ոչ մասնագետ Էրդողանի այս խոսքերը կարող է մեկնաբանել այլ կերպ, քան հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցման մասին ակնարկ, ապա նա երեւի թե շատ մեծ երեւակայություն կունենա»:
Ռուբեն Մելքոնյանը տարակուսած է՝ այս ամենում ի՞նչ դրական ազդակ են գտել Նիկոլ Փաշինյանն ու նրան սատարող շրջանակները: Իբրեւ մասնագետ, ինքն արձանագրում է, որ Թուրքիայի կեցվածքում եւ հռետորաբանության մեջ, մեզ համար որեւէ դրական փոփոխություն չկա. «Երեւի թե մեր իշխանությունների պատկերացումներն են փոխվել՝ մեզ համար դրական եւ բացասական ընկալումների հետ կապված եւ, միգուցե, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նրանց համար գերակայություն չէ, ուստիեւ, այդ գործընթացից հրաժարվելը նրանք չեն համարում բացասական քայլ, ավելին, գնահատում են դրական»:
Եթե Թուրքիայի հետ սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչը ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ստանա՝ հրաժարվելով Արցախից, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով, հրաժարվելով հայոց ցեղասպանության փաստից եւ համազգային հիշողությունից, պատմական Հայաստանի ընկալումից՝ անկախ նրանից, դա դրսեւորվում է Սեւրի պայմանագրով, թե Կարսի պայմանագրով, այս ամենի գնով, ապա, Ռուբեն Մելքոնյանը սա գնահատում է մեր ինքնության, պետականության ինքնության կորուստ՝ հանուն բաց սահմանների:
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ անկախ Հայաստանի որեւէ իշխանություն՝ անկախ երեք նախագահների մոտեցումների կամ ոճերի տարբերություններից, չի գնացել որեւէ զիջման այս կարեւոր առաջնահերթություն հարցերում. «Մենք չենք հասնում ոչնչի, եթե դա լինելու է ի հաշիվ մեր ազգային հավաքական հիշողության, ազգային իղձերի եւ Արցախի: Այդ ամենի դիմաց ստանալ Թուրքիայի հետ բաց սահմաններ եւ դա համարել հաղթանակ, դա երեւի թե հասու է որոշակի խմբի մարդկանց ընկալման համար»:
Հարցին՝ մոտ ապագայում մեզ սպառնո՞ւմ է դառնալ Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացիներ, ինչպես առաջարկել էր Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս պահին դա հնչում է շատ խորթ, որովհետեւ չի կարող որեւէ բանական հայ համաձայնվել դառնալ մի երկրի քաղաքացի, որտեղ հայերն ատելության թիրախ են, որտեղ անգամ հայ տարեց մարդիկ գլխատվում են՝ միայն հայ լինելու համար, ինչի օրինակները մենք տեսանք նաեւ վերջին պատերազմի ժամանակ: Այնպես որ, այս պահին, ես, իհարկե, նման հնարավորությունը բացառում եմ: Բայց, միեւնույն ժամանակ, այդքան էլ ինքնավստահ չեմ ասում՝ հաշվի առնելով այն իրողությունները, որ մենք մեր շրջապատում ունենք քաղաքացիներ, ովքեր հրապարակում հայտարարում են՝ «թող Ալիեւը գա մեզ կոտորի, միայն թե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չգան իշխանության», մարդիկ կան, որոնք ասում են՝ Շուշին թուրքական է, մարդիկ կան՝ ասում են Շուռնուխն էլ է թուրքական, մարդ կա, որ կառավարության նիստում էլ է գյուղերը ադրբեջանական անվանումներով ասում, մարդիկ կան, որոնք ասում են՝ «թող մեր ու մանուկ կոտորվեն, միայն նախկինները չգան», անգամ խորհրդարանում, իշխող կուսակցության պատգամավորը փաստաբան Արամ Վարդեւանյանին ասում է՝ ի՞նչ իրավունք ունեք Էրդողանին միջազգային հանցագործ անվանել…գուցեեւ այս մտածողության համար, մոտ ապագայում այդքան էլ խորթ չլինի Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացի դառնալու հեռանկարը: Բայց, դեռեւս հույս եմ փայփայում, որ թրքաբարո մտածողությամբ մարդիկ մեզանում փոքրամասնություն են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ