Կապանի տարածաշրջանի 9 սահմանամերձ բնակավայրերի դպրոցների 70 աշակերտ օրերս «Նոր Նախիջեւան» մարդասիրական հիմնադրամի կողմից ստացան պայուսակ ու գրենական պիտույքներ։ Հիմնադրամի կողմից իրականացվող երկու՝ «Գիրք սահմանին» եւ «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերն ամփոփվեցին մարզկենտրոնի մշակույթի կենտրոնի դահլիճում։ Հենց բեմից հնչեցնում էին սահմանամերձ գյուղի դպրոցի անունը, եւ աշակերտներն ու մանկավարժները ստանում էին նվերները։
Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանի հետ հիմնադրամի տնօրենը եղել է բոլոր սահմանամերձ գյուղերում, ուսումնասիրել կարիքները։ Հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի խոսքով, «Գիրք սահմանին» ծրագիրը նպատակ ունի աջակցել գյուղի դպրոցների գրադարաններին։ «Բազմաբնույթ գրքեր ենք տվել՝ գեղարվեստական, մասնագիտական, դպրոցական ծրագրին համահունչ գրականություն։ Ձեռք ենք բերել 83 անուն գիրք ամեն մի դպրոցի համար։ Ամենակարեւորը երեխան դասարանում դասը սովորելուց հետո կգնա ընթերցասրահ, կկարդա լրացուցիչ գրականություն»,–ասում է Մհեր Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Գեղանուշ սահմանային բնակավայրի դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանի խոսքով ՝ դպրոցում 73 աշակերտ կա, անցած ուսումնական տարում դպրոցի աշակերտների թիվը համալրեցին Արցախից տեղահանված 16 երեխա։ Տնօրենը անկեղծանում է՝ ժամանակակից աշակերտը գիրք չի կարդում։ « Անկեղծ ասած չեն կարդում գիրք, համացանցով եմ հետևում, բանավոր խոսքը զարգացած չէ մեր աշակերտների։ Կարծում եմ, սա խթան կլինի, որ աշակերտները կարդան գրքերը»,–ասում է Գայանե Գրիգորյանը։
Ագարակի դպրոցի գյուղը արցախյան եւ ոչ մի պատերազմի օրոք չի ընդհատել պարապմունքները։ Դպրոցը գյուղին կենդանի կպահի՝ ասում է Ագարակի դպրոցի դասվար Մարինե Շիրինյանը, որը նաեւ իր դստեր՝ 3-րդ դասարանցի Մանեի ուսուցչուհին է։ «Սա մեծ օգնություն է։ Բոլորը գիտեն այս սեզոնին ծնողը ինչքան գումարներ է ծախսում, մեծ օգնություն է սա, մի բան պակաս կառնենք»,–ասում է մեր զրուցակիցը։
Ի դեպ, միջոցառմանը սահմանամերձ գյուղերի սովորողներին, մանկավարժներին եւ ծնողներին երաժշտական կատարումներով ողջունեցին Կապանի մշակույթի կենտրոնի «Նարին» պարային համույթն ու Վահան Մանուկյանի երգի ստուդիայի սաները։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ