Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն վարվում». Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում

Օգոստոս 31,2021 18:50

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Առանձնազրույցին հաջորդած ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳ նախարարը ողջունել է Արարատ Միրզոյանին Մոսկվա կատարած իր առաջին այցի կապակցությամբ՝ հավելելով որ խորհրդարանի խոսնակի պաշտոնում պաշտոնավարման շրջանում Միրզոյանը արդեն իսկ հասցրել է ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել ռուսաստանցի իր գործընկերների հետ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս այցն ի ցույց է դնում հայկական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս խթանելու բարեկամության և եղբայրության դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ դաշնակցային հարաբերությունները:

ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն քննարկել են  հայ֊ռուսական հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը:

«Ելնում ենք նրանից, որ դաշնակից պետություններն օբյեկտիվորեն շահագրգռված են և փոխադարձ աջակցության սկզբունքներով առաջնորդվելով՝ հանդես են գալիս դաշնակցի հնարավորությունների ավելացման օգտին՝ ինչպես անվտանգության և տնտեսության, այնպես էլ՝ այլ ոլորտներում»,- իր խոսքում նշել է նախարար Արարատ Միրզոյանը: Մտքեր են փոխանակվել նաև տնտեսական համագործակցության միջկառավարական, ինչպես նաև միջխորհրդարանական և ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների շրջանակներում երկկողմ օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ:

Հանդիպման առանցքային թեմաներից էին տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցերը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է․ «Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության։ Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, և դա մեծապես պայմանավորված ​​է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ցանկանում եմ արձանագրել, որ Բաքուն չի կատարում իր պարտավորությունները՝ ստանձնած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որը ձեռք է բերվել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ: Ավելին, միջազգային իրավունքի խախտմամբ, Ադրբեջանը ձեռնարկում է բացահայտ սադրիչ գործողություններ, որոնք ուղղակի ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետ մենք բախվել ենք այս տարվա մայիսի 12-ից: Այս բոլոր գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի իշխանությունների՝ շարունակական հայատյաց և ագրեսիվ հռետորաբանությամբ»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ռուսաստանի առանցքային դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կատարված աշխատանքներում, կարևորել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահների հայտարարությունները, որոնցում, մասնավորապես, շեշտվում է սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից զերծ մնալու և հնարավորինս շուտ, առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման համար:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին

 

Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Առաջին հերթին, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ ջերմ ընդունելության և քիչ առաջ տեղի ունեցած բովանդակալից զրույցի համար։

Անկասկած, Հայաստանի և Ռուսաստանի միջև բացառիկ բնույթի հարաբերությունները կանխորոշել են ինչպես իմ օտարերկրյա առաջին այցի աշխարհագրությունը, այնպես էլ` այսօրվա բանակցությունների մթնոլորտը, որոնց արդյունքները, վստահ եմ, ամբողջությամբ տեղավորվում են մեր պետությունների դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ջանքերի տրամաբանության մեջ։

Բաց և վստահելի մթնոլորտում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հիմնական հարցերը, որոնք լայն դաշտ են ստեղծում նաև բազմակողմ հարթակներում արտաքին քաղաքական համակարգման համար:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, և, առաջին հերթին՝ իհարկե, մեր տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային։

Բնականաբար, պատշաճ ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը՝ նշելով այն ուղղությունները, որոնց շուրջ պետք է ակտիվացնել համատեղ ջանքերը։

Հիմնական շեշտը դրվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման հետ կապված հարցերի քննարկմանը:

Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի կասեցման գործում։ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես Բաքվի կողմից սադրանքներ կանխելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովող գործոն, նախադրյալներ է ստեղծում բնականոն կյանքի վերականգնման համար: Այս կապակցությամբ կցանկանայի երախտագիտությամբ նշել Ռուսաստանի Դաշնության և նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետևողական ջանքերը։

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված պայմանավորվածությունների իրականացմանը, որոնց թվում խիստ արդիական է ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք: Դրա հետ մեկտեղ, 10 ամիս անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, ոտնահարում է ինչպես տվյալ հարցի վերաբերյալ, այնպես էլ հայտարարության այլ դրույթների իրագործումը՝ միևնույն ժամանակ տարածելով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունը: Եվ այս ամենը մատնանշում է Բաքվի՝ պայմանավորվածությունները հարգելու կարողության աստիճանը, որը շարունակում է դիմել ակնհայտ սադրանքների՝ լուրջ հարվածի տակ դնելով տարածաշրջանում, առանց այդ էլ, երերուն իրադրությունը։

2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք անընդունելի է և միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:

Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք այդ օրակարգի շուրջ ակտիվ բանակցություններ վարել։ Սակայն Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային անհիմն պահանջները և ադրբեջանական իշխանությունների շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության մթնոլորտի ձևավորմանը։

Այսօր իմ կողմից ևս մեկ անգամ արձանագրվեց այն փաստը, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հարցը շարունակում է մնալ բաց: Մենք հիմք ենք ընդունում այն, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել խնդրի կարգավորմանը, որը խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում։ Նման կարգավորման հիմքում պետք է, առաջին հերթին, ընկած լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Տարածաշրջանի վերականգնման գործում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավման հարցի շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ իմ կողմից արձանագրվեց, որ հումանիտար հասանելիությունը Արցախ չպետք է քաղաքականացվի․ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է: Չափազանց հրատապ է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված մի շարք մշակութային, այդ թվում՝ հայկական կրոնական հուշարձանների պահպանության խնդիրը։

Չափազանց հրատապ է նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած Արցախի բազմաթիվ մշակութային, այդ թվում` հայկական կրոնական հուշարձանների պահպանման խնդիրը:

Անդրադառնալով տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը՝ նշվել է, որ հաղորդակցման ուղիների բացումը կարող է փոխել տարածաշրջանի պատկերը, դիվերսիֆիկացնել լոգիստիկ կապը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը ուրվագծում է այդ գործընթացի շրջանակները։ Այստեղ նույնպես, մեր համոզմամբ, դրույթների կամայական մեկնաբանումն անթույլատրելի է։

Արտաքին քաղաքականության համակարգման համատեքստում քննարկել ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, որտեղ Հայաստանը շուտով կստանձնի նախագահությունը, որը միտված կլինի կազմակերպության ներուժի բարձրացմանը՝ ի շահ հավաքական հիմունքներով անվտանգության ապահովման և համաչափ զարգացման:

Եվ վերջում կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար: Սպասում ենք Ձեզ Երևանում` Ձեզ հարմար ցանկացած ժամանակ:

 

Հարց․ Ծրագրվա՞ծ են արդյոք հայկական և ադրբեջանական կողմերի միջև հանդիպումներ որևէ ձևաչափով, կամ նախատեսվու՞մ է համատեղ հանդիպում։

Ադրբեջանը մինչև օրս չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, համաձայն որի՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով: Փաստորեն, ադրբեջանական կողմը խոչընդոտում է այսչափ կարևոր հարցի շուրջ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որը կարող էր նպաստել մնացած հարցերի քննարկման համար որոշակի նախադրյալների ստեղծմանը։ Ի վերջո, ինչպես եք պատկերացնում այս հրատապ մարդասիրական հարցի լուծումը, որը տառապանք է պատճառել բազում հայ ընտանիքների։

Արարատ Միրզոյան․ Հայաստանը վաղուց արդեն կատարել է իր պարտավորություններն այս հարցի վերաբերյալ․ հայկական կողմը ազատ է արձակել և Ադրբեջանին է վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով։ Մենք կարծում ենք, ինչպես արդեն ասել է նախարար Լավրովը, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ ոչ միայն ի կատարումն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր կողմից ստանձնած դրույթների, այլ նաև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար, և այդ մթնոլորտում արդեն կարելի է ձեռնամուխ լինել բոլոր հարցերի վերջնական կարգավորման շուրջ քննարկումների հետագա գործընթացներին: Ինչ վերաբերում է նախորդ հարցին, ապա Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք, և մենք կարգավորումը տեսնում ենք միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով, այնպես որ մենք պատրաստ ենք հանդիպման։

Հարց․ Թալիբանը հայտարարել է Աֆղանստանում վերջնական հաղթանակի մասին՝ վերջին ամերիկյան զինծառայողի հեռանալուց հետո։ Որպես ՀԱՊԿ անդամներ, Ռուսաստանը և Հայաստանն ինչպիսի՞ ընդհանուր դիրքորոշում ունեն աֆղանական հարցի շուրջ։

Արարատ Միրզոյան․ Իհարկե, մենք հետևում ենք Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: Վստահաբար կարելի է ասել, որ մենք հավատարիմ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք ողջունելու ենք և, սկբունքորեն, հարգելու ենք իրենց ապագայի վերաբերյալ Աֆղանստանի ժողովուրդի կայացրած որոշումը: Ինչ վերաբերում է Հայաստանին` որպես ՀԱՊԿ անդամ պետության, մենք կցանկանայինք հավաստիանալ, որ բոլոր տարածաշրջաններում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ երկայնքով, այդ թվում՝ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Աֆղանստանը, տիրի խաղաղություն և կայունություն։ Ուստի մենք նույնպես ջանքեր կգործադրենք արդեն սեպտեմբերյան գագաթնաժողովի շրջանակներում, որպեսզի այս հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում մշակված լինի։

Հարց. Կարո՞ղ եք Ձեր կարծիքը հայտնել Ադրբեջանի այն դիրքորոշման վերաբերյալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիրը պետք է ներառի Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

Արարատ Միրզոյան․ Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ հաշտության պայմանագրի վերաբերյալ երկրորդ հարցին` Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես այժմ կկենտրոնանայի 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս փուլում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն վարվում: Եթե ​​երբևէ նման բանակցություններ սկսվեն, ապա դրանք անպայմանորեն պետք է ներառեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` Մինսկի խմբի համանախագահների կողմից արդեն իսկ ամրագրված սկզբունքների հիման վրա։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031