Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչփարում խառն են․գյուղապետն ասում է՝ իրեն թիրախավորել են, քանի որ եղբայրը Փաշինյանի դեմ հաղորդում է տվել, գյուղացիներն էլ գյուղապետին  մեղադրում են գյուղն աչքաթող անելու համար   

Օգոստոս 31,2021 18:04

Արարատի մարզի Խաչփար համայնքը 30 տարի ղեկավարող Ղազար Մարտիրոսյանը  հաղորդում է տվել իրավապահներին, որի համաձայն, «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքի «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդավար Գնել Սարգսյանը վիրավորել է իրեն, եթերում իրեն  անվանել է «խուլիգան, գյադա, անասուն, հանցագործ»,  իր կողմից առերեւույթ հանցագործություն կատարելու վերաբերյալ կատարել է սուտ մատնություն, որից հետո դրդել Արարատ  Առուստամյանին իրեն վրաերթի ենթարկելու եւ կյանքից զրկելու։ Մեր տեղեկություններով՝ այս հաղորդման հիման վրա իրավապահ մարմիններում նյութեր են նախապատրաստվում։

ՀՀԿ-ական այս համայնքապետը հոկտեմբերի 27-ի գործով նախկին դատախազ, այժմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եղբայրն է։  Հակոբ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության համար։

Մեզ հետ զրույցում համայնքապետն ասում է, որ ինքը թիրախավորվել է իր եղբոր գործունեության համար։

Իսկ Գնել Սարգսյանը «Ֆրի Նյուզի» եւ ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերներում մի քանի անգամ անդրադարձել է Խաչփար գյուղի խնդիրներին, մասնավորապես՝ ոռոգման ջրի։  «Ջուրը հասնում ա գյուղ, չի հասնում գյուղացուն, հասնում է որոշ դաշտեր, որոնք կարող եք գուշակել՝ ում են պատկանում, «կանալներն» ամբողջը քանդած։ ․․․մարզպետարանից սուբվենցիոն ծրագրով գումար է դուրս գրվում՝ 15-րդ փողոցը կառուցապատելու համար։ Այս փողոցում գյուղապետի եւ նրա եղբոր մեծ դղյակներ են։ Գնում եմ ու տեսնում, որ էդ փողոցում բացարձակ բան չի արվել․․․»,-եթերներից մեկում ասել է հաղորդավարը։ Նա անձամբ է այցելել գյուղ, եւ կրկին ուղիղ եթերում ցուցադրել գյուղի վիճակը։

Ֆեյսբուքի ուղիղ եթերում Գնել Սարգսյանը   գյուղի մի տարեց բնակչի, այսպես ասած, պաշտպանության համար զանգահարել է ոստիկանություն, եւ ապա ոստիկանների այցի ժամանակ պատմել, որ  այս տարեց կնոջը գյուղապետը հայհոյել է, սպառնացել, մեքենան վարել է այս կնոջ վրա, եւ այս ամենը արել է այն պատճառով, ինչ է թե տարեց կինն ու մի քանի բնակիչ Գնել Սարգսյանի ուղիղ եթերում խոսել են, բողոքել են գյուղի խնդիրներից։ Նույն ուղիղ եթերում այս տարեց կինն էլ ոստիկաններին նույնն է պատմել, նաեւ նշել՝ գյուղապետը կոպիտ է խոսել նրա հետ, սպառնացել, թե ինչու է Փաշինյանին ձայն տվել։

Aravot.am-ի հետ զրույցում համայնքապետ Ղազար Մարտիրոսյանն իր դեմ բողոքները հերքում է․«Գնել Սարգսյանը եկել էր գյուղ, եթերում բողոքում է ոռոգման ջրից,  դա գյուղապետարանի իրավասության տակ չի։ Բայց իր հաղորդման եթերում անընդհատ շեշտում է՝ բա գիտեք էս գյուղապետն ով է, այսինչ փաստաբանի եղբայրն է, փորձելով ոչ թե իմ անձը ցույց տալ, այլ՝ ժողովրդին ցույց տալ, որ տեսեք, էս գյուղապետը էս ինչ մարդու եղբայրն է։ Իմ եղբայրն է, մենք տարբեր հայացքների տեր ենք,  ես ու իմ ընտանիքը իր հայտարարությունների եւ տեսակետի հետ կապ չունենք, ինչո՞ւ է փորձում դա կապել իմ անձի հետ, կոչ անում ժողովրդին հավաքվել իմ դեմ։  Ուղիղ եթերում ասում է՝ Լյուբա Հովհաննիսյանին ընտրություններից հետո ասել եմ՝ ինչո՞ւ ես Փաշինյանին ձայն տվել։ Ես նրա հետ ընդհանրապես չեմ հանդիպել։  Հետո հրավիրում են Առուստամյանին ու էլի մի քաղաքացու, Առուստամյանն ուղիղ եթերում հայտարարում է, որ ինքն իր ձեւով է փորձել հարցը լուծել գյուղապետի հետ, այսինքն՝ ավտոն վրաս է քշել»։

Համայնքապետի պատմելով՝ հունիսի 20-ի երեկոյան ինչ-որ քաղաքացի ոստիկանությանը ահազանգել է, թե Ղազար Մարտիրոսյանը ընտրություններում ինչ-որ մարդկանց է ուղղորդում․«Այս վայրկյանից են խնդիրները սկսվել։ Ես չգիտեմ՝ ում եմ ուղղորդել։ Էդ օրը թաղային տեսուչը զանգել է ինձ, ասել, թե այ սենց ահազանգ է եղել, ուղղորդել ես ընտրություններում։ Ասել եմ՝ դե քննություն սկսեք։ Քննություն չի եղել, գործը փակվել է»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031