Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստաթուղթ, ինչը ռեժիմը կստորագրի առաջիկա երկու ամիսներին». Հայկ Մարտիրոսյան

Օգոստոս 31,2021 17:50

«Պատրաստվում է խաղաղության պայմանագիր, սահմանազատման պայմանագիր, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստաթուղթ, որը ՀՀ-ն պատրաստվում է ստորագրել ի դեմս ռեժիմի: Սա պարտությունը դարձնելու է հարատև և հավերժական»,- «Հայացք» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ այս բոլոր փաստաթղթերի մեկտեղված ստորագրումն, ամենայն հավանականությամբ, փորձ է արվելու իրականացնել առաջիկա երկու ամիսներին:

Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ ամենամեծ խնդիրը ՀՀ-ում այն է, որ արհեստական պարտությունից հետո պարտությունը դարձվում է հարատև, շարունակական: Մինչդեռ ըստ նրա՝ պետք չէր Ադրբեջանի արհեստական հաղթանակը վերածել իրական հաղթանակի:

Նրա վստահեցմամբ՝ մեր բանակի մարտիկների կոտորումից, պարտությունից հետո պետք է թշնամանքը շարունակվեր թշնամու հանդեպ, յուրաքանչյուր նորմալ իրեն հարգող երկիր, որ կողմնակից է  արդարությանը, պետք է ոտքի կանգնելու, թշնամուն վնասելու մասին մտածեր, մինչդեռ ՀՀ-ում տեղի է ունենում հակառակը, առաջ են մղվում թշնամու շահերը. «Երկրի ռեժիմն ամեն ինչ անում է, որ թշնամին եռակի, քառակի հաղթանակներ արձանագրի մարտադաշտից դուրս: 1990-ականների արցախյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական գործողություններում հաղթանակը դեռ չի նշանակում հաղթանակ. այն հեշտությամբ կարող է պարտության վերածվել: Տեսանք՝ մեզ հետ ինչ տեղի ունեցավ»:

Հայկ Մարտիրոսյանը զգուշացնում է՝ այդ փաստաթղթերի ստորագրումը կարող է բերել գոյութենական աննկարագրելի դժվար հետևանքների. «Ռեժիմը թշնամուն կնվիրի իրավականորեն և պատմականորեն Հայաստանին պատկանող տարածքները: Միայն ժողովրդական զանգվածների վերելքը և ըմբոստությունը՝ ընդդեմ ռեժիմի կարող է լուծման ճանապարհ դառնալ»:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ Հայկ Մարտիրոսյանն ասաց. «Իրանին ամենևին դուր չի գալիս այն գաղափարը, որ ՀՀ-ն կարող է կորցնել Սյունիքը, քանի որ Իրանի համար Հայաստանը բարեկամական և անվնաս երկիր է և չի կարող ծառայել հարթակ Իրանի դեմ հարձակման համար, մինչդեռ ռուս-թուրքական սցենարների պարագայում դա լուրջ սպառնալիք է լինելու Իրանի համար»:

Հայկ Մարտիրոսյանը չի բացառում, որ թշնամին նախապատրաստում է հաջորդ ռազմական գործողությունները, թեև կարծում է, որ պատերազմ չի լինելու, քանի որ ՀՀ-ն ռեսուրս չունի: Ըստ նրա՝ իբրև բանակի բարեփոխումներ ներկայացվող գործողություններն իրականում միտված են բանակի թուլացմանը:

Նա ահազանգում է՝ արդեն սկսել են ամեն ինչ անել, որ Սյունիքը կտրեն Հայաստանից, և փաստացի միակ ճանապարհին՝ դեպի Սյունիք պատվարներ են կառուցվում, որտեղ իրենց կարող են ցանկացած բան թույլ տալ: Արցախի մասին էլ քաղաքագետն ասաց. «Արցախում անելու են ամեն ինչ, որպեսզի այն 25 տոկոս հատվածում էլ, որը ռուսական վերահսկողության ներքո է, իրենք իրականացնեն վերահսկողություն: Դա Ալիևի համար իշխանությունն անսասան պահելու խնդիր է»:

Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ լուծումը ՀՀ-ում ազգային իշխանության հաստատումն է: Նա մանրամասնեց. «Արցախից ռուսական օկուպացիոն զորքերի դուրսբերումն է լուծման ճանապարհ, միաժամանակ ՀՀ-ի հզորացումը, արևմուտքի հետ դաշնակցային հարաբերությունների արագ հաստատումն ու արևմտյան խաղաղապահների անմիջապես տեղակայումը՝ մասնավորապես սկանդինավների, որոնք իրականում ոչ թե կծառայեն Ադրբեջանին, այլ խաղաղություն և անվտանգություն կապահովեն հայ բնակչության համար՝ մինչև ՀՀ-ն պատրաստվի իր կորցրած տարածքներն ազատագրել և ոտքի կանգնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031